Նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում շեշտել է, որ Իրանը յարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ դէմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխութեան։
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ տեղի ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանը կարեւոր դիրք է զբաղեցնում Իրանի հարեւանների շրջանում, եւ Երեւանի հետ յարաբերութիւնները շատ կարևոր են Իրանի արտաքին քաղաքական համակարգի համար։
«Չնայած Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն յոյսի եւ խաղաղ կեանքի սահմանն է, եւ մեր սկզբունքային քաղաքականութիւնը ձեր հանդէպ անձեռնմխելի է»,- ընդգծել է նա:
Փեզեշքիանը շեշտել է Իրանի հաւատարմութիւնը Հայաստանի հանդէպ ստանձնած պարտաւորութիւններին, եւ պատրաստակամութիւն է յայտնել յարաբերութիւններն էլ աւելի զարգացնելու համար։