Մինչեւ վարչապետ դառնալը 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանին իր հագով Սահմանադրութիւն կարելու մէջ մեղադրած Փաշինեանը հիմա գնում է Ալիեւի հագով Սահմանադրութիւն կարելու ճանապարհով եւ յայտարարում մի բան, ինչը 2021 թուականին յայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, թէ Հայաստանը պէտք է մշակի նոր Սահմանադրութիւն։
Ականջալուր Ալիեւի այս պահանջին՝ Փաշինեանը նոյնաբովանդակ յայտարարութիւն արել է օրերս՝ Արդարադատութեան նախարարութիւնում։
168 TV-ի «Ռեւյու» հաղորդաշարի եթերում խօսելով Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու եւ գործող Սահմանադրութիւնը ոչ լեգիտիմ համարելու վերաբերեալ փաշինեանական դիտարկումների մասին, «Կալիֆոռնիայ Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը նախ կոչ արեց յիշել, որ Փաշինեանի դէպքում մենք գործ ունենք մէկի հետ, որն անընդհատ անում է իրարամերժ յայտարարութիւններ։
«Օրինակ, երբ մինչեւ վարչապետ դառնալը 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանին մեղադրում էր Սահմանադրութիւնն «իր հագով կարելու մէջ», վարչապետ դառնալուց յետոյ, երբ լրագրողները նրան հարցրեցին՝ չի՞ փոխելու արդյօք Սահմանադրութիւնը, պատասխանեց՝ ոչ, հոյ խաղալիք չէ՞, որ փոխենք, հիմա, սակայն, խօսում է ոչ թէ սահմանադրական փոփոխութիւնների, այլ նոր Սահմանադրութեան անհրաժեշտութեան մասին, ինչն էլ խիստ մտահոգիչ է ինձ համար՝ հաշուի առնելով Փաշինեանի ապազգային գործունէութիւնը»,- ասաց նա՝ յիշեցնելով՝ Փաշինեանը մէկ քննադատում է Հայաստանի զինանշանը, ապա՝ հիմնը, դրանից յետոյ՝ Արարատ սարը՝ ցոյց տալով իր նպատակադրումները։
«Եթէ մի շարքային փողոցային նման բան ասէր, ուղղակի կծիծաղեինք, բայց քանի որ սա ասում է միահեծան մի վարչապետ, որը նաեւ չի խորհրդակցում իր կաբինետի անդամների հետ, ամէն ինչ որոշում է միայնակ, այդ ամէնը դառնում է շատ մտահոգիչ. օրինակ՝ ներկայիս Սահմանադրութեան նախաբանում կայ նշում Հայոց ցեղասպանութեան մասին, եւ իմ կարծիքով՝ դա նա հանելու է»,- ասաց Սասունեանը։
Հարցին՝ Փաշինեանը լուծարո՞ւմ է 3-րդ հանրապետութիւնն ու իր կրած պարտութեան հիմքով ստեղծում 4-րդ հանրապետութեօ՞ւն, Սասունեանն արձագանքեց.
«Ես աւելի վատ կարծիք ունեմ, նա ոչ միայն լուծարելու է գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութիւնը, այլեւ մենք կորցնելու ենք այն՝ տեղը որեւէ բան չստանալով։ Երանի ինչ-որ բան կարողանար ստեղծել, բայց նա որեւէ նոր բան ստեղծել չի կարող, նա աւելի լաւ բան ստեղծող մարդ չէ. յիշեք՝ նրա օրօք ենք 2020 թուականին ջախջախիչ պարտութիւն կրել, նրա օրօք ենք կորցրել Արցախի մնացեալ հատուածը, ուստի այս դէպքում էլ նա կորցնելու է այն, ինչն ունենք՝ լաւ, կամ վատ»,- ասաց Սասունեանը։
Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում։