Յարութիւն Աւետիսեան
Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնուելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատուածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտուի։
Հոգեբանօրէն արտագաղթածի գործողութիւնները մեծ հաշուով այլեւս կապ չունեն սեփական հայրենիքի հետ, դրանք ժամանակաւոր են ու իրավիճակային, նպատակն էլ՝ ժամանակ ձգելն է մինչեւ այն պահը, երբ հոգեբանական արտագաղթը կը լրացուի նաեւ ֆիզիկականով։
Նիկոլ Փաշինեանը, ահա, Հայաստանի հետ վարւում է հէնց հոգեբանօրէն արտագաղթածի նման, նրան մեծ հաշուով չի յուզում՝ ի՞նչ է լինելու Հայաստանում 5 կամ 10 տարի յետոյ։ Յուզելու դէպքում էլ, յուզւում է այնքանով, որ եթէ ճակատագիրն ու աւանտիւրիզմը ժպտան ու պատահի՝ իշխանութիւնը այդքան էլ երկարաձգի, կը համարի յաջողուած։ Եթէ ոչ, գնալը՝ կայ ու կայ։
Դժուար է ստոյգ ասել՝ ե՞րբ է Նիկոլ Փաշինեանը հոգեբանօրէն հեռացել Հայաստանից՝ երբ կոկորդ պատռելով յայտարարում էր «Արցախը Հայաստան է, եւ վերջ»՝ շատ լաւ իմանալով, որ դրա շարունակութիւնը պատերա՞զմն է, բուն պատերազմի օրերի՞ն, երբ ամէն օր հարիւրաւոր զոհեր տալով՝ արծրունաբար խաբում էր, թէ՝ «յաղթելու ենք», կամ գուցէ ա՞յն ժամանակ, երբ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց՝ «դաւաճան» չորակուելու համար, թէ՞ նոյեմբերի 9-ից յետոյ, երբ բունկերում գոռգոռում էր ժողովրդի վրէժի մասին, իսկ գուցէ տակաւին վերջե՞րս, երբ իր աւտոշարասիւնով վրաերթի ենթարկեց յղի կնոջը…
Այս հարցերի պատասխանները գտնւում են մասնագիտական քննութեան տիրոյթում եւ երբեւէ կարող են ունենալ առողջապահական նշանակութիւն։ Իսկ դրանց քաղաքական ու պետական/հակապետական նշանակութիւնն այն է, որ Հայաստանը ղեկավարում է հոգեբանօրէն արտագաղթած մէկը, ում համար «ապագայ կայ» կարգախօսը ցինիզմի հերթական դրսեւորումն էր, որովհետեւ դրանով ստացած «մանդատն» օգտագործելու էր ու օգտագործում է Հայաստանին ու Արցախին ապագայից զրկելու համար։ Երբ մարդը Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան եթերում գովազդում է Ադրբեջանի կառուցած ճանապարհի որակը՝ այդպիսով արդարացնելով դրա հետեւանքով եւս մի քանի հայկական գիւղի յանձնումը, նա չի կարող հոգեբանօրէն Հայաստանում լինել։
Ինչպէս որ հոգեբանօրէն Հայաստանում գտնուողը չի կարող մխիթարել տնաւեր դառնալու վտանգի առաջ կանգնածներին՝ աւելի յարմարաւէտ բնակարաններ տեղափոխուելու հեռանկարով։ Որովհետեւ նաեւ հոգեբանօրէն Հայաստանում գտնուողն ու պետութիւն ղեկավարողը պէտք է իմանայ ամէն մի գիւղի տեղը եւ ոչ թէ իրեն գցի համապատասխան բախչէքը՝ այդ գիւղի բնակիչների ճակատագրի մասին հարցի պատասխանից խուսափելու համար։
Սեփական երկրում հարիւրաւոր թիկնապահներով շրջողն այդ երկրի մասը չէ բովանդակօրէն ու ըստ սահմանման։ Յատկապէս, որ թիկնապահների օղակում գտնուելու երաշխիքն իշխանութիւնն է, որն այդուհանդերձ մի օր չի լինելու, եւ չեն լինելու նաեւ թիկնապահները, որոնք անգամ ֆիզիկապէս լինելու դէպքում այլեւս չեն լինելու իշխանութեան թիկնապահներ ու վրաերթի ինդուլգենցիա չեն ունենալու։
Ահա այդպիսի հեռանկար ունեցող մարդը սեփական կոմֆորտի նպատակով պէտք է որ վաղուց արտագաղթած լինի հոգեբանօրէն՝ ֆիզիկական փախուստը թողնելով յարմար պահի՝ որեւէ ծովափնեայ բունկերում հանգրուանելու համար։
168.am