ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն եւ Քրիս Սմիթը ներկայացրել են Արցախում իրականացուած էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ յորդորելով Բայդենի վարչակազմին անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ իր ցեղասպանական ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ։
Անդրադառնալով ներկայացուած բանաձեւին՝ Ան Էշուն յայտարարել է․ «Անցեալ տարի Լեռնային Ղարաբաղի վրայ ադրբեջանական յարձակումը բերեց էթնիկ հայկական համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ տարածաշրջանն անուանել է ՀԱՅՐԵՆԻՔ: Ադրբեջանի գործողութիւնները համապատասխանում են էթնիկ զտումների բոլոր սահմանումներին, եւ, որպէս այդպիսին, պէտք է դատապարտուէն: «Մեր բանաձեւը յստակ արձանագրում է հայ ժողովրդի դէմ իրագործուած վայրագութիւնները, նախանշում է այն կարեւոր քայլերը, որոնք ԱՄՆ-ն պէտք է ձեռնարկի հանուն արդարադատութեան եւ Ադրբեջանին, կատարուած յանցագործութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ»:
Քրիս Սմիթն իր հերթին նկատել է․«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ իրականացուած սարսափելի վայրագութիւնները եւ էթնիկ զտումները չէն ջնջում հայերի իրաւունքը՝ խաղաղ ու ազատ ապրելու իրենց հինաւուրց հայրենիքում եւ դաւանելու սեփական հաւատքը, հետեւելու սեփական սովորոյթներին եւ խօսելու իրենց սեփական լեզուով։ Մեր երկկուսակցական օրէնսդրութիւնը կոչ է անում Բայդենի վարչակազմին ակտիւօրէն աջակցել հայերի իրաւունքներին՝ ընդդէմ Ադրբեջանի կառավարութեան շարունակական յանցագործութիւնների՝ իր անողոք բռնապետ Իլհամ Ալիեւի առաջնորդութեամբ»։
Ներկայացուած նախագծով Ադրբեջանի կողմից Արցախի աւելի քան 100․000 հայութեան բռնի տեղահանումը ճանաչւում է որպէս էթնիկ զտում։ Ամերիկեան վարչակազմին կոչ է արւում հրապարակային վճռականութիւն ցուցաբերել նոյն նպատակով։ Բացի այդ, բանաձեւը կոչ է անում Միացեալ Նահանգներին նպաստել Հարաւային Կովկասում արդար եւ տեւական խաղաղութեան հաստատմանը, որը կապահովի ապօրինաբար կալանաւորուած բոլոր հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների, այդ թւում՝ Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ինչպէս նաեւ կերաշխաւորուի հայերի իրաւունքը՝ անվտանգութեան համապատասխան երաշխիքներով վերադառնալու իրենց տները։
Ներկայացուած բանաձեւը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Չհանդիպելով Արցախի էթնիկ զտումների համար որոշակի պատժամիջոցների՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ նոր բռնութիւններով՝ Հայաստանից աւելի միակողմանի զիջումներ կորզելու համար: Արդար եւ տեւական խաղաղութիւնը պէտք է սկսուի պատասխանատուութիւնից: Մենք ողջունում ենք ներկայացուցիչներ Էշույին եւ Սմիթին՝ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիան դատապարտելու հարցում իրենց համարձակ առաջնորդութեան համար»։
Նշէնք՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն արդէն իսկ սկսել է համագաղութային արշաւ՝ յանձնախմբի ինտերնետային ռեսուրսների միջոցով ամերիկահայութեանը յորդորելով կապուել իրենց շրջանների ներկայացուցիչների հետ՝ ներկայացուած բանաձեւն առաջ մղելու համար։
Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ Բայդենի վարչակազմին մասնաւորապէս կոչ է արւում նպատակաուղղուած պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարութեան պաշտօնեաների նկատմամբ, ովքեր մեղսակից են մարդու իրաւունքների ոտնայարմանը եւ կիրառել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրուող ռազմական օժանդակութեան կանոնադրական արգելքները՝ համաձայն «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ բաժնի պահանջների:
Ներկայացուած բանաձեւի տեսքտը հասանելի է հետեւեալ յղմամբ՝ https://anca.org/assets/pdf/062724_EshooSmith_Artsakh_text.pdf
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
28․ 06․ 2024թ․