ԻԻՀ Նախագահ ՝ Ռայիսիի եւ ՀՀ ԱԳՆ՝ Միրզոյեանի հանդիպում

ԻԻՀ Նախագահ ՝ Ռայիսիի եւ ՀՀ ԱԳՆ՝ Միրզոյեանի հանդիպում

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին:

Զրուցակիցները գոհունակութեամբ արձանագրել են, որ երկու հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ ձեւաւորուել է բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւն՝ հիմնուած փոխադարձ յարգանքի եւ երկու ժողովուրդների հազարամեայ եղբայրութեան վրայ:

ԻԻՀ նախագահը  եւ  ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել են տարբեր ոլորտներում երկու երկրների  փոխգործակցութեան խորացումը եւ այդ ուղղութեամբ պայմանաւորուածութիւնների իրականացման ուղղութեամբ գործուն քայլերի իրականացումը:

Էբրահիմ Ռայիսին եւ Արարատ Միրզոյեանը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեանը վերաբերող հարցեր:

Կարեւորելով կովկասեան տարածաշրջանի անվտանգութիւնը տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների համար՝ Ռայիսին օտարերկրեայ միջամտութիւնը վնասակար է համարել տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան համար եւ ասել է,-«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, հաշուի առնելով իր հզօր եւ ազդեցիկ դիրքը, պատրաստ է օգնել  Ադրբեջանին ու Հայաստանին  լուծելու վէճերը»: 

Նշելով,որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Կովկասեան տարածաշրջանի երկրների անվտանգութիւնը համարում է իր անվտանգութիւնը, եւ անդրադառնալով այս տարածաշրջանի երկրների միջեւ խաղաղութիւնն ու կայունութիւնը խաթարելու գործում ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի եւ արեւմտեան երկրների կործանարար դերին , Իրանի նախագահն ասել է,-«Այսօր Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի  յանցագործութիւնները եւ այդ յանցագործութիւններին ԱՄՆ-ի  եւ նրա արեւմտեան դաշնակիցների կողմից ցուցաբերուող բացայայտ աջակցութիւնը դաս կարող են լինել բոլոր երկրների համար՝ իմանալու, որ այս  գերիշխող պետութիւններն  ու ռեժիմները երբեք իրենց իրական  բարեկամները չէն կարող լինել»:

Դոկտոր Ռայիսին Գազայում այս օրերի իրադարձութիւնները համարել է  տարածաշրջանի ժողովուրդների դէմ սիոնիստների ռասիստական ​​եւ ապարտեիդի քաղաքականութեան դրսեւորում եւ  Սիոնիստական օկուպանտ ​​ռեժիմի հետ յարաբերութիւններ հաստատելու կոպիտ սխալի ապացոյց, որը երբեք չի ընդունուի ժողովուրդների  կողմից: 

Նշելով,որ Գազայում սիոնիստների  ​​յանցագործութեանն աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականութիւնը՝ Իրաք եւ Աֆղանստան  զօրաշարժ կատարելու  այս  երկրի  ձախողուած քաղաքականութեան շարունակութիւնն է , նախագահ Ռայիսին ասել է,-«Մենք վստահ ենք, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Պաղեստինում, կաւարտուի ի շահ պաղեստինցիների»։

Այս հանդիպմանը Արարատ Միրզոյեանը, բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետութեան յստակ եւ ամուր դիրքորոշումները կովկասեան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ, ընդգծել է Իրանի առանցքայանութեամբ այս զգայուն ժամանակահատուածում տարածաշրջանի երկրների միջեւ հանդիպումների եւ քննարկումների անցկացման անհրաժեշտութիւնը:

Դատապարտելով խաղաղ բնակիչների, յատկապէս Գազայի կանանց եւ երեխաների վրայ յարձակուելու Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւնները՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը յայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի ճնշուած ժողովրդի նկատմամբ համահունչ է Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին։

Աղբիւր՝ «Փարսթուդէյ»

Share