Բողոքի ակցիայ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատ արձակման պահանջով

Բողոքի ակցիայ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատ արձակման պահանջով

Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի առաջ բողոքի ակցիայ են իրականացնում։

Ակցիայի նախաձեռնող Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը յայտարարեց, որ 2024 թուականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաները եւ իրենք եւս միացել են դրան։

«Մենք նկատում ենք, որ որքան մօտենում է համաժողովի օրը, միջազգային դաշտում որոշակի ակտիւութիւն նկատւում է այս հարցով։ ԵԽ-ում է պլանաւորւում այս թեմաներով քննարկում իրականացնել»,-ասաց Ստեփանեանը եւ նշեց, որ այս օրերին, երբ Ադրբեջանի վրայ սեւեռուած է աշխարհը, պէտք է պարտադրել Ադրբեջանին կատարել մարդու իրաւունքների միջազգային դրոյթները։

«Պահանջը պէտք է ներկայացուի հնարաւորինս մեծ ճնշումներ գերէցնելու համար»,-ասաց նա։

Տեղեկացուեց, որ նախատեսում են ակցիաներ իրականացնել ոչ միայն ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի առաջ, այլ նաեւ ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիական Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նոյն պահանջով նամակներ են փոխանցուելու հասցէատէրերին։

Նշէնք, որ նախաձեռնութեանը միացել են ԱՀ մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետեանը, Ռուբէն Մելիքեանը, Արտակ Բեգլարեանը, ինչպէս նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Արման Թաթոյեանը եւ Լարիսայ Ալաւերդեանը։

Գեղամ Ստեփանեանն անդրադառնալով Հայաստանի հնարաւոր մասակցութեանը COP29-ին՝ պնդեց, որ ունենալով գերիներ եւ չճշտուած ճակատագրեր, անհետ կորածներ՝ գնալը եւ մասնակցելն ուղղակի անընդունելի կը լինի։

Share