Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «ՌԴ-ն ամէն ինչ անում է հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կարգաւորելու եւ Երեւանի ու Բաքուի միջեւ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար»։
«Մենք արել եւ անում ենք ամէն ինչ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կարգաւորելու եւ Անդրկովկասում կայուն խաղաղութիւն ապահովելու համար։
Մենք կը շարունակէնք աջակցութիւն ցուցաբերել խաղաղութեան պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման եւ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին»,- ասել է ՌԴ նախագահը՝ օտարերկրեայ դեսպանների հաւատարմագրերը ընդունելու արարողութեան ժամանակ:
Նա ուշադրութիւն է հրաւիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների «արդիւնաւետ զրոյցի վրայ».
«Չեմ կարող չյայտնել իմ գոհունակութիւնը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն օգտուեցին Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից եւ արդիւնաւետ զրոյց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղութեան եւ ազգամիջեան ներդաշնակութեան հասնելու հետ կապուած հիմնարար հարցերի շուրջ»:
Այսօր Ռուսաստանի նախագահին իր հաւատարմագիրն է յանձնել նաեւ Հայաստանի դեսպան Գուրգէն Արսենեանը: