Բանակի կողմից առաջ քաշուած հիմնաւորումներից որեւէ մէկին որեւէ տեսակի լուծում չի տրուել Փաշինեանի կողմից

Բանակի կողմից առաջ քաշուած հիմնաւորումներից որեւէ մէկին որեւէ տեսակի լուծում չի տրուել Փաշինեանի կողմից

Նիկոլ Փաշինեանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, եւ ոչ թէ ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որեւէ հիմնաւորում նրա մօտ որեւէ արժէք չի ունեցել։ «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում ասել է Հայաստանի Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանը՝ հակադարձելով Փաշինեանի այսօրուայ յայտարարութիւններին։

Նշէնք, որ Նիկոլ Փաշինեանը ԱԺ քննիչ յանձնաժողովի այսօրուայ նիստում յայտարարել է, թէ բանակի համար արուել է այն, ինչ ուզել են։ Մասնաւորապէս նա ասել է.«Ես՝ որպէս քաղաքական իշխանութիւն, բանակի առջեւ դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պէտք, եւ դուք դա կ’ունենաք: Ասել են՝ Սու-30 է պէտք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթէ պէտք է՝ կ’ունենաք։ Է՞լ ինչ է պէտք՝ կոչո՞ւմ է պէտք՝ կ’ունենաք, մեդա՞լ է պէտք՝ կ’ունենաք, փո՞ղ է պէտք՝ կ’ունենաք, սնո՞ւնդ է պէտք՝ կ’ունենաք»։

Տիրան Վազգէնի Խաչատրեան: Հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինուած ուժերի գեներալ-լեյտենանտ, Հայաստանի Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ազգային հերոս։

«Երբ Փաշինեանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պէտք է նրան յիշեցնել մի քանի դրուագ, օրինակ՝ փող բանակին պէտք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տուել։ Ընդ որում, մասնագիտօրէն եւ մանրամասն հիմնաւորումներ են եղել, թէ ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրէտ ի՞նչ նպատակի համար դա պէտք է ծառայեր, սակայն այդպէս էլ չի փոխանցուել բանակին ասել է Տիրան Խաչատրեանը։

Տիրան Խաչատրեանը նկատում է՝ այս իշխանութիւնը բանակի համար ինչ ցանկացել կամ ինչը նպատակայարմար է գտել, դա էլ արել է, ոչ աւելին.«Հիմնաւորելն ընդհանրապէս եւ առաջնահերթ խնդիր է եղել, կոնկրէտ իմ մասով՝ ՊՆ-ում պաշտօնաւարելու ընթացքում։ Սակայն, նորից եմ կրկնում, որեւէ տեսակի հիմնաւորում այդ մարդու մօտ որեւէ արժէք չի ունեցել, ընդհանարապէս առաջ քաշուած հիմնաւորումներից որեւէ մէկին որեւէ տեսակի լուծում չի տրուել Փաշինեանի կողմից։ Ինչի՞ մասին է նա խօսում…»։

Անդրադառնալով փաշինեանական իշխանութեան կողմից անօգտագործելի ՍՈՒ-երի գնման որոշմանը, Տիրան Խաչատրեանը նկատում է՝ այն ժամանակ, երբ այս իշխանութիւնը ՍՈՒ-երի ձեռքբերման որոշում ընդունեց, դրա համար խնդրողներ եղել են.«Թէ ովքե՞ր էին այդ խնդրողները եւ ի՞նչ հիմնաւորումներով էին խնդրում, որպէսզի բանակը ՍՈՒ-եր ձեռք բերի, այս խնդրի վերաբերեալ քրէական գործ կայ յարուցուած, վարոյթ է ընթանում, ինքս էլ այդ վարոյթի շրջանակներում անցնում եմ որպէս վկայ, հետեւաբար, այս պահի դրութեամբ, այդ հարցի վերաբերեալ մանրամասներ յայտնել չեմ կարող։ Քրեական գործը յարուցուել է գեներալ – գնդապետ Մովսես Յակոբեանի յայտնի ասուլիսից յետոյ»։

Անդրադառնալով Փաշինեանից մեդալներ եւ կոչումներ խնդրող զինուորականների թեմային, Տիրան Խաչատրեանն ասում է՝ միգուցէ նրանք, ում հետ Փաշինեանն առանձնայատուկ, ջերմ եւ մտէրիմ յարաբերութիւնների մէջ է եղել բանակում, նրանից մեդալներ եւ կոչումներ են խնդրել, նա էլ չի մերժել, տուել է։

Յիշեցնենք, որ ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրեանին 2020 թ. հոկտեմբերի 22-ին՝ 44- օրեայ պատերազմի ամենաթէժ օրերին, վարչապետ Փաշինեանի առաջարկութեամբ եւ ՀՀ նախկին նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով շնորհուած ՀՀ Ազգային հերոսի կոչումն այդպէս էլ ռազմական գործչին չի յանձնուել։

«Փաստինֆոյ» լրատուականի հետ զրոյցում, անդրադառնալով հարցին, Տիրան Խաչատրեանը մանրամասնել էր՝ իրեն որեւէ մէկն «Ազգային Հերոս» մեդալը չի յանձնել, այն մինչ այս պահը գտնւում է Պաշտպանութեան նախարարութիւնում.«Ես վերցրե՞լ եմ իրենց տուած կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ի՞նչ – որ մէկը դա ինձ տուե՞լ է, որ ես իմանայի, թէ ո՞ւմ պէտք է դա հետ տամ»,- պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ վերջինս հետ չի վերադարձնում կապիտուլեանտ իշխանութիւնների կողմից իրեն շնորհուած կոչումն ու մեդալն, ասել էր ռազմական գործիչը։

Բացի այդ, Փաշինեանն այսօր յայտարարել է, թէ պատերազմից խուսափելու հնարաւորութիւնը թերեւս Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու ազգային տեսլականից հրաժարուելն է եղել։ Նման պահանջ, ըստ Փաշինեանի, եղել է Ադրբեջանի կողմից։ Փաստօրէն, վարչապետ աշխատող անձն, ըստ էութեան, ընդունել է, որ պատերազմն իրեն պէտք էր, որպէսզի լեգիտիմ իրաւունք ստանայ՝ հրաժարուելու Արցախի ինքնորոշուման իրաւունքից, Տիրան Խաչատրեանը պատասխանում է՝ Փաշինեանն արել է այն, ինչ իրեն պէտք է եղել։

Share