Ռոբերտ Մարգարեան
Ինձ մօտ խորագրերն ընդհանրապէս յօդուածի վերջում են ծնուում:
Սա այն բացառիկ դէպքերից է, երբ խորագիրը գրուել է ամենից առաջ ու նախադասութիւններն են լրացնելու գալիս միտքը:
Խորագրից կարող է այնպէս թուալ, որ յօդուածի թեման Հայաստանում գործող արդարադատութեան համակարգի ու մասնաւորապէս Հայաստանի դատարաններում ժամանակաւոր կալանքը, որպէս պատիժ ու որոշ դէպքերում ինչու ոչ, որպէս մահապատիժ կիրառուելու դէպքերի մասին է:
Իհարկէ դա ապացուցուած փաստ է ու կրկնելու կարիք չունի: Հայաստանի օրէնսդրութեամբ ժամանակաւոր կալանքը, որպէս խափանման միջոց կիրառելու համար յստակ պայմաններ գոյութիւն ունեն: Ըստ Հայաստանի Քրէական դատավարութեան օրէնսգրքի կալանքը կիրառուում է, երբ կա վտանգ, որ անձը կարող է նախաքննութիւնից թաքնուել, ազդել նախաքննութեան ընթացքի, վկաների ցուցմունքների վրայ կամ էլ կրկին կատարել յանցագործութիւն։ Իսկ թէ այդ հիմնաւորումներից որի՞ պատճառով էր կալանքի տակ պահուում ընդամենը օրեր առաջ դատական նիստի ժամանակ մահացած պրոդիւսէր Արմէն Գրիգորեանը, կամ շարունակում են անազատութեան մէջ գտնուել Գերասիմ Վարդանեանը, Տարոն Մանուկեանը, Աւետիք Չալաբեանը, Մամիկոն Ասլանեանը, Միկա Բադալեանը, Նարեկ Մանթաշեանը, …. պիտի հարցնել նրանց ժամանակաւոր կալանքի որոշման տակ ստորագրած նիկոլի սրտի դատաւորներին, որոնք իհարկէ նրան «ոչ» չեն կարող ասել:
Բայց չզարմանաք եթէ ասեմ, որ այսօր նիկոլի «թաւշեայ» իշխանութիւնը ժամանակաւոր կալանքից բացի նոյնիսկ ձեր երեւակայութեան մէջ չտեղաւորուող ամենատարբեր երեւոյթներն է օգտագործում չէզոքացնելու ու լռեցնելու համար ընդդիմադիր ձայները:
Կրկին կարող է թուալ, որ խօսքը ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ ընկեր Մուրադ Փափազեանի հետ պատահածի մասին է: Յիշեցման կարգով, Հայաստանի իշխանութիւններն օրեր առաջ ընկեր Մուրադ Փափազեանին «Պերսոնա նոն գրատա» համարելով նրան արգելեցին մուտք գործել Հայաստան: Բռնապետի հովեր առած նիկոլի երազանքն է, որպէսզի սփիւռքում «նիկոլ դաւաճան» վանկարկած ցանկացած սփիւռքահայ Մուրադ Փափազեանի հետ պատահածն աչքի առաջ ունենալով այսուհետ իր հայրենիքն այցելելիս սիրտը դողալով անցնի անցագրերի ստուգման կէտից կամ էլ գուցէ հրաժարուի իր համայնքում կազմակերպուող ցոյցերին մասնակցելուց ու սոցցանցերում Հայաստանի իշխանութիւններին քննադատելիս էլ աւելի զուսպ լինի:
Գուցէ զարմանալի թուայ, բայց երէկ պատերազմը, իսկ այսօր նոյնիսկ բանակն են ընդդիմութեանը լռեցնելու միջոց ծառայեցուում: Խուսափելով փակագծեր բացելուց միայն ուզում եմ յիշել 2018 թուականի իշխանափոխութիւնից յետոյ մինչեւ 44-օրյա պատերազմի մեկնարկն ամենահամարձակ կերպով թաւշեայ իշխանութիւններին քննադատող լրագրող ու վերլուծաբան Մենուա Յարութիւնեանի անունը, ով 2020 թուականի նոյեմբերի 10-ից այս կողմ խորհրդաւոր կերպով լռում է: Իսկ դուք գիտէք ինչո՞ւ: Քանի՞ ընդդիմադիր գործիչներ ծառայութեան համար գործուղուեցին պատերազմի ամենավտանգաւոր գօտիներ ու քանի՞սը Նարեկ Սարգսեանի նման նահատակուեցին: Իսկ դուք գիտէք 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակուած, կամ գոնէ վիրաւորած որեւէ յայտնի քպ-ականի անուն: Ես չգիտեմ: Իսկ վերջին օրերին մասնաւորապէս ընդդիմութեան հանրահաւաքներին ակտիւօրէն մասնակցած երիտասարդները, այդ թուում նոյնիսկ բանտում գտնուող ՀՅԴ անդամներ, բանակում եռամսեայ վարժանքների մասնակցելու մասին ծանուցում են ստանում: Այդ մասին աւելի վաղ բացայայտ կերպով յայտարարել էր նաեւ իշխող խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանը, ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը կոչ անելով բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանութիւնից ու նրանց ընդգրկել եռամսեայ վարժական հաւաքներում։
Աշխարհում բռնապետների ամենամեծ երազանքն իրենց հակառակորդ ընդդիմադիրներին ցանկացած միջոցով չէզոքացնելն ու հնարաւորութեան դէպքում ինչու ոչ, նաեւ ֆիզիկապէս վերացնելն է:
Դատելով վերեւի տողերում բերուած փաստերից պարզուում է, որ ժողովրդավարութեան կեղծ դիմակի տակ թաքնուած Նիկոլ Փաշինեանն այս հարցում տուել անցել է Մոամեր Կադդաֆիին ու Սադդամ Հուսէյնին:
Բայց մեր փոքրիկ բռնապետիկը կարծես մոռացել է, որ խելացին ոչ թէ կրկնում է պատմութեան ընթացքում նախորդների կողմից փորձուածը, այլ նրանց վախճանից դասեր է քաղում:
Կադաֆիի ու Սադամ Հուսէյնի դառը ճակատագիրը վկայ:
7/16/2022