«Պիլոտային սահմանազատումը» իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է

«Պիլոտային սահմանազատումը» իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է

Այն, ինչ այսօր կատարւում է Հայաստանում եւ կոչւում է «Պիլոտային սահմանազատում», իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց: Այս մասին ԱԺ-ում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցութեան հեղինակած «ՀՀ-ի եւ ադրբեջանական հանրապետութեան միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերեալ» յայտարարութեան նախագիծը։

«Գործընթացը առանց որեւէ իրաւական հիմնաւորման սկսուեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնց վրայ Հայաստանն ունէր տիտղոս, կային սեփականութեան վկայականներ՝ տրուած հանուն Հայաստանի Հանրապետութեան, այսինքն ՀՀ անունից, առանց որեւէ հիմնաւորման տուեցին թշնամուն: Հիմա տեսնում ենք՝ Սիւնիքում ինչ է կատարւում, ինչքանով է դժուարացել հաղորդակցութիւնը Իրանի եւ աշխարհի հետ:

Նոյնը հիմա կատարւում է Տաւուշում. որպէսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որ ԱԺ-ն ընդունի յայտարարութիւն եւ այդ յայտարարութիւնով կանոնակարգենք այն գործընթացը, որ այս իշխանութիւնները ոգեւորութեան պահին կոչում են «սահմանազատում»: Ուզում էինք հասկանալ՝ ինչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը: Առաջարկեցինք իրաւական բազայ, առաջնորդուել իրաւական փաստաթղթերով, լաւագոյն փորձով եւ վերջիվերջոյ անել այն, ինչ կառավարութիւնը խոստացաւ, բայց հերթական անգամ դրժեց իր խոստումը»,- յայտարարեց նա:

Ընդդիմադիր պատգամաւորի խօսքով, այսօր սահմանազատումից բացի կառավարութիւնն իրականացնում է նաեւ սահմանագծում. «Փաստացի այնտեղ ինչ-որ սիւներ են տեղադրուել: Ո՞վ է այդ իրաւունքը տուել, ո՞ւմ հրամանով, որոշումով է դա եղել: Սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան յանձնաժողովը զուտ խորհրդատուական բնոյթի մարմին է: Կարող է խորհուրդ տալ, ում է նա տուել այդ խորհուրդը, ինչպե՞ս է այդ որոշումը կայացուել:

Եւ վերջապէս այս յայտարարութեան մէջ կայ եւս մէկ սկզբունքային կէտ, որից իշխանութիւնը խուսափում է, ինչպէս ժանտախտից: Մենք յստակ նշում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանային կոնտուրների որոշումը որեւէ կերպ չի կարող ազդել արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման գործընթացի վրայ»,-ասաց նա:

Share