Յաղթանակի խորհրդանիշ նախագահը․ այսօր Ռոբերտ Քոչարեանի ծննդեան 70-ամեակն է

Յաղթանակի խորհրդանիշ նախագահը․ այսօր Ռոբերտ Քոչարեանի ծննդեան 70-ամեակն է

Այսօր Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ծննդեան տարեդարձն է. լրանում է նախագահի 70-ամեակը:

Ռոբերտ Քոչարեանը ծնուել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից  տարբեր պաշտօններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում: 1988թ. փետրուարից եղել է Արցախեան շարժման քաղաքական առաջնորդներից։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան եւ պաշտպանութեան համակարգի ձեւաւորման պատասխանատուութիւնը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազաւթել էր ԼՂՀ տարածքի կէսը, Ռ. Քոչարեանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան պետական կոմիտէի նախագահի եւ ԼՂՀ վարչապետի պաշտօնը։ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարաւոր են դարձրել բեկումը ռազմական գործողութիւններում եւ փաստացի յաղթանակը Արցախեան առաջին պատերազմում։ Ազատագրուել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաեւ Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողութեան տակ պահելով 11․500 քառակուսի կիլօմետր։ 1994 թուականի զինադադարի կնքումով հաստատուել էր վերջին հարիւրամեակների հայկական պետութեան կողմից տարածքային նուաճման միակ պատմական օրինակը։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագոյն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրութիւններով, Ռոբերտ Քոչարեանն ընտրուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ։

1997-ին Հայաստանում ներքաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի եւ Վազգէն Սարգսեանի հրաւէրով Ռոբերտ Քոչարեանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտօնը։

Ինչպէս Վազգէն Սարգսեանն էր ասել իր յայտնի ասուլիսում․ «Ռոբերտ Քոչարեանը եկաւ Հայաստան, երբ Հայաստանի տնտեսութիւնը, Հայաստանի բիւջեն, քաղաքական կեանքը գտնւում էր կաթուածահար վիճակում։ Ռոբերտ Քոչարեանը համաձայնուեց Հայաստան գալ, երբ 3 ամսուայ՝ 95 տոկոսով ընտրուած նախագահ էր, երբ իր դիրքը չափազանց ամուր, կայուն, շահեկան էր․ միայն մի պատճառով, որովհետեւ իրեն բացատուեց նախագահ Տեր-Պետրոսեանի եւ իմ կարծիքը, որ մեր պատերազմն արդէն դուրս է եկել հերոսութեան դաշտից եւ մտել տնտեսական, քաղաքական դաշտ, եւ տնտեսութիւնն է որոշելու այսուհետ մեր յաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը։ Դա այն պահն էր, որ գոնէ ինձ պաշտպանութեան նախարարութիւնից քաջ է յայտնի, որ երկու-երեք ամիս է՝ անգամ վառելիքի փող չէի ստանում։ Երբ վճարուած չէին ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, երբ բիւջեում փող չկար, երբ քաղաքական վիճակն այնքան սրուած էր, որ իւրաքանչիւր պահի նոր ցնցում, նոր կատակլիզմեր էին սպասւում։ Եւ համարուեց, որ Ռոբերտ Քոչարեանի կերպարը եւ՛ քաղաքական առումով, եւ՛ տնտեսութիւնը զարգացնելու, կամք գործադրելու, եւ՛ աշխատունակութեան առումով լաւագոյնն է։ Եւ այդպէս էլ կայ։ Դա էր պատճառը, որ Ռոբետ Քոչարեանը եկաւ Հայաստան»։  

1998 թուականին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի հրաժարականից յետոյ, արտահերթ նախագահական ընտրութիւններում տանելով յաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտօնը եւ ղեկավարում 10 տարի:

Այդ տարիները, հայկական նորագոյն պատմութեան մէջ մտան, որպէս տնտեսական վերելքի եւ զարթօնքի տասնամեակ: Նախագահական տարիներին, Ռոբերտ Քոչարեանին յաջողուեց ոչ միայն դուրս բերել երկիրը ճգնաժամից, այլ նաեւ 1998-2008 թուականներին Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով եւ զարգացման տեպմով առաջատարն էր տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ Արեւելեան Եւրոպայի մի շարք երկրների ցուցանիշները:

Այսպէս, 2005-ին, 1999-ի համեմատ, աղքատութիւնը կրճատուեց երկու անգամ, ծայրահեղ աղքատութիւնը՝ 4,5 անգամ: 2000-2007 թուականներին միջին աշխատավարձը բարձրացաւ 3,2 անգամ, իսկ նուազագոյնը՝ 4 անգամ:

Թուային փաստէր, որոնք անհերքելի են:

Միջին աշխատավարձը 1998 – ին կազմում էր ընդամէնը 18 հազար դրամ, իսկ արդէն 2008թ․՝ 87 400 դրամ։

Միջին կենսաթոշակը 1998-ին 3800 դրամ էր, իսկ 2008 — ին 21 370 դրամ:

Տնտեսութեան աճն ուղեկցւում էր նաեւ ներդրումային բարձր աճով: Կայուն, զարգացող երկրում աւելի ու աւելի շատ էին ձգտում ներդրում անել նաեւ այն պատճառով, որ Հայաստանը ձեռք էր բերել վստահելի գործընկերոջ համբաւ եւ հեղինակութիւն:

Օտարերկրեայ ներդրումների ծաւալը տասը տարուայ ընթացքում 270 միլիոն դոլարից հասաւ աւելի քան 3 միլիարդի:

Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարեանի պաշտօնավարման տարիներին նորոգուել, հիմնանորոգուել եւ կառուցուել է ընդհանուր 2921.8 կմ աւտօճանապարհ, առանցքային նշանակութիւն ունեցող 118 կամուրջ, 20-ից աւել թունել։

Առհասարակ, այդ տարիներին ՀՀ-ն յիշեցնում էր մեծ շինհրապարակ: Այդ տարիներին կառուցուեց Հիւսիասային պողոտան:

Մեծ շինհրապարակ էր յիշեցնում նաեւ Շիրակի մարզը: Շինարարները արտագնայ աշխատանքի մեկնելու փոխարէն Շիրակի մարզ էին գնում: Երկրաշարժից յետոյ աղէտի գօտին գլխաւորապէս կառուցուել է հէնց այդ տարիներին։ 1988 թուականից մինչեւ 2008-ը բնակարան է յատկացուել 60 հազար ընտանիքի:

Ռոբերտ Քոչարեանի ղեկավարման տարիներն աչքի են ընկնում նաեւ նրանով, որ Հայաստանի անկախ հանրապետութեան 31 տարիների ընթացքում եղել է ամենախաղաղը, չի եղել պատերազմ: 10 տարուայ ընթացքում ԶՈւ զոհերի թիւը եղել է 92։

Պաշտօնավարման աւարտից յետոյ Ռոբերտ Քոչարեանը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագոյն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մէկի՝ «Սիստեմայ»-ի տնօրէնների խորհրդում, որպէս անկախ տնօրէն:

2018-ի իշխանափոխութիւնից յետոյ ՀՀ իշխանութեան թիրախում առաջիններից յայտնուեց հէնց Ռոբերտ Քոչարեանը: Նրա դէմ յարուցուեց ապօրինի քրգործ, որը մի քանի տարի տեւելուց եւ դատական տարբեր ատեաններով անցելուց յետոյ փլուեց, Ռոբերտ Քոչարեանն արդարացուեց։ Խոսքը սահմանադրական կարգի ենթադրեալ տապալման գործի մասին է, որը ՍԴ կողմից ճանաչուեց հակասահմանադրական։ Այդ դատական գործընթացների ընթացքում իշխանութեանը յաջողուեց շուրջ երկու տարի ապօրինի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։

2019 թուականին՝ անազատութեան մէջ, հրապարակուեց Ռոբերտ Քոչարեանի «Կեանք եւ ազատութիւն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառուած են Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարեւորագոյն իրադարձութիւնները՝ Արցախեան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ եւ յաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողութիւն, տնտեսական յաջողութիւններ, 2008 թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած արիւնալի դէպքեր եւ այլն։

2020 թուականի 44-օրեայ պատերազմի առաջին իսկ օրերին նախագահ Քոչարեանը շտապեց Արցախ՝ պատրաստ լինելով աջակցել թէ՛ քաղաքական, թէ՛ ռազմական ոլորտներում, սակայն նրան թոյլ չտրուեց որեւէ կերպ մասնակցել տեղի ունեցող իրադարձութիւններին։

2021 թուականի մայիսին Ռոբերտ Քոչարեանը որոշում կայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցել նախընտրական դաշինքով։ Նոր քաղաքական միաւորը կոչուեց «Հայաստան» դաշինք, որի ղեկավարումը ստանձնեց Ռոբերտ Քոչարեանը։ Նախնական արդիւնքներով՝ «Հայաստան» դաշինք֊ը հաւաքեց 21% ձայն՝ զիջելով միայն Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը (53%)։

Այսօր խորհրդարանական «Հայաստան» խմբակցութիւնը կանգնած է Նիկոլ Փաշինեանի  իշխանութեան կործանարար քաղաքականութեան դէմ պայքարի առաջնագծում։

Շնորհաւորում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին՝ ծննդեան 70-ամեակի առթիւ։

yerkir.am

Share