Գրիշ Դաւթեան
ՍԻՐԱԽՈՒՄ
Ծաղիկների հիւսքը գլխիդ ծիածանել ես,
Ու շուրթերիս բոցը շուրթիդ հրավառել ես․․․
Փարթամ ծոցիդ ջերմութիւնը սիրոյ լոյս հնոց,
Սիրտս ու հոգիս սիրով կիզած ջերմոց ու հալոց․․․
Քեզ կը տանեմ ուզածներիս պարտէզը գունեղ,
Կդարձնեմ ծաղիկներիս խայտող մի թիթեռ․․․
Ծաղկեծաղիկ հիւթս խմես, համ ու մանանայ,
Քեզ կքամեմ խանձարուրում Ճոխ, սիրահմայ․․․
Երազներս ամպերում ցիր, իսկ դու իմ գրկում,
Կեանքս արայ քո արեւը սրտիս սիրախում․․․
*****
ՏՂԱՅ ՈՒ ԱՂՋԻԿ
Յուրաքանչիւր պատանի
Սիրահարուելու ընդունակ մի տղայ է․
Եւ ամէն մի պարմանուհի
Սիրոյ արբունքում սուզուելու ունակ մի աղջիկ է։
Նրանք լրացնում են
Բնութեան չորս եղանակները,
Որոնցով հասունանում են
Լիալուսնութեան համայնութեամբ
Վառ, շողաւետ, կենսալից ու սիրայորդ։
Նրանք ամրանում են կեանքի քերականութեան
Բոլոր արդիւնաւոր կանոններով․
Յուրացնում են
Արեւի ճառագայթների դրական եռքը
Եւ կապոյտ գմբէթի մահիճում
Վայելում են
Սերը, բերկրանքը եւ բազմացումը,
Լուսաւորում են վերները աստղունքով։
Գարնանը պարգեւում են
Բնութեան պոռթկուն թարմութիւնը,
Արեւոտ օրերի մաքրութեամբ․
Ամռանը արբեցումի հասունութեամբ,
Շոգով ու բերրիութեամբ են ամբողջացնում
Մրուրակութը ախորժելի․
Աշնանը գունաւորում են խայտաբղետութեամբ,
Ընկղմում են
Հեշտանքի յափրութեան թաղարի մէջ․
Ձմռանը պաղութեան ծմակում
Հովերի սոյլերի հանգով վերուերի
Իրար գրկերում ճողփում են։
Կեանքի տարփալից դիւթանքը,
Որպէս շիկացած երկաթի թշթշոց,
Գոլորշի է փնչացնում
Սառը ջրի մէջ ընկղմուելու պահին,
Սիրած գեղեցկութիւնը համբուրելու
Եւ հետը սիրվտելու պահին․․․
Համատարած մեղեդու մի հետին թրթիռ,
Ձայնեղ մի խազի մենաւոր զրնգոց
Իմաստաւորում է
Աշխարհը, կեանքը եւ ճիգը։
Համատարած երգերգոցի ելեւէջը
Նորովի շշնջոցով,
Զեփիւռի թեւով,
Ամենէն քաղցր ու քնքուշ գեղգեղանքով
Վերսկսում է արեւադարձի շուրջպարը։
Տղան ու աղջիկը սիրում են իրար։