Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերեալ

Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերեալ

ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

Կառավարութիւնում ստեղծուել է ատոմային էներգետիկայի հարցերով յանձնաժողով, որն ուսումնասիրում է ամբողջ աշխարհի շուկան եւ հաւաքագրում ամենանպատակայարմար առաջարկները։

Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ատոմային էներգետիկան՝ որպէս Հայաստանի Հանրապետութեան էներգէտիկ անվտանգութեան եւ անկախութեան ապահովման մեխանիզմներից մէկը» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի տնօրէն Մովսես Վարդանեանը։

Նա նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է այսօրուանից մտածել ատոմային նոր էլեկտրակայանի կառուցման մասին։

« Հայաստանն այս առումով առանձնայատուկ երկիր է եւ մի քանի պահանջներ ունի։ Առաջին հերթին մէզ համար կարեւոր են անվտանգութեան եւ սեյսմակայունութեան հետ կապուած հարցերը, դիտարկում ենք ֆինանսական, լոգիստիկ ասպեկտները եւ այլ շատ ու շատ հարցեր։

Ինչպէս գիտեք, 2023 թուականի փետրուարին «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս»-ի մեր գործընկերները հայկական կողմին են փոխանցել Հայաստանում 1200 մէգաւատ հզօրութեամբ երկու էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնաւորումը։  Նրանք մեր այդ բոլոր պահանջները եւ խնդիրները հաշուի են առնում, եւ այդ նախագիծը արդէն մեր ձեռքի տակ է։

Աշխատում ենք նաեւ հարաւկորեացի մեր գործընկերների հետ, որոնք առաջարկել են 1000, 1400 մէգաւատ հզօրութեամբ էներգաբլոկներ, ինչպէս նաեւ մոդուլային ատոմային ռէակտորներ։ Ուսումնասիրում ենք նաեւ ֆրանսիական տարբերակը։ Ուսումնասիրում ենք նաեւ ամերիկեան մոդուլային ռէակտորները: Եւս մէկ անգամ շեշտեմ, որ մենք առաջին հերթին ուշադրութիւն ենք դարձնելու անվտանգութեանը, ֆինանսական նպատակայարմարութեանը եւ լոգիստիկային»,- ասաց Վարդանեանը։

Share