Նարեկ Ալեքսանեան
hetq.am
Յունիսի 9-ին Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահաւաքը, որի ընթացքում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը յայտարարեց իրենց գործողութիւնների օրակարգը․
«Այս ժողովրդի պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամաւորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ յունիսի 11-ին՝ ժամը 18։30-ին, Կառաւարութեան հրաժարականի եւ նոր կառավարութիւն ձեւաւորելու օրակարգով։ Համաժողովրդական պահանջի հիման վրայ խորհրդարանը իր արտահերթ նիստով հաւանութիւն է տալիս գործող կառավարութեան հրաժարականին եւ նոր կառավարութիւն ձեւաւորելու որոշմանը»։
Հանրահաւաքից յետոյ քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ երթով շարժուեցին դէպի Բաղրամեան պողոտայ, որտեղ Ազգային ժողովի շէնքի մօտ՝ Բաղրամեան-Դեմիրճեան խաչմերուկում, նրանց առաջ կանգնած էր ոստիկանական շղթան։ Որոշ ժամանակ Ոստիկանութեան հետ բանակցելուց յետոյ, որ ճանապարհը բացուի եւ երթը շարունակուի, քաղաքացիների մի մասը մնաց այդ հատուածում, միւս մասը՝ Սրբազանի առաջնորդութեամբ շրջանցեց Դեմիրճեան փողոցը Պռոշեան փողոցով եւ շարժուեց դէպի Դեմիրճեան փողոցի միւս ծայրը, որտեղ Պռոշեան-Դեմիրճեան հատուածում նոյնպէս ոստիկանական պատ էր կազմուած։ Այդ հատուածում իրավիճակը որոշ պահերի պարբերաբար լարւում էր, յետոյ՝ հանդարտւում։ Ոստիկանութեան հետ հրմշտոցներից յետոյ երթը կրկին վերադարձաւ Բաղրամեան-Դեմիրճեան խաչմերուկ, որտեղ Բագրատ Սրբազանը յայտարարեց, որ մնալու են այդտեղ։ Այդպիսով սկսուեց վրանային նստացոյց, որը շարունակւում է մինչ այժմ։
Հրապարակում կառավարութեան եւ վարչապետ Փաշինեանի հրաժարականի պահանջով հանդէս եկող «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը յայտարարել էր․- «Մենք իրար չենք դաւաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դաւաճանելու, չեմ ուրանալու, ինչպէս որ համոզուած եմ, որ իւրաքանչիւրդ էլ այդպէս եք վարուելու։ 4 օր՝ 96 ժամ մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում եւ մեր հաստատակամութեամբ ու կամքով հասնելու ենք յաղթանակի»։