Ամենաանթոյլատրելի երեւոյթն այն է, որ համաշխարհային իրաւական, դիւանագիտական, քաղաքական կեանքում յայտարարւում է, որ իբր թէ մէկմէկու տարածքային ամբողջականութիւնը ճանաչում են կիլօմետրեր հաշուելով։Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառանալով մայիսի 14-ին Բրիւսելում տեղի ունեցած Փաշինեան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպմանը։
«Տարածքային ամբողջականութիւն հասկացութիւնը, դա սահմանների ճանաչում չէ, դա ընդհանուր ձեւակերպում է, որը յետոյ ենթադրում է իրենից սահմանների ճշգրտում, սահմանագծում, սահմանազատում եւ ոտքի վրայ կիլօմետրաժով հաշուել միայն կարող էին անպատասխանատու մարդիկ, ովքեր սեփական երկրի անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան ապահովման, սահմանադարական պարտականութիւնները չէն կատարում։ Անթոյլատրելի է նաեւ «Ղարաբաղի նշաձող իջեցում» ձեւակերպումը, որը այս իշխանութիւններն արդէն 2 տարի է շրջանառում են։ Դրանից պարզ է դառնում, որ այս իշխանութիւնն ամբողջապէս հրաժարւում է արցախահայութիւնից, արցախահայութեան իրաւունքներից, ինքնորոշման իրաւունքից եւ ամբողջապէս պատրաստ է յանձնել Արցախը Ադրբեջանին»,- ասաց նա։
Պատգամաւորի խօսքով՝ եւրոպացի դիւանագէտի կողմից 2 երկրների անունից արուած յայտարարութիւնը ՀՀ տարածքում իրաւական, սահմանադրական որեւէ ուժ չունի․
«Եթէ Փաշինեանը համաձայնուել է նման ձեւակերպումների՝ հերթական քրէական մեղքն է իր վրայ վերցրել, աւելացնելով յետագայ պատասխանատուութեան այն մեծ բեռը, որն իր ուսերի վրայ արդէն կրում էր»,-ասաց նա։
Հարցին, թէ հնարաւոր է յունիսի 1-ին նախատեսուած հերթական եռակողմ հանդիպմանը ստորագրուի «խաղաղութեան պայմանագիրը», ընդդիմադիր գործիչը նշեց, որ վստահ է, որ Փաշինեանի ամենամեծ վախը սեփական ժողովրդի, հասարակութեան ընդվզումն է․
«Փաշինեանը որքան էլ կայ՛մ սեփական ցանկութեամբ, կայ՛մ ճնշումների տակ շտապի որեւէ փաստաթուղթ ստորագրել, սեփական երկրում հասարակութեան ընդվզման վախը նրան կպարտադրի, որ նման քայլի չգնայ»,- ասաց Գեղամ Մանուկեանը։
Անդրադառնալով Արցախում Սամուել Բաբայանի գլխաւորութեամբ տեղի ունեցած հանրահաւաքին, դաշնակցական գործիչը շեշտեց, որ պէտք է թոյլ չտալ Արցախի միասնականութիւնը սասանող ցանկացած գործողութիւն․ «Արցախի իրաւունքների պատշտպանութիւնը, Արցախի ապագան, պետականութեան թիւ մէկ գրաւականը Արցախի միասնականութիւնն ու համախմբուածութիւնն է։ Թոյլ չպէտք է տալ այդ միասնականութիւնը սասանող ցանկացած գործողութիւն՝ լինի դա ուղղորդուած սեփական քաղաքական, կամ այլ ամբիցիաներով, լինի դա ուղղորդուած ՀՀ իշխանութիւնների կողմից»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի Ներքին Բազմաբերդ համայնք այցի ընթացքում դպրոցականների հետ զրոյցին, որտեղ Փաշինեանը յայտարարել է, թէ «Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է», պատգամաւորը նշեց, որ Փաշինեանը երեխաներին թրաքիֆինգի զոհ է դարձնում․
«Փաշինեանն այդ երեխաներին թրաֆիքինգի զոհ է դարձրել։ Իրականում երեխաների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուոց ՀԿ-ները շատ արագ պէտք է արձագանքեին սրան։ Ուղղակի ողբերգական է տեսնել այն ուսուցիչներին, որոնք լսում էին Փաշինեանի զառանցանքները, որն առաջին անգամ չէ, որ յայտարարում էր։ Ուղղակի մտքի արտաթորանքով Փաշինեանը փորձում է իր ազգադաւ գաղափարները Օվերտօնի պատուհանի սկզբունքն օգտագործելով հրամցնել հասարակութեանը»,- ասաց դաշնակցական գործիչը՝ աւելացնելով, որ ինքնին որպէս կերպար Փաշինեանը մարմնացնում է զիջումների, պարտութեան կերպարը եւ աւելի վատթարացում միշտ էլ կարելի է իրենից սպասել։
Լ․Ա․