Համագործակցաբար Եւրոպայի մի շարք հայկական կազմակերպութիւնների՝ մասնաւորապէս, Գերմանիայի «Մունք» նախաձեռնութեան եւ Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը սեպտեմբերի 13-ին, Բրիւսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Յիշատակի եւ յոյսի երեկոյ»։ Միջոցառման ժամանակ յիշատակուել է 2023 թուականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։
Երկու հազարամեակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ պապենական հայրենիքում, հայ չի մնացել։ Յիշատակի երեկոն համախմբել էր բելգիացի քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, կրօնական առաջնորդների եւ հայ համայնքի անդամների՝ ոգեկոչելու տեղի ունեցած հոգեւոր եւ մշակութային մեծ կորստի տարելիցը:
Հանդիպման ընթացքում կարեւորուել է Արցախում վտանգուած հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութեան հրատապ անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ անդրադարձ է կատարուել մարդասիրական այն ողբերգութեանը, որ շարունակում է ներազդել հայ ժողովրդի վրայ: Տարելիցի միջոցառմանն իր ներկայութեամբ պատուել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչութեան բռնի տեղահանումն ու Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութեանը սպառնացող վտանգը, ինչը ներառում է շուրջ 5000 յուշարձան։
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի ելոյթին յաջորդել է երաժշտական բաժին՝ Լորանս Անահիտ Մխիթարեանի (դաշնամուր), Վարդան Հովհաննիսեանի (դուդուկ) եւ Մարիայ Աբաջան-Շաբերի (օպերայ) կատարումներով:
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանն իր խօսքում նշել է. «Արցախի բռնի հայաթափումը վէրք է իւրաքանչիւր հայի սրտում եւ մարդու հիմնարար իրաւունքների խախտում, որը չպէտք է անտեսուի միջազգային հանրութեան կողմից: Մենք կը շարունակէնք անխոնջ աշխատել՝ ապահովելու, որ աշխարհը քաղաքական օրակարգում պահի Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ որ վերականգնուէն նրա ժողովրդի իրաւունքները, մասնաւորապէս՝ հաւաքական վերադարձի իրաւունքը։ Այսպիսի միջոցառումները կենսական նշանակութիւն ունեն եւ՛ մեր կորուստը ոգեկոչելու, եւ՛ միջազգային հանրութեանը տեղեկացնելու Արցախի հայութեան անօտարելի իրաւունքների, ինչպէս նաեւ նրա վտանգուած մշակութային ժառանգութեան եւ ինքնութեան պաշտպանութեանն ուղղուած քայլերի ձեռնարկման անհրաժեշտութեան մասին»։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
17/09/2024թ