Փաշինեանը խաղաքարտ տուեց Բաքուին

Փաշինեանը խաղաքարտ տուեց Բաքուին

Մինչ Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացնում էր ադրբեջանական «դաժան» յարձակումից յետոյ Արցախում ստեղծուած սարսափելի իրավիճակը, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղից ստացուող տեսարանները իսկապէս «ցնցող» են, որ ադրբեջանական զինուժի կողմից կան սպանուած ու վիրաւոր երեխաներ, անհետ կորած երեխաներ, որոնց մայրերը յուսահատ փնտրտուքների մէջ են, որ հազարաւոր անօթեւան եւ սովի մատնուած մարդիկ կան, որ ադրբեջանցիները սոցիալական ցանցերում կոչ են անում գտնել անհետ կորածներին բռնաբարելու եւ մասնատելու նպատակով, վարչապետը Փաշինեանը դրանից մի քանի ժամ առաջ Երեւանում այլ պատկեր էր նկարագրում՝ պնդելով՝ «արցախցիների կեանքին ուղիղ սպառնալիք չկայ»։

Հայաստանի վարչապետի հէնց այդ յայտարարութիւնն էլ Ադրբեջանի արտգործնախարարը օգտագործեց որպէս ապացոյց՝ հերքելով Անվտանգութեան խորհրդում տարբեր պատուիրակների, այդ թւում՝ Հայաստանի պատուիրակութեան Ադրբեջանի հասեցին հնչեցրած մեղադրանքները։ Փաշինեանի խօսքերը մէջբերելով՝ Բայրամովը Արարատ Միրզոյեանի մեղադանքները որակեց հիմնազուրկ։

«Ուզում եմ խորհրդի ուշադրութիւնը հրաւիրել այն փաստին, որ ընդամէնը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը իր յայտարարութեան մէջ հերքեց բոլոր այս մեղադրանքները՝ հրապարակաւ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկայ ուղղակի սպառնալիք, եւ որ նրանց նկատմամբ զանգուածային ոճրագործութիւնների մասին պնդումները կեղծ են։ Սա, յիշեցնեմ, Հայաստանի վարչապետի յայտարարութիւնն է, որ արուել է 2 ժամ առաջ», — ասաց նա։

Այսօր էլ, ի դէպ, Փաշինեանի խօսքերը մէջբերել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը, ընդգծելով՝ ինչպէս Հայաստանի վարչապետն է ասել, քաղաքացիական բնակչութիւնը չի տուժել։

«Եւրամիութեան, Ֆրանսիայի եւ Գերմանիայի չճշտուած եւ անլուրջ յայտարարութիւնները անհասկանալի են»,- պնդել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

Որեւէ հակասութիւն Միրզոյեանի ելոյթի եւ Փաշինեանի յայտարարութեան միջեւ չկայ. վարչապետի խօսնակ

Ինչո՞ւ Փաշինեանն Անվտանգութեան խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ արեց այնպիսի յայտարարութիւն, որը խոշոր խաղաքարտ դարձաւ Ադրբեջանի ձեռքում, արդեօ՞ք հնչող պաշտօնական տեքստէրը վարչապետի եւ արտգործնախարարի միջեւ չէն համաձայնեցւում։ «Ազատութեան» այս հարցին ի պատասխան՝ վարչապետի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը փոխանցեց, որ որեւէ հակասութիւն Միրզոյեանի ելոյթի եւ Փաշինեանի յայտարարութեան միջեւ չէն տեսնում։

«Պարոն Միրզոյեանը Անվտանգութեան խորհրդի նիստում ներկայացրել է ամբողջ իրավիճակը։ Փաշինեանը տուել է տուեալ պահի իրավիճակի գնահատականը՝ հաշուի առնելով նաեւ քննարկումները Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։ Վարչապետը մի քանի անգամ շեշտել է, որ ցանկացած յաջորդ պահին իրավիճակը կարող է փոփոխուել»,- «Ազատութեանը» պարզաբանեց Նազելի Բաղդասարեանը։

Ի դէպ, վարչապետ Փաշինեանն այսօր կառավարութեան նիստում վերահաստատեց՝ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչութեան կեանքին այս պահին չկայ. — «Իմ գնահատականն այն էր երէկ երեկոյեան, եւ այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ աւելի դրական իմաստով բարելաւուել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչութեան կեանքին այս պահին չկայ»։

Դիւանագէտների համոզմամբ՝ վարչապետը թուլացրեց Հայաստանի դիրքերը ԱԽ նիստում

Մինչդեռ նախկին դիւանագէտները անթոյլատրելի են համարում տեղի ունեցածը, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի բան է յայտարարում, իսկ վարչապետը՝ մէկ այլ բան։

Նախկին փոխարտգործնախարար Աւէտ Ադոնցը նշում է, որ Հայաստանի իշխանութիւնը անորակ, չհամակարգուած արտաքին քաղաքականութիւն է իրականացնում, երբ աջ ձեռքը չգիտի, թէ ձախը ինչ է անում։

«Վարչապետը մի բան է յայտարարում, արտգործնախարարը այնտեղ լրիւ ուրիշ յայտարարութիւն է անում, այսպէս չի կարելի, ընդհանրապէս չի կարելի, առաւել եւս այս ճգնաժամային իրավիճակներում։ Այս ի՞նչ անորակ քայլեր են տեղի ունենում», — ասում է նա։

Ըստ Աւէտ Ադոնցի՝ Արցախում ստեղծուած իրական խայտառակ վիճակի մասին բոլորը գիտէն, այնտեղ այժմ ոչ թէ քաոս է, այլ ողբերգութիւն է տեղի ունենում, Դիւանագէտն ասում է, որ այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, այլընտրանքը էթնիկ զտումն է կամ բռնութիւնները։

Մեկ այլ նախկին փոխարտգործնախարար, «Ապագայ հայկականը» հիմնադրամի տնօրէն Արտակ Ապիտօնեանը դժուարանում է ասել՝ արդյօք Փաշինեանի՝ Անվտանգութեան խորհրդի նիստից առաջ արուած յայտարարութիւնը, թէ արցախցիների կեանքին ուղղակի սպառնալիք չկայ, ոչ կոմպետենտութեան արդիւնք է, թէ արուել է միտումնաւոր. — «Ամէն դէպքում նման բաներ չի կարելի անել, միջազգային նման հարթակում քննարկումներից առաջ փորձել թուլացնել քո դիրքորոշումը եւ թուլացնել քո պահանջների ամբողջ փաթեթն անթոյլատրելի է։ Բայց սա առաջին անգամ չէ, բազմիցս եղել է, մեր դիրքերի միտումնաւոր թուլացում է գնացել հէնց վարչապետի յայտարարութիւնների պատճառով»։

Չնայած Ադրբեջանը օգտագործեց Փաշինեանի խօսքերը իբրեւ հակափաստարկ, սակայն դիւանագէտների գնահատմամբ՝ Բաքուի փաստարկները ընդունելի չէին առնուազն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Եւրամիութեան, այսինքն՝ Անվտանգութեան խորհրդի արեւմտեան թեւի համար յստակ էր, որ Ադրբեջանն Արցախի ժողովրդին կանգնեցրել է էթնիկ զտման շեմին։ Հստակ էր նաեւ ուղերձը, որ Արցախից տեղահանում չպէտք է լինի։

«Արցախի կորուստը հաւասար կը լինի Անիի կամ Կարսի կորստին». դիւանագէտ

Ի վերջոյ, անօգնական եւ հումանիտար աղէտի մէջ գտնուող մարդկանց պէտք է տարհանել, թէ՝ ոչ։ Այս հարցի շուրջ վերջին օրերին ակտիւ քննարկումներ են ծաւալուել։ Ապիտօնեանի համոզմամբ՝ տարհանումը պէտք է դիտարկել որպէս պահեստային տարբերակ, երբ այլեւս հնարաւոր չի լինի արցախցիների անվտագութիւնն ապահովել։ Այժմ պէտք է օգտուել զինադադարից եւ Բաքուի վրայ առաւելագոյն ճնշում բանեցնելով վերականգնել արցախցիների իրաւունքները եւ հասնել նրան, որ միջազգային տարբեր կազմակերպութիւններ մուտք գործեն Արցախ։ Հակառակ դէպքում տարհանումը կը հեշտացնի Ադրբեջանի խնդիրը եւ դիւանագէտի խօսքով՝ վերջանականօրէն կփակի արցախեան հերոսամարտի էջը։

«Սա հաւասար կը լինի Անիի կամ Կարսի կորստին»,- ասաց Ապիտօնեանը։

-Ազատութիւն

Share