«alikonline.ir» — Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ յարաբերութիւններին եւ ԼՂ հակամարտութեանն առնչուող խնդիրների։ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յայտարարել է, թէ Իրանը դէմ կը լինի Հայաստանի հետ սահմանը փակելու քաղաքականութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նաեւ գոհունակութիւն է յայտնելով Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու կապակցութեամբ եւ յաւելել է, որ եթէ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու քաղաքականութիւն լինի, ապա Իսլամական Հանրապետութիւնը դէմ կը լինի նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարաւոր տարուայ վաղեմութիւն ունեցող հաղորդակցութեան ճանապարհ է:
Այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նաեւ շահաւէտ է համարել տարածաշրջանում Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցութեան զարգացումը` նշելով, որ Իրանն ու Թուրքիան դժւար ժամանակների բարեկամներ են:
Միաժամանակ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռէյիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների յարաբերութիւնները զարգանում են լաւ տեմպերով: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խօսքով, այդ յարաբերութիւնները զգալի ներդրում ունեն սիրիական կարգաւորման գործում, իսկ առեւտրի առումով երկրները կարող են պարծենալ ռեկորդային թւերով։
«Մենք կարող ենք պարծենալ առևտրի աճի ռեկորդային թւերով։ Մենք ամրապնդում ենք մեր համագործակցութիւնը միջազգային անվտանգութեան ոլորտում՝ զգալի ներդրում ունենալով սիրիական ճգնաժամի կարգաւորման գործում»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռէյիսին իր հերթին յոյս է յայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան շրջադարձային կը դառնայ երկու երկրների յարաբերութիւնների զարգացման համար։
«Ես մեծ յոյս ունեմ, որ Ձեր պաշտօնական այցը Իրան շրջադարձային փուլ կը դառնայ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման համար»,- նշել է Ռէյիսին:
Յուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորած պատւիրակութեան Իրան կատարած պաշտօնական այցի ընթացքում Իրանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրւել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր:
Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչութիւնների ղեկավարներ։
Թուրքիայի եւ Իրանի նախագահները պաշտօնական հանդիպումներից եւ փաստաթղթերի ստորագրումից յետոյ հանդէս են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Գրում է «Արմէնպրես»-ը:
Անդրադառնալով տնտեսական կապերին՝ Էրդողանը յիշեցրել է, որ կողմերը նախկինում առեւտրի համար տարեկան 30 միլիարդ դոլարի թիրախ էին սահմանել։ «Ցաւօք, համաճարակի պատճառով այս ցուցանիշը դեռ 7.5 միլիարդ դոլարի մակարդակում է։ Թուրքիան պատրաստ է ակտիւ համագործակցութեան Իրանի հետ, այդ թւում՝ պաշտպանական ոլորտում»,- ասել է Էրդողանը։
Խօսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ նախագահ Էրդողանն ասել է, որ (Թեհրանում կայանալիք Թուրքիա-ԻԻՀ-ՌԴ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում-Խմբ.) գնահատւելու է Աստանայի ձեւաչափը եւ փորձ է արւելու ակտիւացնել այդ գործընթացը։
Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան եւ իրանը շարունակելու են պայքարել իրենց դէմ ուղղւած այսպէս կոչւած ահաբեկչական կազմակերպութիւնների դէմ, որոնք սպառնալիք են հանդիսանում իրենց համար:
«Կարեւոր է սերտօրէն համագործակցել այս չարիքի դէմ պայքարում»,- ընդգծել է նա։
Իրանի նախագահը ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել Թուրքիայի եւ Իրանի միջեւ համատեղ արդիւնաբերական ընկերութիւնների ստեղծման վերաբերեալ, եւ որ կողմերը շահագրգռւած են երկարաձգել բնական գազի մատակարարման համաձայնագիրը, որի 25-ամեայ ժամկէտը մոտենում է աւարտին:
Ռէյիսին նշել է, որ առեւտրի ցուցանիշները չեն համապատասխանում երկու երկրների տնտեսական կապերի ներուժին։
«Թեհրանն ու Անկարան 30 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառութեան նպատակ են դրել: Դրան հասնելու համար անհրաժեշտ է երեք անգամ աւելացնել ընթացիկ ցուցանիշները»,- ասել է Ռէյիսին։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ռէյիսին նշել է, որ Իրանն ու Թուրքիան աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականութեանը։
Ռէյիսին Թուրքիայի նախագահի ներկայիս այցը Թեհրան անւանել է «շրջադարձային» երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում։