Փաշինեանի կառավարութիւնը բացառիկ գրադարանը փակել է, շէնքը՝ հանել վաճառքի

Փաշինեանի կառավարութիւնը բացառիկ գրադարանը փակել է, շէնքը՝ հանել վաճառքի



ՀՀ կառավարութիւնը լուծարել է բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն գրականութեամբ պահոց: Այս մասին յայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը։

«Այցելելով Գիտատեխնիկական գրադարան՝ ծանօթացայ գրադարանի մասնագիտացուած յատուկ ֆոնդերին։ Արտօնագրային ֆոնդը կազմում է 17 մլն անուն/18 մլն օրինակ փաստաթուղթ աշխարհի 77 երկրներից՝ 66 լեզուներով։

Նորմատիւ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մօտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր եւ կանոններ։ Արդիւնաբերական կատալոգների ֆոնդն էլ մօտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։ Այստեղ պահւում են նաեւ գիտատեխնիկական ուղղուածութեան գրքեր, պարբերական եւ էլեկտրոնային հրատարակութիւններ, սեղմագրային հանդէսներ, ատենախօսութեան սեղմագրեր եւ այլն։

ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի վարչական կառուցուածքում գտնուող Գիտատեխնիկական գրադարանի նշանակութեանը անդրադարձել եմ դեռեւս ամիսներ առաջ՝ տեղեկանալով լուծարման որոշման մասին։

Խնդիրը մշտապէս իմ ուշադրութեան կենտրոնում է, քանի որ այս եզակի գրադարանի լուծարումով անդառնալի վնաս կը հասցուի Հայաստանի գիտութեանը, տնտեսութեանը, արդիւնաբերութեանը, գիտատեխնիկական առաջընթացին։



Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նուիրումով են մօտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դէպքում օգոստոսի 13-ից կը դառնան գործազուրկ։

Տեղեկացայ նաեւ, որ ՀՀ-ում գործող չորս մասնաճիւղերից՝  Գիւմրիում, Վանաձորում, Ղափանում եւ Հրազդանում դիտարկւում է միայն Գիւմրու մասնաճիւղի պահպանութեան հարցը։ Հարկ է նշել, որ Երեւանում գտնուող գրադարանն անփոխարինելի է, քանի որ մօտ 21 մլն օրինակ փաստաթուղթ պահւում է յատուկ գրադարանի համար նախագծուած եւ կառուցուած գրապահոցի շէնքում, որտեղ առկայ են անհրաժեշտ պայմաններն ու նորմերը:

Կառավարութիւնը որոշել է նաեւ օտարել գրադարանի շէնքը։ Հաւանաբար, տեղում բազմաբնակարանային համալիր կառուցելու ախորժակ է բացուել։

Գիտատեխնիկական գրադարանի գոյութիւնը որպէս միակ մասնագիտացուած գրադարան խիստ անհրաժեշտութիւն է․ պետութիւնը լուծարման որոշում կայացնելու փոխարէն իր հովանու ներքոյ պէտք է առնի եւ զարգացնի նման բացառիկ գրադարանը։

Պատրաստ եմ մինչեւ վերջ կանգնելու գրադարանի արժանապատիւ աշխատակիցների կողքին, որոնք ամիսներ շարունակ պայքարում են այս անչափ կարեւոր ազգային, պետական, ռազմավարական նշանակութեան տեղեկատուական հարուստ պաշարը փրկելու համար»:

Share