Ռէյիսին՝ Ալիեւին յիշեցրել է՝ պատմական սահմանների ցանկացած փոփոխութիւն անընդունելի է

Ռէյիսին՝ Ալիեւին յիշեցրել է՝ պատմական սահմանների ցանկացած փոփոխութիւն անընդունելի է

Հինգշաբթի հոկտեմբերի 13-ին Աստանայում կայացած «Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների խորհրդակցութեան (CICA)» գագաթնաժողովի  շրջանակում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Իրանի նախագահի մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ նախագահ Ռէյիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը յարգելու անհրաժեշտութիւնը՝ ընդգծելով, որ Իրանը դէմ է տարածաշրջանի պատմական եւ աշխարհաքաղաքական սահմանների եւ Իրանի ու Հայաստանի տարանցիկ կարգավիճակի ցանկացած փոփոխութեան։ Յաւելելով որ Իրանը նաեւ դէմ է Կովկասեան տարածաշրջանում օտարերկրեայ ռազմական ներկայութեանը ցանկացած պատրւակով։ 

Իրանի նախագահը յիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն առաջին երկիրն է, որը «ողջունել է Լեռնային Ղարաբաղի ազատագրումը», յաւելել է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր մեծ ներուժը՝ Երեւանի եւ Բաքւի միջեւ տարաձայնութիւնները լուծելու համար։

Իր հերթին Ալիեւը Իրանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային իրադարձութիւնների եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բազմակողմ բանակցութիւնների վերջին կարգավիճակի, այդ թւում՝ Պրահայում հանդիպումների մասին։ Նա նաեւ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետութեան միջազգային սահմանները պահպանելու եւ յարգելու անհրաժեշտութիւնը։

Միաժամանակ, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Twitter-ում գրել է. «Նախագահ Ռէյիսին Ադրբեջանի նախագահ Ալիեւին հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականութեան եւ Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխութիւն անընդունելի է: Նաեւ մերժւում է եւրոպական ռազմական ներկայութիւնը ցանկացած պատրւակով: Արեւմուտքը չի կարող ռազմավարական առումով շեղել մեզ»։

Share