Հայրապետների պատգամը Ապրիլ 24-ին

Հայրապետների պատգամը Ապրիլ 24-ին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է յղել  Հայոց ցեղասպանութեան 109-րդ տարելիցի կապակցութեամբ:

«Վերստին աղօթքով եւ խոնարհումով յիշատակում ենք Հայոց Ցեղասպանութեան մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հաւատքը, սէրն ու նուիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսութեան պսակն ընդունեցին։

Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնւում է գոյաբանական նոր սպառնալիքների եւ անվտանգային լրջագոյն հիմնախնդիրների յանդիման: Հայրենի Արցախում իրականացուած ցեղասպանական գործողութիւններից եւ Արցախի հայաթափումից յետոյ ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։

Սուրբ Նայատակների լոյս յիշատակի առջեւ մեր նուիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականութիւնը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել Հայոց անկախ պետականութեան զօրացմանը եւ որպէս սրբազան մասունք պահպանել մեր նախնեաց աւանդներն ու ժառանգութիւնը։

​Մեր ժողովուրդը հզօր է իր հերոսական անցեալով, չարի ու չարիքի դէմ պայքարի վճռականութեամբ եւ նոյն ոգով պիտի հեռացնի իր կեանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսեւորումները, առկայ բարդ իրադրութիւնից ջանքերի մէկտեղումով ելքի ուղիներ գտնի եւ կերտի իր յաղթական ապագան։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նուիրական օրը միասիրտ աղօթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխօսութիւնը, որ յարուցեալ Քրիստոսի շնորհների եւ օրհնութեան ներքոյ խաղաղ, անվտանգ ու բարօր լինէն մեր հայրենիքն ու ազգը, եւ մենք հաւատով ու յոյսով հաստատենք մեր ընթացքը ապահւութեան ու առաջընթացի շաւիղներում:

Թող Տիրոջ սէրն ու խնամքը հովանի լինէն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ. ամէն»,-

ասւում է ուղերձում:


«Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփիւռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրութեամբ»։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն կոշտ պատասխան է հնչեցրել Էրդողանի յայտարարութիւններին։ Նա նշել է․«Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփիւռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրութեամբ»։

Share