Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէի Բաքուի պատուիրակութեան ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակոյ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայանին, պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին։
«Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալուածներին հնարաւորութիւն է տրուել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրոյցում ասաց ԿԽՄԿ երեւանեան պատուիրակութեան հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ ի պատասխան այն հարցի, թէ արդյօք համապաատասխանում է իրականութեանը ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրութիւնը, ըստ որի ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարութեանը։
«Հոկտեմբերի ընթացքում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում եւս մէկ անգամ այցելել են նախկինում ձերբակալուած բոլոր հայերին։ Այցի ընթացքում նրանց հնարաւորութիւն է տրուել կապի տարբեր միջոցներով կապ հաստատել հարազատների հետ»,- յաւելեց Զառա Ամատունին։
ԿԽՄԿ աշխատակիցները Բաքւում այցելել են Ռուբէն Վարդանեանին, Արայիկ Յարութիւնեանին եւ միւս կալանաւորուածներին
Հոկտեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները Բաքւում այցելել են Արցախին նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Յարութիւնեանին եւ միւս կալանաւորուածներին:
Այս մասին, ինչպէս նշում են տեղի լրատուամիջոցները, յայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
Նշուել է, որ առանձնազրոյցներ են տեղի ունեցել ձերբակալուածների հետ եւ պայմաններ են ստեղծուել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար:
«Նրանց հետ առանձնազրոյցներ են եղել, պայմաններ են ստեղծուել ընտանիքների հետ շփումների համար։ ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն այցելութիւնների ժամանակ գնահատում է կալանքի տակ գտնուող անձանց պահման եւ վերաբերմունքի պայմանները, պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար»,-նշել է Հուսեյնովան։