Անկախ ամէն ինչից՝ մենք Բերձորը պէտք է շրջանցենք. Արայիկ Յարութիւնեանը պատասխանել է պատգամաւորի հարցմանը

Անկախ ամէն ինչից՝ մենք Բերձորը պէտք է շրջանցենք. Արայիկ Յարութիւնեանը պատասխանել է պատգամաւորի հարցմանը

aravot.am

«Ըստ նոյեմբերի 9-ի յայտարարութեան, Լաչինի միջանցքով երեք տարուայ ընթացքում պէտք է նախագծուեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ: Ներկայումս մէզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է եւ դուրս է 5 կիլօմետր լայնութիւնից, որի պատճառով էլ ի յայտ է եկել Բերձոր, Աղաւնոյ եւ Սուս համայնքների հայաթափման հարցը: Հայաստանի վարչապետն ասում է, որ այս երթուղու ընտրութեան հարցում ԱՀ իշխանութիւնները ներգրաւուած են եղել եւ մենք առաջնորդուել ենք իրենց նախընտրութիւններով: Արդեօք այս նոր կառուցուող ճանապարհը կապ ունի՞ 6-րդ կէտում նկարագրուած ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցեեւ բարձրակարգ: Ձեր կողմից տրուե՞լ է համաձայնութիւն, ե՞րբ եւ համաձայնութիւն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշուած բնակավայրերի հայաթափման հարցը»,- այսօր Արցախի խորհրդարանում՝ դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանին՝ հարցրեց ընդդիմադիր «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը:

Արայիկ Յարութիւնեանը պատասխանեց. «Կապուած երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկութիւն՝ եւ Ադրբեջանի կողմից, եւ ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկութիւնները մերժուել են: Գործող մայրուղին, աւելի ճիշտ առաջարկուողը, քննարկուել է մի քանի անգամ՝ Անվտանգութեան խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկայ բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մէզ, լաւագոյն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հէնց հիմք ընդունելով անվտանգային յետագայ մեր խնդիրը: Ճանապարհն աւարտուելուց յետոյ, մենք հնարաւորութիւն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյօք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ աւելի անվտանգ է լինելու՝ բազմաթիւ անվտանգային խնդիրներ հաշուի առնելով»: Նա խոստացաւ անվտանգային մանրամասները փակ դահլիճում ներկայացնել: Ինչ վերաբերւում է հայաթափմանը վերաբերուող պատգամաւորի հարցին, Արայիկ Յարութիւնեանն ասաց, որ նման հարց չի քննարկուել եւ, որ խօսքը միայն Աղաւնոյ բնակավայրի մասին է, քանի որ 2020 թուականի նոյեմբերի 9-ին յայտարարութեան 6-րդ կէտում գրուած է, որ մենք պէտք է Բերձոր քաղաքից դուրս գանք: Իսկ Աղաւնոյի մասով՝ ԱՀ իշխանութիւնները բանակցութիւնները շարունակում են տանել:

«Մենք որեւէ մէկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից»,- ասաց Արայիկ Յարութիւնեանը՝ աւելի ուշ յաւելելով, որ Սուս գիւղում մենք այսօր համարեայ բնակիչ չունենք, նաեւ, որքան գիտի, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները:

«Անկախ ամէն ինչից՝ մենք Բերձորը պէտք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների յետագայում ապրելու հնարաւորութիւնը շատ քիչ եմ համարում, Աղաւնոյում շարունակելու ենք մեր պայքարը»:

Մետաքսէ Յակոբեանը այդ պատասխանից փաստեց, որ 6-րդ կէտի շրջանակներում չէ այն, ինչը որ կատարուել է եւ կրկին մէջբերեց Նիկոլ Փաշինեանի ասուլիսում հնչեցրած յայտարարութիւնները, որ երթուղու փոփոխութիւն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չէն գտնւում Լեռնային Ղարաբաղի ինքնաւար մարզի նախկին սահմանի մէջ՝ անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեան տակ.

«Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարութեան որոշումներով լուծում ենք, նաեւ բնակիչները պիտի բնակարանով ապահւուէն։ Լաչինում այսօր մարդիկ, ընտանիքներ չէն ապրում, Աղաւնոյ գիւղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարութեան միջոցներով, կարծում եմ, կը լուծուէն։ Սուս գիւղի վերաբերեալ չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին տեղեկութիւններ չունեմ։ Արցախի կառավարութեան հետ քննարկելիս Սուս գիւղի անուն չի շոշափուել»:

Նիկոլ Փաշինեանի ասածներից ելնելով՝ պատգամաւորը նկատեց, որ ՀՀ վարչապետն ամէն կերպ փաստում էր, որ իւրաքանչիւր հարց քննարկուել է ԱՀ իշխանութեան հետ ու հետաքրքրուեց՝ եթէ ամէն բան պարզ է եւ ամէն բան համաձայնեցրել եք, ինչո՞ւ հանրութեանը չեք տեղեկացնում՝ ի՞նչ է իրենց սպասւում «Աղաւնոյի հետ կապուած ՀՀ վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ բանակցութիւններ ենք տանում, թողեք մեր բանակցային շրջանակներում տեսնենք թէ ի՞նչ հնարաւորութիւններ կան»,- ասաց Արայիկ Յարութիւնեանը՝ յաւելելով, որ հարցը երբեք գաղտնի չի եղել, ՀԿ-ների, քաղաքական ուժերի հետ բոլոր հանդիպումներում մայրուղու թեման միշտ քննարկել են:

Այլ մանրամասները՝ տեսանիւթում

Share