Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը Թեհրանում իր հայաստանցի գործընկեր՝ Արարատ Միրզոյեանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է.-«Թեհրանը եւ Երեւանը ընդգծում են տարանցիկ ուղիների կարեւորութիւնը, պարոն Իլհամ Ալիեւը վստահեցրել է, որ չի ձգտի փակել Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմական ճանապարհը»։
Մամուլի ասուլիսում Ամիր Աբդոլլահեանը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման եւ քննարկուած հարցերի շուրջ ասել է.-«Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ յարաբերութիւնները։Մենք ունենք խորը պատմական յարաբերութիւններ Հարաւային Կովկասում գտնուող երկրների հետ։ Հարաւային Կովկասն առանձնայատուկ նշանակութիւն ունի Իրանի քաղաքականութեան մէջ։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցութիւններում գրանցուած առաջընթացը։ Իրանը ակտիւօրէն կենտրոնացած է տարածաշրջանում երկխօսութեան եւ խաղաղութեան ուղու վրայ»։
«Ադրբեջան կատարած իմ այցը եւ Հայաստանի արտգործնախարարի հետ այսօրուայ հանդիպումը եւ վերջերս պարոն Փաշինեանի Իրան այցը կատարուել են Կովկասեան տարածաշրջանի՝ կայուն խաղաղութեան ու անվտանգութեան վրայ կենտրոնանալու Թեհրանի ջանքերի շրջանակում: Տարածաշրջանի երկրների միջեւ երկխօսութեան եւ խորհրդակցութիւնների ամրապնդումը կարեւոր դեր ունի ընդհանուր փոխըմբռնման հասնելու համար», ասել է Ամիր Աբդոլլահեանը:
Նա յաւելել է,-«Կովկասը չպէտք է դառնայ երկրների միջեւ հակամարտութեան դաշտ: Մենք այսօր առաւօտեան խօսել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցութիւնների շուրջ։ Մենք համոզուած ենք, որ պատերազմի վրայ հիմնուած կարգուկանոնի ժամանակներն անցել են, եւ այժմ տարածաշրջանում պէտք է տիրի խաղաղութեան վրայ հիմնուած կարգուկանոն, խաղաղութիւն, որը վերացրած կը լինի պատերազմի հիմքերը։ Այս խաղաղութիւնը պահանջում է կառավարութիւնների եւ ժողովուրդների համագործակցութիւն: Ցանկացած բանակցութիւն պէտք է իրականացուի հաւասարակշռուած մթնոլորտում եւ կողմերի հայեցողութեամբ եւ ունենայ շօշափելի արդիւնքներ»։
Հայաստանի Հանրապետութեան ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը համատեղ ասուլիսում ասել է,-«Հայաստանի համար Իրանի հետ պատմական հարուստ յարաբերութիւններն առանձնայատուկ նշանակութիւն ունեն, եւ կարելի է ասել, որ նման հանդիպումները յարաբերութիւնների զարգացման երկարաժամկէտ հեռանկար ունեն։ Իրանը միշտ մեր բարեկամն է լինելու:Փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած երկու կողմերի յարաբերութիւններն ընդլայնւում են»:
Նա յաւելել է.-«Հաշուի առնելով առեւտրային փոխանակումների ծաւալը եւ այն՝ երեք միլիարդ դոլարի հասցնելը, մենք նկատի ունենք տնտեսական համագործակցութեան անհրաժեշտութիւնը։ Մեզ համար կարեւոր է Հիւսիս-Հարաւ միջանցքի իրականացումը»:
Միրզոյեանը նաեւ ասել է.- «Բանակցութեան միւս թեման եղել է Հարաւկովկասեան տարածաշրջանում կայունութեան հաստատման անհրաժեշտութիւնը»։
Հայաստանի Հանրապետութեան ԱԳ նախարարը յաւելել է.-«Իրանի սահմանների հետ կապուած մենք բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականութեան վերաբերեալ ։ Եւս մէկ անգամ յայտարարում եմ ընդհանուր եւ փոխադարձ շահերի վրայ հիմնուած հարեւան երկրների հետ յարաբերութիւնները խորացնելու Հայաստանի ղեկավարների քաղաքական վճռականութիւնը»։
Արարատ Միրոզեանն այս հանդիպման ժամանակ Ամիր Աբդոլլահեանին է փոխանցել Իրանի նախագահին ուղղուած Հայաստանի վարչապետի հրաւէրը: