Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ առանց Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգութեան ապահովման ու իրավիճակի ընդհանուր բարելաւման դժուար է առաջ շարժուել խաղաղութեան պայմանագրի կոնկրէտ ասպեկտներով։ Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգեյ Լաւրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից յետոյ։
«Քննարկման առանձին թեմայ էր խաղաղութեան պայմանագիրը։ Դրա ուղղութեամբ կողմերը սկսել են աշխատել, եւ այն այժմ ակտիւօրէն քննարկւում է, այդ թւում՝ այլ միջնորդների ներգրաւմամբ։ Ինչպէս գիտեք, հայ եւ ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտօն, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մէկ շաբաթ առաջ եղել են Բրիւսելում։
Խաղաղութեան պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցութիւնների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգութեան ապահովման եւ իրավիճակի ընդհանուր բարելաւման շատ դժուար է առաջ շարժուել խաղաղութեան պայմանագրի կոնկրէտ ասպեկտներով»,- ասել է Լաւրովը։