Կարմիր խաչի աշխատակիցները Բաքւում այցելել են օկուպացուած Արցախի նախկին ղեկավարներին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքւում այցելել են օկուպացուած Արցախի նախկին ղեկավարներին

Յուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտէի աշխատակիցները կրկին այցելել են օկուպացուած Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք ապօրինաբար պահւում են Բաքւում: Այս մասին յայտնել է ԿԽՄԿ Բաքուի ներկայացուցչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Վերջինիս խօսքով՝ նրանց հետ անյատական հանդիպումներ են անցկացուել, պայմաններ են ստեղծուել իրենց ընտանիքների հետ շփուելու համար։

Այցելութիւնների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանաւորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները եւ հնարաւորութիւն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։

Նախորդ ամիս հաղորդուել էր, որ օկուպացուած Արցախի Հանրապետութեան նախկին իշխանութիւնների դէմ քրէական գործերը շուտով կփոխանցուէն դատարան։ Այս մասին օկուպացուած Ստեփանակերտում ասել էր Ադրբեջանի գլխաւոր դատախազ Քեամրան Ալիեւը։

Նրա խօսքով՝ 15  մարդու վերաբերեալ քննչական գործողութիւններն արդէն աւարտուած են:

«Նրանց բոլոր իրաւունքներն ապահւուած են ներքին օրէնսդրութեան եւ միջազգային կոնուենցիաներին համապատասխան, նրանք ապահւուած են փաստաբաններով եւ թարգմանիչներով: Այս պահին մեղադրեալները, փաստաբանները եւ տուժողները ծանօթանում են քրէական գործի նիւթերին։ Ծանօթացման փուլն աւարտելուց յետոյ մեղադրական եզրակացութիւնը կը ներկայացուի դատարան»,- ասել է Ադրբեջանի գլխաւոր դատախազը։


Նշէնք, որ օկուպացուած Արցախի նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասեանի, Բակոյ Սահակեանի, Արայիկ Յարութիւնեանի, ինչպէս նաեւ նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դաւիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի, Արցախի Պաշտպանութեան բանակի գեներալներ Լեւոն Մնացականեանի, Դաւիթ Մանուկեանի կալանքը երկարացուել էր եւս 4 ամսով։

Share