Փաշինեանն ու Ալիեւը հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի շրջանակում

Փաշինեանն ու Ալիեւը հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի շրջանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտգործնախարարներին յանձնարարել են շարունակել խաղաղութեան համաձայնագրի շուրջ բանակցութիւնները՝ հնարաւորինս սեղմ ժամկէտում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով։ Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայութիւնը։

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այսօր հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ փոխուարչապետ Մհեր Գրիգորեանը, Ադրբեջանի փոխուարչապետ Շահին Մուստաֆաեւը, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանն ու Ջեյհուն Բայրամովը:

Հանդիպման ընթացքում քննարկուել են խաղաղութեան օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, այդ թւում` խաղաղութեան պայմանագիրը, սահմանազատումն ու սահմանագծումը, փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր։

ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետութիւնների ղեկավարների մասնակցութեամբ անցկացւում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միաւորում է, որը ստեղծուել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարաւային Աֆրիկայի Հանրապետութիւնն է ընդգրկուել կառոյցում:

2024 թուականի սկզբից ԲՐԻԿՍ-ին են միացել նաեւ Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն եւ Սաուդեան Արաբիան։

Share