ՀՀ կառավարութեան շէնքի մօտ օգոստոսի 8- երեկոյեան «Արցախի Հանրապետութեան ճանաչում» քաղաքացիական նախաձեռնութեան անդամները ակցիա անցկացրին՝ ի պաշտպանութիւն Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի։Կառավարութեան շէնքի մօտ յայտարարութեամբ հանդէս եկաւ նախաձեռնութեան անդամ Նարեկ Այւազեանը:
«Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների առաջ դրւում է ապօրինի պահանջ՝ լքել իրենց հայրենի տները՝ նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը: Պահանջում ենք Հայաստանի ու Արցախի կառավարութիւններից թոյլ չտալ նոյեմբերի 9-ի յայտարարութեան 6րդ կէտի այնպիսի մեկնաբանութիւններ, որոնք իրականում բացակայում են այդ փաստաթղթից: Այն է՝ Բերձորի, Սուսի, Աղաւնոյի բնակիչների տարհանումն իրենց տներից»,-նշեց Նարեկ Այւազեանը՝ կոչ անելով կանգնել արցախցու կողքին:
Նախաձեռնութեան անդամները կոչ են անում չտրւել ադրբեջանական ահաբեկումներին եւ չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանութեան, բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատեաց քաղաքականութեան, էթնիկ զտումների, ահաբեկչութիւնների ու շանտաժի մասին:
«Արցախի Հանրապետութեան ճանաչում» նախաձեռնութիւնը նախատեսում է ակցիաներ իրականացնել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանութիւնների մօտ:
Աւելի վաղ յայտնի դարձաւ, որ Աղաւնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակիչները մինչեւ օգոստոսի
25-ը պէտք է տարհանուեն։