Քաղաքական պայքար

Քաղաքական պայքար

Թաթուլ Օհանեան

Ժողովրդների մօտ քաղաքական պայքարներ են ծայր առնում, երբ երկրի իշխանաւորները ի վնաս ժողովրդի ու հայրենիքի որոշումներ են կայացնում ու գործադրում, որով վտանգի են ենթարկում ժողովրդի եւ հայրենիքի անվտագութիւնն ու ընդհանրական շահերը:

Քաղաքական պայքարները մղւում են երկու ուղղութեամբ.

ա. Բռնի կամ զինեալ պայքար վարչակարգի դէմ, ընդհուպ մինչեւ նրա տապալմանը եւ նոր կարգերի հաստատմանը:

բ. Պայքար երկրի սահմանադրական օրէնքների համաձայն, ընտրութիւններով եւ խաղաղ ճանապարհով իշխանափոխութեան նպատակով:

Քաղաքական պայքարների նկատմամբ, ժողովրդավար եւ բռնապետական վարչակարգերը տարբեր մօտեցումներ են ցուցաբերում:

Ժողովրդավար երկրներում, որտեղ գործնականապէս տարանջատւած են օրէնսդիր, գործադիր եւ դատական ուժերը, քաղաքացիները հաւասար են օրէնքի առաջ, պաշտօնապէս ճանաչւած են խօսքի, մտքի, մամուլի, խղճի, քաղաքական ու այլ կազմակերպութեանց գործունէութեան, հանրահաւաքների, գործադուլների, ցոյցերի եւ տեղափոխութեան կատարեալ ազատութիւն, իշխանափոխութեան համար պայքարը ընկալւում է նորմալ երեւոյթ եւ չի արժանանում ոստիկանական անհամաչափ բիրտ ուժի գործադրման:

Բռնապետական երկրներում, որտեղ պետական բոլոր ուժերը՝ օրէնսդիր, գործադիր եւ դատական, կենտրոնացած են մէկ բռնակալ անձի եւ իր դրածոների ձեռքերում, իշխանափոխութեան ամէն մի փորձ, նոյնիսկ ամենաչնչին քննադատութիւն, իշխանութեան նկատմամբ, համարւում է «քաղաքական յանցագործութիւն» եւ վարչակարգի դէմ ուղղւած քրէական գործողութիւն եւ արժանանում է ամենախիստ ճնշումների…:

Այսօրերին Հայաստանում «Դիմադրութեան» շարժումը, հայրենադաւ իշխանութիւնն փոխելու համար, Երեւանում եւ Հայաստանի զանազան մարզերում կազմակերպել է համաժողովրդական խաղաղ ցոյցեր, որոնց դիմակայելու համար, իշխանաւորները իրենց կուռքի հետ միասին, սարսափահար ապաւինել են զանազան գոյնի բերետաւոր ոստիկանների, որոնք էլ օլիգարխների թիկնազօր վարձկանների նման, անմարդկային կերպով, գետին զարնելով, բռունցքի ու աքացու հարւածներով, ձեռք եւ ուս կոտրելով, ձեռքեր ու վիզ ոլորելով, մարդաորսով եւ նոյնիսկ հայհոյանքով, բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին եւ հոգեկան հիւանդի նման ուրախանում իրենց կատարած անմարդկային, հակասահմանադրական, հակաօրինական եւ դատապարտելի արարքների համար:

Վերոնշեալ ոստիկանական գործողութեամբ, Փաշինեանը մէկ անգամ եւս փաստեց, որ նախ, ինչպէս ինքն է անգամներ ասել՝ ոչ թէ ազատատենչ ու ազատամիտ ժողովրդավար է, այլ միահեծան բռնապետ, ապա իր ձախողւած վարչապետական աթոռի պահպանման համար, առանց միջոցների մէջ խտրութիւն դնելու պատրաստ է կատարել ամէն կարգի ստոր արարք, մինչեւ իսկ վաճառքի հանելով հայրենի տարածքներ ու հայի արժանապատւութիւն:

Նոր Ջուղա

22.5.2022 թ.

Share