ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։
Դանիայի նախկին վարչապետ եւ Հիւսիսատլանտեան դաշինքի նախկին գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարուող «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թւում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ եւ դիւանագէտներ, պատրաստել է զեկոյց, որում անդրադադարձ է կատարւում Հայաստանի ու Եւրոպական Միութեան միջեւ յարաբերութիւններին, դրանց յետագայ ամրապնդման անհրաժեշտութեանը, Հայաստանի՝ կազմակերպութեանը վերջնական անդամակցելուն, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասում առկայ իրադրութեանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։
Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է զեկոյցից, հեղինակներն ընդգծում են այն քայլերը եւ գործողութիւնները, որոնք Եւրոպական Միութիւնը պէտք է իրականացնի՝ հաշուի առնելով Հայաստանի համար առկայ խնդիրներն ու սպառնալիքները։
Զեկոյցի հեղինակների կարծիքով՝ այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու եւ էական աջակցութիւն ցուցաբերելու Հայաստանի Հանրապետութեանը։
Զեկոյցում նշւում է, որ Եւրոպական Միութիւնը նախկինում դժկամութեամբ է վերաբերուել անվտանգութեան ոլորտում Հայաստանի հետ համագործակցութեանն այն պատճառով, որ կազմակերպութիւնը միջնորդական դեր պահպանելու ցանկութիւն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացուող քաղաքականութիւնը ցոյց է տուել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռուած չէ խնդիրների՝ բանակցային կարգաւորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դէմ յարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պէտք է վերակողմնորոշի իր ներգրաւուածութիւնը տարածաշրջանում, որպէսզի միջնորդելու փոխարէն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականութիւնը՝ կանխելու մէկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտութիւն կայ ուժեղացնել Եւրամիութեան եւ Հայաստանի միջեւ համագործակցութիւնն անվտանգութեան ոլորտում ինչպէս կարճաժամկէտ, այնպէս էլ երկարաժամկէտ հեռանկարում։
Համահեղինակներն ընդգծում են, որ ԵՄ-ն պէտք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտէզ՝ դէպի ընդլայնուած յարաբերութիւններ: Սա ներառում է Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը։ Նման առաջարկը պէտք է պաշտպանուած լինի իրական, բովանդակային աջակցութեամբ։
Ներկայացուած զեկոյցում նշւում է, որ Հայաստանը յայտնուել է անվտանգութեան խիստ անկայուն միջավայրում՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել եւ ազդանշան է տալիս, որ Հայաստանի դէմ յարձակման է պատրաստւում։
Զեկոյցը յիշեցնում է, որ Ադրբեջանի կողմից դեռեւս 2021 եւ 2022 թուականների յարձակման հետեւանքով Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլօմետր սւուերէն տարածք գտնւում է օկուպացիայի տակ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ինքնիշխանութեան համար, իսկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին՝ զեկոյցում ասւում է, որ դրանով Բաքուն Երեւանի դէմ յետագայ յարձակման համար փորձում է տեղեկատուական դաշտ ապահովել։
Մատնանշւում է նաեւ նախագահ Ալիեւի սպառնալիքներն՝ ուղղուած ՀՀ մայրաքաղաք Երեւանին, որի նկատմամբ եւս Ադրբեջանը չի թաքցնում իր յաւակնութիւնները։ Միեւնոյն ժամանակ, նշւում է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք պահանջել, որը չստանալու դէպքում սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ օկուպացնելու համար ՀՀ Սիւնիքի մարզը։
Զեկոյցի հեղինակներն ընդգծում են, որ Թուրքիան եւս կարող է իր մասնակցութիւնն ունենալ, քանզի շարունակում է սերտօրէն կապուած լինել Ադրբեջանի հետ՝ հրաժարուելով բացել սահմանները Հայաստանի հետ եւ ճնշում գործադրելով վերջինիս վրայ։ Այդուհանդերձ, արձանագրւում է տարածաշրջանում Թուրքիայի դերի կարեւորութիւնը եւ խօսւում Հայաստանի հետ յարաբերութիւնները բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտութեան մասին։
Հաշուի առնելով վերոնշեալ բոլոր հանգամանքները՝ զեկոյցում ընդգծւում է, որ անհրաժեշտ է աւելացնել ռազմական օգնութիւնը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարեւոր քայլ կը լինի, որպէսզի Հայաստանն աւելացնի իր պաշտպանական կարողութիւնները եւ կարողանայ դիմագրաւել Ադրբեջանի յարձակումներին։
Խոսքը վերաբերում է ինչպէս համատեղ վարժանքներին ու զօրավարժութիւններին, այնպէս էլ եւրոպական երկրների հետ ռազմական յարաբերութիւնների սերտացմանը։ Այս քայլով Եւրոպական Միութիւնը նաեւ կարեւոր ազդակ կ’ուղարկի Բաքուին եւ Անկարային։
Այս համատեքստում զեկոյցի համահեղինակները կարեւորում են նաեւ ՀՀ զինուած ուժերի բարեփոխումը եւ արդիականացումը՝ յաւելելով, որ Հայաստանը նոյնպէս ժամանակակից արեւմտեան տեխնիկայի կարիք ունի։
Անդրադառնալով նաեւ Հայաստանի անդամակցութեանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը՝ հեղինակները նշում են, որ այն քիչ արժէք ունի Հայաստանի համար անվտանգութեան առումով, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացուած յարձակումներից յետոյ աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ իր պարտաւորութիւնների կատարմամբ, ինչի արդիւնքում էլ ՀՀ-ն փաստացի սառեցրել է իր անդամակցութիւնը կազմակերպութեանը՝ փորձելով դիւերսիֆիկացնել իր անվտանգութեան մեխանիզմները։
Բացի այս, զեկոյցում ասւում է, որ Հայաստանի համար կարեւոր դեր կարող է ունենալ Թուրքիայի հետ զուսպ եւ ուղիղ երկխօսութիւնն ու յարաբերութիւնների կարգաւորումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը։