Ռուբէն Մելքոնեան
Թրքագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր
Սիրիայում Ասատի իշխանութեան տապալումից եւ թուրքամէտ զինուած խմբաւորումների սրընթաց յաղթանակից յետոյ կարելի է փաստել եւ կանխատեսել հետեւեալը.
1. Սա Մեծ Մերձաւոր Արեւելքի վերաձեւման եւ վերափոխման փուլերից մէկն է, սակայն ոչ վերջինը:
2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողութիւնների եւ ուժերի յարաբերակցութեան փոփոխութեան ամրագրումն է գործնական հարթութիւնում եւ ռէալ քաղաքական գետնի վրայ:
3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռեակում կրկին Թուրքիայի ռէալ յաղթանակն ու ձեռքբերումն է` նաեւ ի հաշիւ միւս երկուսի:
4. Սա Թուրքիայի դերի, հեղինակութեան աճն է եւ դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի ի միջի անկումն է, ազդեցութեան թուլացումը, որն ունի մօտ ապագայում էլ աւելի նուազելու ու զրոյանալու միտում:
5. Թուրքիայի յայտարարութիւններում ակնյայտ են յղումները պատմութեան տարբեր փուլերին եւ իրավիճակներին, որոնք յստակ քաղաքականութեան շնորհիւ ներկայումս դառնում են իրողութիւններ:
6. Ռուսաստանի եւ Իրանի յայտարարութիւնները, սպառնալիքները եւ իրական գործողութիւններն ու քայլերը հետզհետէ էլ աւելի են հեռանում իրարից` վերածուելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանութեան, իսկ սպասուող «հիմնաւորումները», թէ Ասատի բանակը չկռուեց, ուստի իրենք չէին կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրեայ պատերազմից յետոյ հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը եւ մենք ոչինչ չէինք կարող անել» ձեւակերպմանը:
7. Իրադարձութիւնները ցոյց կը տան, թէ նոր Սիրիան կը լինի Թուրքիայի ուղղակի եւ ուժեղ ազդեցութեան տակ երկիր, թէ՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտայայտման միջոցով եւ ժողովրդի կամքով» տէ իւրէ կը միանան Թուրքիային որպէս նահանգներ:
8. Էրտողանը կերտեց իր եւս մէկ լրջագոյն յաղթանակը եւ դա նրան կ’ապահովի նախագահի պաշտօնում կրկին ընտրուելու ռէալ շանս, եթէ առողջական վիճակը եւ մարդու վերահսկողութեան տակ չգտնուող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան:
9. Էրտողանը նաեւ սրանով գործնական քայլ արեց դէպի 1920 թ. Քեմալ Աթաթիւրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտէզ, որի համաձայն Հալէպը եւ այլ սիրիական տարածքներ պէտք է լինեն Թուրքիայի կազմում:
Փորձեմ ներկայացնել այս ամէնի ազդեցութիւնը Հայաստանի եւ հայերի վրայ.
1. Ասատի Սիրիայի անկումը վստահաբար ոգեւորութիւն կ’առաջացնի Ատրպէյճանում` թուրքական ձեռագրի կրկնօրինակմամբ եւ կիրառմամբ իր խնդիրների լուծման մտայնութեան մէջ մանաւանդ միւս երկու խաղացողների` Իրանի ու Ռուսաստանի քաղաքական հեղինակութեան անկման ֆոնին:
2. Հայաստանի համար բարեկամ երկիր Սիրիայի փոխարէն այլ, յստակ թուրքամէտ պետութիւն է ձեւաւորուելու:
3. Հայ համայնքի համար Սիրիայում սկսւում է անորոշութեան փուլ, որը կարող է յանգեցնել արտագաղթի եւս մէկ ալիքի: Իշխանութեան տիրացած թուրքամէտ ահաբեկչական խմբաւորումները որոշակի փոխել են մարտավարութիւնը եւ հռետորաբանութիւնը, ուստի քրիստոնեաների շրջանում խմբակային մահապատիժներ դեռ չեն արձանագրուել, սակայն հետագայում տարաբնոյթ սցենարներ բացառուած չեն:
4. Յստակ է, որ նախկին Սիրիան այլեւս չի լինելու, ուստի հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխութիւն եւս կարելի է կանխատեսել, ինչպէս նաեւ Թուրքիայի համար զգայուն թեմաների բացառում. օրինակ` Հայոց ցեղասպանութեան հետ կապուած յուշարձանների, յիշատակի վայրերի քանդում:
5. Չի կարելի բացառել նաեւ, որ հայերի մի խումբ կը շարունակի ապրել Սիրիայում եւ կրկին թուրքական սցենարով նրանց վրայ կը կառուցուի նոր իշխանութիւնների «հանդուրժողականութեան» մասին պատրանքը: