Փաշինեանին մերժեցին ՀՀ նախագահները

Փաշինեանին մերժեցին ՀՀ նախագահները

Արցախի եւ Հայաստանի սւուերէն տարածքների յանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է

Մեր պետութեան ու հասարակութեան համար չափազանց օգտակար կը լինի, որ Նիկոլ Փաշինեանը նախեվառաջ բանաւիճի Նիկոլ Փաշինեանի հետ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսեանի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը։

«Վստահ եմ՝ բանաւէճի երկու կողմն էլ արդարացիօրէն կը հիմնաւորի դիմացինի ստախօս լինելը»,– գրել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր գրառում էր արել` նշելով, թէ 1994 թուականից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ–ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այնուհետեւ, նա իր գրառումը վիճարկող ՀՀ նախկին նախագահներին` 2-րդին եւ 3–րդին ուղիղ եթերում բանաւէճի էր հրաւիրել` հիմնաւորելու իր ասածները։

Ըստ Մուսինեանի՝ Նիկոլ Փաշինեան ի դիմաց Նիկոլ Փաշինեան բանաւէճը չափազանց օգտակար կը լինի ոչ միայն Ղարաբաղեան հարցի շուրջ, այլեւ հասարակութեանը յուզող ցանկացած այլ թեմայով` Ամուլսար, բանկերի մենատիրութիւն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտօնեաների կողմից իրականացուող հովանաւորչութիւն եւ տարատեսակ տենդերների միջոցով պետական բիւջէի մսխում, պադաւատապետութիւն, դատական համակարգի անկախութեան ոչնչացում եւ sms-ով դատական բարձրագոյն պաշտօնեաների ազատում, քաղաքական հակառակորդների դէմ իրաւապահ մարմիններին որպէս մահակ գործածում եւ այլն:

«Արդիւնքը կրկին նոյնն է լինելու»,– եզրափակել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խօսնակը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանը եւս արձագանքել է Փաշինեանի` բանաւէճի հրաւէրին` նշելով, որ Քոչարեանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքեան մարազմատիկ գրառումները։

«Բանաւէճի համար վիճելի թեմայի առկայութիւն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի եւ Հայաստանի սւուերէն տարածքների յանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անուիճելի պատմական փաստ է ու ակնյայտ՝ բոլոր ադեկուատ մարդկանց համար»,– գրել է նա։

Միկոյեանն աւելացրել է, որ 2018-2024 թթ. Հայաստանում մէկ մարդ է ունեցել ամբողջական իշխանութիւն, եւ այդ մէկ մարդն է կրում բոլոր իրադարձութիւնների ամբողջական պատասխանատուութիւնը։

«Մեկ մարդ է յայտարարել, որ բանակցում է իր սեփական կէտից, ինչ որ պէտք է՝ այն էլ բանակցում է, եւ այդ մէկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկեան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկէ, չի քննարկի»,– ընդգծել է Միկոյեանը։

Ըստ նրա` հազարաւոր ոստիկանների եւ թիկնապահների հետեւում թաքնուած գոյատեւողի՝ թաքնուելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին աւելի խօսուն կպատմէն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակից էլ «Փաստինֆոյի» հարցին ի պատասխան ասել են, որ ակնյայտի մասին բանաւիճելն անիմաստ է։

«Ինչպէս մինչեւ իշխանազաւթումը, այնպէս էլ դրանից յետոյ հազար անգամ հրապարակային, հանգամանօրէն ներկայացուել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ամբողջ պատմութիւնը: Առաւել եւս, երբ Հայաստանի կառավարիչն ամէն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթէ նա շատ է ուզում բանաւիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանաւիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009–2013 թթ. հինգ անգամ յայտարարել են բանակցային ձեւաչափի եւ այն սկզբունքների մասին, որոնց հիման վրայ պէտք է լուծուեր ԼՂ հիմնախնդիրը»,– յայտնել են գրասենեակից:

ՀՀ 3–րդ նախագահի գրասենեակից նաեւ նշել են, որ չէր խանգարի, որ մէկ-մէկ էլ Փաշինեանը լսէր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ (Ադրբեջանի նախագահ–խմբ.) ինչպէս 2016 թ., այնպէս էլ հետպատերազմեան խոստովանութիւնները:

-Ե՛վ Լեւոն Տեր–Պետրոսեանի, եւ՛ Ռոբերտ Քոչարեանի, եւ՛ Սերժ Սարգսեանի ներկայացուցիչները մերժել են Փաշինեանի բանաւէճի հրաւէրը։

Share