«ՀՀ իշխանութիւնները ՀՀ-Սփիւռք ֆեյք նախաձեռնութիւն են կազմակերպում՝ ցոյց տալու համար, որ իրենք կարող են հաւաքել Սփիւռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խօսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեւյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացուելիք Հայաստան-Սփիւռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անուանումը:
Նա նշեց, որ գալիք միջոցառումը համեմատելի չի լինելու Հայաստան-Սփիւռք նախորդ միջոցառումների հետ, քանի որ նախկինում բոլոր կազմակերպութիւնները, կարեւոր հաստատութիւնները մասնակցում էին:
Նրա որակմամբ, գուցէ դա անբաւարար կապ էր, բայց այն կար, իսկական Սփիւռքի հետ շփում էր տեղի ունենում, հնչում էր նաեւ քննադատութիւն:
Մուրադ Փափազեանը ներկայացրեց, թէ ինչ քայլեր է ձեռնարկել իր մուտքը ՀՀ արգելելու դէմ պայքարելու նպատակով, խօսեց Հայաստան-Ադրբեջան Խաղաղութեան համաձայնագրի ստորագրման, Աննայ Յակոբեանի Ֆրանսիայ կատարած այցի, Ֆրանսիայում Արցախի անկախութեան ճանաչման 2020 թուականի գործընթացի ու այսօր դրա հնարաւորութիւնների, ինչպէս նաեւ իր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» գրքի մասին, որը հրապարակուել է այս ամիս Ֆրանսիայում: