Մամուլի ասուլիս՝ Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի գործով

Մամուլի ասուլիս՝ Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի գործով

Օրերս ՀՀ վարչական դատարանը բաւարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի եւ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Մասիս Աբրահամեանի դատական հայցերն ընդդէմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտաւորեցնելով ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեանը Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամայանի վերաբերեալ տուեալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարուող օտարերկարցիների տուեալների բանկից։

Այս առիթով, այսօր յունուարի 25-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին գործով ներգրաւուած փաստաբան Ռուբէն Մելիքեանը եւ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը:

«Հրապարակուած որոշմամբ դատարանը շատ յստակ եւ համակարգային վերլուծութիւնների միջոցով ճանաչել է իրաւայարաբերութեան բացակայութիւնը եւ ԱԱԾ-ին պարտաւորեցրել է, որպէսզի հանէն Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի տուեալներն անցանկալի անձանց ցուցակից»,-լրագրողների հետ հանդիպմանն յայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։

Նրա խօսքով՝ ամենեւին չնսեմացնելով ԱԱԾ-ի դերակատարութիւնը, այս երկու գործերը կարեւոր նշանակութիւն ունեն սփիւռքահայերի իրաւունքների պաշտպանութեան տեսակէտից։

Բացի Փափազեանից եւ Աբրահամեանից, ՀՀ-ի համար անցանկալի անձիք էին ճանաչուել նաեւ Ասլան Ասլանեանը, Արթուր Նժդեհ Քարաքաւորեանը եւ Սիւնէ Աբրահամեանը։ Նրանց վերաբերեալ գործերը, Մինասեանի խօսքով, գտնւում են իրաւական տարբեր գործընթացներում։

Փաստաբան Ռուբէն Մելիքեանն էլ յայտնեց, որ շատ բարձր է գնահատում դատարանի որոշումը։

«Յոյս ունեմ, որ այս գործով վէճը շարունակելու առիթ չի լինի, թէպէտ հասկանում եմ, որ ԱԱԾ-ն կդիմի վերաքննիչ դատարան։ Բայց նաեւ յոյս ունեմ, որ ԱԱԾ-ն խորապէս ծանօթանալուց յետոյ կը փորձի լուծումներ գտնել նման իրավիճակների համար։ Շատ կարեւորելով որոշումը, տեսնում ենք զարգացման հնարաւորութիւն, որ յատկապէս կասկածի տակ չդրուի այն մարդկանց Հայաստան վերադառնալու իրաւունքը, ում համար Հայաստանը հայրենիք է»,-ասաց Ռուբէն Մելիքեանը։

Ասուլիսի մանրամասները՝ տեսանիւթում

Share