Լեմկինի անւան Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի ահազանգը  Ադրբեջանի մասին

Լեմկինի անւան Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի ահազանգը Ադրբեջանի մասին

Լեմկինի անուան  Ցեղասպանութեան կանխարգելման  ինստիտուտը հրապարակել է «Կարմիր դրօշի» նոր ահազանգ Ադրբեջանի համար։

«Մենք դատապարտում ենք շարունակւող ատելութեան խօսքը, սպառնալիքները եւ վայրագութիւնները Արցախում եւ նրա սահմաններից դուրս հայ ժողովրդի եւ մշակութային  ժառանգութեան դէմ։

Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածուած  տեսանիւթում երեւում է, թէ ինչպէս է մօտակայ հայկական գերեզմանոցից փորուած ու հանած գանգը ադրբեջանցի զինւորը կապում զինւորական բեռնատարի հետեւի մասում, իսկ  ծառայակիցներն ուրախանում են:

Այս նոր ակնյայտ վայրագութեան հետեւանքով Լեմկինի անուան  Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրօշով  ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերի դէմ սպառնացող ցեղասպանութեան մասին, ինչպէս  Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում (Արցախ), այնպէս էլ Հայաստանում:

Գերեզմանների, շիրիմների պղծումը  ցեղասպանութեան մէջ սովորաբար դիտւող վայրագութիւն է, քանի որ  այն ձգտում է թիրախաւորել, նուաստացնել, ոչնչացնել ինքնութիւնը եւ  ժխտել թիրախային խմբի արժանապատւութիւնը նոյնիսկ մահից յետոյ։

Ցեղասպանութեան վայրագութեան վտանգը մեծ է յատկապէս հիմա՝ հաշուի առնելով վերջին լուրերը  հայաբնակ Աղաւնօ եւ Բերձոր քաղաքները Ադրբեջանին յանձնելու, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի շարունակական փաստագրուած խախտումների մասին։

Հայաստանի Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը յայտնել է, որ ադրբեջանցի զինւորները զանգուածաբար կենդանիներ են մորթում եւ նրանց օրգանները թողնում շրջանի հայ գիւղացիների կողմից օգտագործւող ջրի աղբիւրներում եւ թունաւորում ջրամատակարարումը։

Թաթոյեանը նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինւորները կրակում են իրենց դաշտերում աշխատող հայ գիւղացիների վրայ, ինչը վտանգում է ինչպէս գիւղացիների ապրուստը, այնպէս էլ Աղաւնոյի եւ Բերձորի գիւղացիների սննդի կարեւոր աղբիւրը»,-ասուած է յայտարարութեան մէջ։

Share