Միացեալ Նահանգների փոխպէտքարտուղար Քուրթ Քեմփբելը եւ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բուրաք Աքչափարը քննարկել են խաղաղութիւնը Հարաւային Կովկասում, հաղորդում է ԱՄՆ Պետդէպարտամենտի խօսնակ Մեթյու Միլլերը:
Հանդիպումը կայացել է երէկ Վաշինգտօնում, ուր այցելում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխաւորած պատուիրակութիւնը:
Միլլերի փոխանցմամբ՝ Քեմփբելը եւ Աքչափարը քննարկել են «տարածաշրջանային եւ համաշխարհային առաջնահերթութիւնների շուրջ ԱՄՆ-Թուրքիայ ռազմավարական համագործակցութեան յետագայ ընդլայնման հարցերը», Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցութիւնը եւ «Ասիայում ու դրանից դուրս համատեղ աշխատելու այլ հնարաւորութիւնները»:
Քուրթ Քեմփբելը մի ամիս առաջ է նշանակուել ԱՄՆ պէտքարտուղար: Նրա պաշտօնական կենսագրութեան համաձայն՝ 67-ամեայ դիւանագէտը երիտասարդ տարիներին, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, որոշ ժամանակ ուսանել է Խորհրդային Հայաստանում՝ Երեւանի պետական համալսարանում երաժշտութիւն եւ քաղաքական փիլիսոփայութիւն ուսումնասիրելով։
Նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքում հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը քննարկել էին Թուրքիայի արտգործնախարարը եւ Սպիտակ տան ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջեյք Սալիւանը:
Աղբիւր՝ azatutyun.am