Խաղաղութեան պայմանագիր․ Արցախի իրաւական յանձնում

Խաղաղութեան պայմանագիր․ Արցախի իրաւական յանձնում

«Այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագիրը, այլ բան չէ, քան Արցախի յանձնումը իրաւական առումով փաստաթղթաւորելը»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած աւելի քան երեսուն տարուայ հակամարտութեան պատճառն Արցախն է եւ նրա հանդէպ Ադրբեջանի նկրտումները։ Արցախի հայաթափումից  յետոյ, երբ Ադրբեջանի կողմից թելադրուած  խաղաղութեան պայմանագրի ստորագրման հարց է քննարկւում, Հայաստանում գործող ռեժիմը հլու հնազանդ կեցուածքով մէկ անգամ եւս ապացուցում է, որ պատրաստ է Արցախի հարցը փակել եւ դրան իրաւական տեսք տալ։

Սրա վկայութիւնն է միջազգային դատարաններից երկու երկրների դատական հայցերի հետկանչումը, որով հաշուի չի առնւում հակամարտութեան ընթացքում տեղահանուած արցախցիների իրաւունքների վերականգնումը եւ Արցախի ժողովուրդը լիիրաւ իրաւունք ունի պահանջելու միջազգային դատարաններից Ն․Փաշինեանի դատապարտումը, որը անտեսելով մարդկութեան դէմ իրականացուած ցեղասպանութիւնը՝  նման զիջման է գնում այն իրականացնող երկրի՝ Ադրբեջանի նկատմամբ։

Այսօր, իւրաքանչիւր հայ, ով ունի միջազգայնօրէն ճանաչուած ՀՀ անձնագիր՝ պէտք է պաշտպանուած լինի Հայաստանի Հանրապետութեան կողմից, մինչդեռ Բաքուի բանտում գտնուող մեր հայրենակիցները պատշաճ պաշտպանութեան չէն արժանանում ՀՀ իշխանութիւնների կողմից։ Սա է փաստում նաեւ այն իրողութիւնը, որ, այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրում՝ ՀՀ կողմից հայ պատանդների ազատ արձակման եւ արցախցիների վերադարձի իրաւունքի իրացման պահանջ չկայ։

Միւս կողմից, պայմանագիրը բաւականին մութ կէտէր ունի, որը ՔՊ-ականները փորձում է խեղաթիւրել եւ թաքցնել։ Չնայած ներկայացւում է, որ իբր իշխանութիւններն իրենց խօսոյթում դրա մասին խօսել են՝ այն որեւէ իրաւական, փաստական հիմք չունի, որովհետեւ նման պայմանագրի շուրջ չես կարող թաքուն բանակցել եւ այդ բանակցութիւններն աւարտուած համարել առանց հանրութեան լայն շրջանակի հետ քննարկելու, անգամ ընդդիմադիր պատգամաւորներին արգելելով ծանօթանալ դրան։ Եւ սա անում է իրեն ժողովրդի ծառայ հռչակած առաջնորդը։

Արա Պուլուզեանի գնահատմամբ՝ պայմանագրի շուրջ բանակցութիւնների աւարտման հարցը եւ ՀՀ-ի կողմից այն հապճեպ ստորագրելու ցանկութիւնը վկայում է  այն մասին, որ այն  ծառայելու է գործող ռեժիմի կողմից՝ որպէս կեղծ յաղթանակի նուաճում եւ դա վաճառուելու է որպէս գործող իշխանութեան յաջողութիւն։

«Բոլորս էլ գիտենք, որ այս գործընթացը խաղաղութիւն չի բերելու, այն միայն ու միայն Արցախի յանձնման, Արցախի հարցը ՀՀ իշխանութիւնների կողմից  թաղելու  իրաւական փաստաթուղթ է, որը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել հայ ժողովրդի կողմից։ Այն աւելի շատ քարոզչական պաստառ է Նիկոլ Փաշինեանի համար, որը նրան նուիրուել է մեր դարաւոր թշնամու՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։

Share