Յարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com
Հայաստանի կառավարութիւնը երկու տարբերակ ունէր՝ վարչակարգի դէմ ժողովրդական ընդվզումը խաղաղ ճանապարհով լուծելու համար.
1) Վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարող էր հրաժարական տալ՝ իշխանութեան ղեկը յանձնելով կոալիցիոն կառավարութեանը, որը վեց ամսուայ ընթացքում նոր խորհրդարանական ընտրութիւններ կ’անցկացներ եւ կընտրեր նոր վարչապետ․
2) Փաշինեանը կարող էր ընդունել ընդդիմութեան նոր առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանի առաջարկը, հանդիպել նրա հետ եւ քննարկել ներկայիս քաղաքական ճգնաժամի բանակցային լուծումը:
Ցաւօք, Փաշինեանը չընտրեց վերոնշեալ տարբերակներից եւ ոչ մէկը: Նա նախընտրեց յարձակուել ընդդիմութեան վրայ՝ իր «լաւ կերակրուած» ոստիկաններով՝ ծեծելով եւ ձերբակալելով մեծ թուով ցուցարարների, ներառեալ լրագրողների եւ նոյնիսկ հոգեւորականների, որոնցից ոմանք հիւանդանոցում են՝ ապաքինուելով ոստիկանութեան կողմից ստացած վնասուածքներից: Վարչապետն ապահովել է ոստիկանների կոյր հաւատարմութիւնը՝ մի քանի անգամ բարձրացնելով նրանց աշխատավարձը եւ մշտական պարգեւավճարներ տալով: Ասում են՝ Հայաստանի քաղաքների փողոցներում աւելի շատ ոստիկաններ կան, քան երկրի սահմանները պաշտպանող զինուորներ։
Սա զարմանալի չէ, քանի որ Փաշինեանը, որպէս ապաշնորհ եւ անփորձ ղեկավար, ձախողել է գրեթէ իւրաքանչիւր որոշում, որ կայացրել է վերջին վեց տարիների ընթացքում: Նա յամառօրէն կառչած է մնացել իր իշխանական աթոռից՝ մահացու հարուած հասցնելով երկրի գոյատեւմանը:
Սկզբում իր իշխանութեան գալը «թաւշեայ յեղափոխութիւն» անուանելուց յետոյ Փաշինեանը արագ անցաւ՝ իր բնորոշմամբ «պողպատէ յեղափոխութեան»։ Անհաւատալի է, որ 2021 թուականի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ նա նախընտրական քարոզարշաւն անցկացրեց մուրճը ձեռքին՝ խոստանալով ջարդել իր ներքին հակառակորդների գլուխները։ Նա նաեւ սպառնաց նրանց «ծեփել պատերին եւ փռել ասֆալտին»։ Աւելին, Փաշինեանը պարծենում էր, որ ոչ մի դատաւոր չի համարձակուի չկատարել իր հրամանները։ Չնայած վարչապետը պնդում է, որ ինքը ժողովրդաւար է, սակայն նրա պահուածքն աւելի շատ նման է բռնապետի։ Փաշինեանը իշխանութեան եկաւ 2018 թուականին՝ փակելով Երեւանի փողոցները, հրամայելով իր հետեւորդներին փակել խորհրդարանի եւ դատարանների մուտքերը, ջարդելով ռադիօտան դռները եւ խախտելով բազմաթիւ այլ օրէնքներ։ Սակայն, երբ այժմ ընդդիմութիւնը խաղաղ քայլում է փողոցներում կամ նոյնիսկ մայթերով, մշտապէս ներկայ ոստիկանները դաժանօրէն յարձակւում են նրանց վրայ, ծեծում եւ ձերբակալում։
Զարմանալի չէ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները մտահոգութիւն են յայտնել Փաշինեանի՝ իշխանութեան ղեկին մնալու վերաբերեալ: Որոշ ադրբեջանցի եւ թուրք վերլուծաբաններ նոյնիսկ առաջարկել են իրենց երկրներին՝ զինուած ուժեր ուղարկել Հայաստան՝ Փաշինեանին պաշտպանելու համար, որպէսզի նա կարողանայ շարունակել զիջումներ անել:
Մեկ այլ ցուցանիշ, որ Փաշինեանն աշխատում է Հայաստանի շահերի դէմ՝ այն աջակցութիւնն է, որ նա ստանում է Արեւմուտքից, քանի որ նա անում է այն ամէնը, ինչ ասում են իրեն, ինչը բխում է նրանց շահերից, սակայն՝ հակասում Հայաստանի ազգային շահերին:
Արեւմտեան երկրները միայն խօսում են մարդու իրաւունքների մասին, բայց սերտ յարաբերութիւններ պահպանում աշխարհի նոյնիսկ ամենաբռնապետական վարչակարգերի հետ։ Ահա թէ ինչու արեւմտեան որեւէ պետութիւն ոչ մի քննադատական խօսք չի ասել՝ Հայաստանի քաղաքացիների վրայ Փաշինեանի ոստիկանութեան դաժան յարձակումների ընթացքում։
Բարեբախտաբար, մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպութիւններ դատապարտել են Հայաստանում մարդու իրաւունքների բացակայութիւնը եւ քննադատել ոստիկանութեան դաժանութիւնը։
Մայիսի 28-ին հինգ խոշոր հասարակական կազմակերպութիւններ հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ՝ ընդդէմ ցուցարարների «զանգուածային ձերբակալման», «որոշ մասնակիցների նկատմամբ բռնութեան» եւ Հայաստանի խորհրդարանի պատգամաւորի նկատմամբ ֆիզիկական բռնութեան, ինչը Հայաստանի օրէնսդրութեան խախտում է։ Հինգ կազմակերպութիւններն են՝ Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակը, Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների ՀԿ-ն, Իրաւունքի զարգացման եւ պաշտպանութեան հիմնադրամը եւ Ժողովրդաւարութեան զարգացման հիմնադրամը։
Համատեղ յայտարարութեան մէջ նրանք ափսոսանք են յայտնել, որ հայ իրաւապահ մարմինների աշխատակիցները «շարունակում են հակաօրինական եւ ոչ համաչափ ուժի կիրառման դէպքերը, ապօրինի բերման ենթարկելու եւ ազատութեան իրաւունքի խախտումները հաւաքների ազատութեան իրաւունքի իրացման ժամանակ։ Ոստիկանութեան կողմից նման մեթոդների կիրառումը երկարամեայ համակարգի ներսում անպատժելիութեան քաղաքականութեան արդիւնք է, որի հետեւանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանութեան հիմնական գործիքը»։
Համատեղ յայտարարութեան մէջ ասւում է, որ քաղաքացիներն ունեն խաղաղ հաւաքների ազատութիւն եւ իրենց կարծիքն ազատ արտայայտելու իրաւունք՝ «առանց ոստիկանական բռնութեան վախի»։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը հանդէս է եկել առանձին յայտարարութեամբ՝ կոչ անելով «դադարեցնել ոստիկանութեան դիտաւորեալ բռնութիւնները լրագրողների նկատմամբ»: Առնուազն հինգ լրագրող թիրախաւորուել է ոստիկանութեան կողմից։
Միացեալ Նահանգների Freedom House-ը նոյնպէս յայտարարութիւն է տարածել, որում ասւում է. «Մենք մտահոգուած ենք Հայաստանում ոստիկանութեան բռնութիւնների մասին ահազանգերի թուի աւելացմամբ։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին հետաքննել չափից աւելի ուժի եւ անմարդկային վերաբերմունքի այս վարքագիծը եւ աշխատել քաղաքացիական հասարակութեան հետ՝ խթանելու եւ իրականացնելու էական բարեփոխումներ»:
Ամենաամօթալի պահուածքը Փաշինեանի հրամանն էր՝ խոչընդոտելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի յուշահամալիր մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախութեան օրը։ Աւելի վատթարացնելով իրավիճակը, վարչապետը ստեց՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչու են խոչընդոտել Կաթողիկոսին եւ նրան ուղեկցող հոգեւորականներին՝ ծաղկեպսակ դնել յուշահամալիրում, որը հանրային վայր է:
Բոլոր ոստիկաններն ու պետական պաշտօնեաները պէտք է գիտակցէն, որ Փաշինեանի հեռանալուց յետոյ նրանք պատասխանատուութիւն են կրելու իրենց անօրինական եւ հակահայկական գործողութիւնների համար։