ՀՀ Անկախութեան հռչակագիր

ՀՀ Անկախութեան հռչակագիր

Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը՝ արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատուութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում, ելնելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանուանւում է Հայաստանի Հանրապետութիւն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետութիւնն ունի իր դրօշը, զինանշանը եւ հիմնը:

2. Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան պետութիւն է՝ օժտուած պետական իշխանութեան գերակայութեամբ, անկախութեամբ, լիիրաւութեամբ: Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը եւ օրէնքները:

3. Հաեօց պետականութեան կրողը Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդն է, որն իր իշխանութիւնը իրագործում է անմիջականօրէն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան եւ օրէնքների հիման վրայ: Հանրապետութեան ժողովրդի անունից հանդէս գալու իրաւունքը պատկանում է բացառապէս Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետութեան տարածքում բնակուող բոլոր քաղաքացիների համար սահմանւում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւնը: Արտէրկրի հայութիւնը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան իրաւունք ունի: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները գտնւում են նրա պաշտպանութեան եւ աջակցութեան ներքոյ: Հայաստանի Հանրապետութիւնը ապահւում է իր քաղաքացիների ազատ ու իրաւահաւասար զարգացումը՝ անկախ ազգութիւնից, ռասայական պատկանելութիւնից եւ դաւանանքից:

5. Հայաստանի Հանրապետութիւնը իր անվտանգութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագոյն խորհրդին ենթակայ սեփական զինուած ուժեր, ներքին զօրքեր, պետական եւ հասարակական անվտանգութեան մարմիններ: Հայաստանի Հանրապետութիւնը ունի ԽՍՀՄ սպառազինութեան իր մասնաբաժնի իրաւունքը: Հայաստանի Հանրապետութիւնն ինքն է որոշում իր քաղաքացիների զինուորական ծառայութեան կարգը: Այլ երկրների զօրամիաւորումները, նրանց ռազմական բազաները եւ շինութիւնները կարող են տեղաբաշխուել Հայաստանի Հանրապետութեան տարածքում միայն նրա Գերագոյն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը կարող են օգտագործուել միայն նրա Գերագոյն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականութիւն, անմիջական յարաբերութիւններ է հաստատում այլ պետութիւնների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմաւորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպութիւնների գործունէութեանը:

7. Հայաստանի Հանրապետութեան ազգային հարստութիւնը՝ հողը, ընդերքը, օդային տարածութիւնը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտաւոր, մշակութային կարողութիւնները, նրա ժողովրդի սեփականութիւնն է: Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշւում է Հայաստանի Հանրապետութեան օրէնքներով: Հայաստանի Հանրապետութիւնը ունի ԽՍՀՄ ազգային հարստութիւն, այդ թւում՝ ոսկու պաշարների, ալմաստի եւ վալիւտային ֆոնդերի մասնաբաժնի իրաւունք:

8. Հայաստանի Հանրապետութիւնը սեփականութեան բազմաձեւութեան հիման վրայ որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսաւարկային համակարգ, հարկային եւ մաքսային ծառայութիւններ:

9. Հայաստանի Հանրապետութիւնը իր տարածքում ապահւում է՝ խօսքի, մամուլի, խղճի ազատութիւն. օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների իրաւահաւասարութիւն, իրաւապահ մարմինների եւ զինուած ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետութիւնը ապահւում է հայերենի, որպէս պետական լեզուի, գործառութիւնը հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում հաեօց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:

12. Սոյն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան մշակման, իսկ գործող սահմանադրութեան մէջ՝ փոփոխութիւնների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունէութեան, հանրապետութեան նոր օրէնսդրութեան մշակման համար:

Share