Հայոց պետականութեան վերականգնման` մայիսի 28-ով թուագրուող տոնը այս օրերին մղում է խորհելու պետութեան ու պետականութեան գաղափարի շուրջ: Ընդհանուր հասկացողութեամբ պետութիւնը որոշակի տարածքի վրայ ապրող ժողովրդի վարչաքաղաքական կազմակերպութիւնն է, նրա բանակն ու ոստիկանութիւնը, պետականութեան խորհրդանիշները եւ այլն:
Իրականում այս առարկայական երեւոյթների կողքին աւելի էական է ոչ նիւթական եւ անշօշափելի մէկ այլ գործօն` պետականութեան գիտակցութիւնը: Երբ աշխարհի գերհզօր տէրութիւնների ներկայացուցիչներն անգամ խօսում են իրենց պետութիւնների գոյութեանը սպառնացող վտանգների մասին, ակնյայտ է դառնում, որ ռազմական, տնտեսական կամ այլ ներուժը յարաբերական գործօն է մտքի, գաղափարի, ծրագրի եւ նպատակի ուժի համեմատ:
Հնարաւոր կլինե՞ր արդեօք 900-ամեայ անէացումից յետոյ հայոց պետականութեան վերածնունդը, եթէ պատմական ասպարէզում չյայտնուէին պետականութեան ստեղծման գաղափարին հետամուտ սերունդներ` օժտուած անմնացորդ նուիրուածութեամբ եւ իդէալների կենսագործմանը ձգտելու ինքնամոռաց կամքով: Մի պահ մտովի պատմութեան այդ շղթայից դուրս բերենք ազգային-ազատագրական յեղափոխութեան յաւէրժական բանակի հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանին, պետականակերտ Արամին, Ռուբենին, Դրոյին եւ նրանց գործակիցներին. հնարաւոր կդառնա՞ր արդեօք հայոց նոր պետականութեան ծնունդը:
Հակառակ կողմից նոյն տեսակէտի ճշմարտացիութիւնն է փաստում այս սերնդից հարիւր տարի յետոյ եկած սերունդը (իսկ աւելի ստոյգ` սերնդի մի հատուածը), որը երեսնամեայ կայացած հայոց մի պետութիւնը հասցրեց կործանման եզրին, իսկ միւսը տանում է ինքնիշխանութեան սահմանափակման: Պատահական չէ, որ այս նոր իշխանութիւնն իր գործունէութիւնը ծաւալեց` գրոհելով գիտակցական համակարգի` պատմութեան, մշակոյթի, հոգեւոր ինքնութեան, ազգային ինքնագիտակցութեան հիմնասիւների եւ ազգային տեսլականների վրայ:
Այո՛, ծանր փորձութիւններն ու փորձանքները, որ հայոց պետականութեան ղեկին տիրացած բախտախնդիրները բերեցին ապակողմնորոշուած ժողովրդի գլխին, նրանց մօտ ստեղծեցին այն տպաւորութիւնը, որ երեք տասնամեակ անկախութեան եւ պետականութեան կայացման պայքար մղած ժողովուրդը համակերպուել է իրենց պարտուողական ծրագրերին, եւ հասարակական դաշտում տրամադրութիւնները նպաստաւոր են` մեկնարկելու ծանր պարտութիւնների ու ճակատագրական զիջումների երկրորդ փուլը:
Հանրապետութեան թիւ մէկ պաշտօնեայի` վերջին շրջանի ելոյթները հէնց այդ կապիտուլեացիայի ծրագրի մօտալուտ իրականացմանը հանրութեանը նախապատրաստելու նպատակն էին հետապնդում, որքան էլ որ փորձ է արւում սկիզբ առած գործընթացներն ամբողջովին չբացայայտելու, ներկայացնելու դրանք մշուշոտ ու խեղաթիւրուած:
Թշնամու եւ պատուիրատուների առջեւ ծնկած իշխանութիւնը յայտարարում է Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման հիմնական նպատակի մասին, սակայն ակնյայտ է, որ խօսքը վերաբերում է մօտ երեք տասնամեակ գերությունից ազատագրուած երկիրը կրկին Ադրբեջանին յանձնելուն, որի դէպքում Արցախը, իհարկէ, հայաթափ կը լինի` արժանանալով Նախիջեւանի ճակատագրին: Մեր պահանջների նշաձողի իջեցման անհրաժեշտութեան մասին ակնարկող վարչապետը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը ներկայացնում է որպէս մի պարզ ու անհրաժեշտ գործողութիւն, այնինչ ակնյայտ է, որ այս գործընթացը եւս իրականացուելու է թելադրող հակառակորդի ծրագրով` Հայաստանն ու Արցախը կտրելով իրարից, Ադրբեջանին թողնելով Հայաստանի այն տարածքները, ուր ներխուժել է թշնամին, ինչպէս եւ գնալու են նորանոր զիջումների: Իշխանութիւնը լռում է Հայաստանի ինքնիշխան տարածքով լկտիացած թշնամուն յանձնուելիք միջանցքի մասին, այնինչ ակնյայտ է, որ այս դաւադրութեան շուրջ եւս գոյութիւն ունի գաղտնի համաձայնութիւն:
Սահմանագծման ծրագիր է նախապատրաստւում նաեւ Թուրքիայի հետ, մի բան, որ չարեցին անգամ կոմունիստ ղեկավարները խորհրդային գաղութատիրութեան 70 տարիներին: Այս քայլով հակազգային իշխանութիւնը կ’օրինականացնի 1921 թ. Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, կթաղի հայոց պահանջատիրութիւնն ու Սեւրի դաշնագիրը եւ, ըստ էութեան, Թուրքիայի ներկայ եւ ապագայ իշխանութիւնների ուսերից կթօթափի հայութեանն առնչուող բոլոր հոգսերը: Չմոռանանք նաեւ, որ, հաւաստիացնելով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում նախապայմանների բացակայութեան մասին, Հայաստանի ղեկավարն արդէն իսկ հրապարակայնօրէն ընդունել է դրանք` յայտարարելով, որ Հայաստանի օրակարգում ցեղասպանութեան հարց չկայ, ընդունելով Արցախը որեւէ կարգավիճակով կամ առանց կարգավիճակի Ադրբեջանի կազմում թողնելու պահանջը: Թուրքիայի հետ սահմանագծումը կնշանակի նաեւ վերջինիս տարածքային ամբողջականութեան ճանաչում:
Այս ամէնի դիմաց Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդին խոստանում է խաղաղութիւն, ինչը նոյնպիսի խաբէութիւն է, ինչպէս նրա բոլոր միւս խոստումները:
Կարելի՞ է հաւատալ, թէ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների ձեռքի խաղալիք հայ ղեկավարը կարող է այս գործիչներին պարտադրել խաղաղութիւն: 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, ըստ էութեան, նոյնպիսի խաղաղութեան պայմանագիր էր, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան պահպանեցի՞ն դրա պայմանները: Ստանալով երազածից շատ աւելին` Ադրբեջանն այնուհետ զօրք մտցրեց Հայաստանի ինքնիշխան տարածք, հրահրեց ռազմական բախումներ, նորանոր պահանջներ առաջադրեց Հայաստանի իշխանութեանը: Յիշենք, որ Ադրբեջանը նախկինում էլ բազմիցս խախտել է պայմանաւորուածութիւններն ու պայմանագրերը (անգամ 1994 թ. զինադադարի պայմանագիրը խախտելով` երկու պատերազմ է սկսել), իսկ Թուրքիան աշխարհում յայտնի է որպէս միջազգային պայմանագրերն ու պարտաւորութիւնները չկատարող բացառիկ երկիր: Այլապէս ինչո՞ւ Հայաստանի ղեկավարի աթոռից կառչած անձը չկարողացաւ հակառակորդԫն խաղաղութիւն պարտադրել 2020 թ. աշնանը: Ակնյայտ է, որ, նոր զիջումներ պարտադրելով եւ նոր առաւելութիւններ ու բնագծեր ձեռք բերելով, թուրքական տանդեմը ձգտելու է նորանոր նուաճումների: Կարո՞ղ է Հայաստանի վարչապետը հրապարակայնօրէն յայտարարել, որ այս նոր պայմանագրի կնքումից յետոյ ինքը կը կարողանայ պաշտպանել Հայաստանի սահմաններն ու իրաւունքները եւ խաղաղութիւն պարտադրել ագրեսիւ հարեւաններին: Իհարկէ, ծիծաղելի կը լինի նման բան ակնկալելը, իսկ եթէ, այնուամենայնիւ, վարչապետը նման խոստումներ տա, ի՞նչ ուժի կամ գործօնների միջոցով պիտի կարողանայ իրականացնել Հայաստանի ինքնիշխանութեան երաշխաւորի իր պարտականութիւնը: Թուրքերի ու ադրբեջանցիների վախից պատերազմից յետոյ նա ոչ միայն չի այցելել Արցախ, այլեւ խզել է Հայաստանի տարբեր կառավարչական օղակների կապն ու գործակցութիւնը հայոց երկրորդ պետութեան հետ: Նա ոչ միայն չի համարձակւում վերակազմակերպել ու ոտքի հանել բանակը, այլեւ 2022 թ. վախեցաւ անգամ շնորհաւորել պաշտպանութեան բանակի տոնը: Յայտնի է, որ որքան թոյլ է ղեկավարութիւնը, այնքան մեծ է թշնամու գայթակղութիւնը` հրահրելու նոր պատերազմ, այնպէս որ գործող իշխանութեան յետագայ պաշտօնավարումը մեծացնում է նոր պատերազմների հաւանականութիւնը: Պատահական չէ, որ Հայաստանում բարձրացած իշխանափոխութեան լայնածաւալ շարժումը կրում է ազգային-ազատագրական բնոյթ: Ցաւով պէտք է արձանագրել, որ հայ ժողովուրդը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայութեան սկիզբն ու նախապայմանը համարում է Հայաստանի օտարահպատակ իշխանութիւնների հեռացումը:
Խնդիրն առաւել արդիական ու հրատապ է դառնում ներկայիս համաշխարհային իրողութիւնների պայմաններում, երբ նոր աշխարհակարգ է ձեւաւորւում, իսկ բազում կ’ախումնէր ունեցող Հայաստանի իշխանութիւնները ճակատագրական այս ճամփաբաժանին հարկադրուած են ընտրութիւն կատարել` ելնելով ոչ թէ Հայաստանի շահերից, այլ իրենց կրած արտաքին ազդեցութիւնների չափից:
Նկատենք, որ 1988 թ. սկսուած արցախեան ազատագրական պայքարն ընդունելի չէր արտաքին որեւէ ուժի համար, սակայն, փոխելով հաստատուած ստատուս քուոն, հայութիւնը բոլորին ստիպեց հաշուի նստել նոր կացութեան հետ: 2020 թ. խայտառակ պարտութիւնից յետոյ Հայաստանի իշխանութիւնների մեղքով տարածաշրջանում ձեւաւորուեց միանգամայն նոր կացութիւն, որից ելնելով էլ` թե՛ ուղղակիօրէն ներգրաւուած եւ թե՛ արտաքին ուժերը թելադրում են համապատասխան լուծումներ: Այս պարտադրանքը բխում է, մասնաւորապէս, երկու կարեւոր հանգամանքից` Հայաստանի թուլակամ, ապազգային իշխանութիւնների` զիջումների գնալու պատրաստակամութիւնից եւ Անդրկովկասից Ռուսաստանին վերջնականապէս դուրս մղելու, Թուրքիայի դէմքով տարածաշրջանում ռազմական գերիշխանութիւն հաստատելու Նատօ-ի երկրների ցանկութիւնից:
Ազգային-ազատագրական նորօրեայ շարժումը, դեռեւս չհասնելով իր վերջնանպատակին, արդէն իսկ փաստել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է իշխանութեան պարտուողական քաղաքականութիւնը: Հասնելով յաղթանակի եւ երկրում հաստատելով ազգային իշխանութիւններ` կը ստեղծուի նոր կացութիւն, եւ երկրի պետական համակարգի, բանակի, տնտեսութեան վերականգնմանը զուգահեռ առաջ կը քաշուեն բանակցային նոր պայմաններ, կը ձեւաւորուեն նոր իրողութիւններ:
Հայաստանում ազգային-ազատագրական շարժումը նախաձեռնուեց քաղաքական ուժերի կողմից, սակայն առաջադրած համազգային նշանակութեան պահանջների շնորհիւ այն դարձաւ ժողովրդի շարժումը, որի անունից էլ հանդէս են գալիս մտաւորականները, արուեստագէտները, հասարակայնութեան ներկայացուցիչներն ու քաղաքական ուժերը: Ի դէմս մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող իրադարձութիւնների` ականատես ենք Հայաստանի իրական ժողովրդավարացմանը:
Նոր շարժումը եւ դրա բնոյթն ու նպատակները ցանկալի ապագայի յոյսեր չէին ներշնչի, եթէ հրապարակում չհաւաքուէր եւ դանդաղօրէն չգերակշռեր այսօրուայ երիտասարդութեան` ազգային ու պահանջատիրական դիմագիծ ունեցող մեծամասնութիւնը:
Փաստուեց է, որ հայ ժողովուրդը պատրաստակամ է պայքարելու իր պետական շահերի համար, նա մերժում է պարտուողականութեան փիլիսոփայութիւնը, ըստ որի` մենք մեզ պաշտպանելու ունակ չենք եւ դատապարտուած ենք զիջումների: Ո՞րն է այդ զիջումների վերջնական սահմանը` կարո՞ղ են ասել մեր այսօրուայ ղեկավարն ու նրա քաղաքական հոգեհայրը: Նոյն պարտուողական հոգեբանութիւնն էր նաեւ 1915 թ., իսկ թշնամին բաւարարուեց, երբ հայ ժողովրդի ոչնչացմամբ իւրացրեց ամբողջ Արեւմտահայաստանը:
Հայ ժողովուրդն իր դաժան ճակատագիրը կամովին չի ընտրել. այն պարտադրուել է տարածաշրջանը նուաճած բարբարոսների կողմից: Հայ ժողովուրդն իր գոյութիւնն յաւէրժացնելու այլ ելք չունի, բացի հզօրանալուց ու խաղաղութիւնը պարտադրելուց: Հայոց մայրաքաղաքում, ներքին թշնամու դէմ դիմակայութեամբ, այսօր կերտւում են վերածնուող Հայաստանի հիմերը: Համազգային կամքով մէկ անգամ եւս մայիսը կարող է դառնալ մեր յաղթանակի ամիսը:
«Դրօշակ» թիւ 5,(1666), 2022թ․