Համայն հայութեան ամենամեծ ողբերգութիւնն այն է, որ Հայաստանը ղեկավարուում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից:
Յարութ Սասունեան
Համայն հայութեան ամենամեծ ողբերգութիւնն այն է, որ Հայաստանը ղեկավարուում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից:
Անցեալ շաբաթ Հայաստանի հանրային հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը ևս մէկ անգամ կրկնեց իր անհեթեթ խօսքերը «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» տարբերութեան մասին։ Նա նոյնիսկ պնդեց, որ «Պատմական Հայաստանը» այսօրուայ «Իրական Հայաստանի» թշնամին է։ Միայն այն պատճառով, որ դարերի ընթացքում Հայաստանի սահմանները փոխուել են պատերազմների և նուաճումների պատճառով, չի նշանակում, որ «Պատմական Հայաստան» գոյութիւն չունի։ Չզարմանաք, եթէ մի օր Փաշինեանը յայտարարի, որ Հայաստանը գոյութիւն ունի միայն 2018 թուականից, երբ ինքը եկաւ իշխանութեան…
Փաշինեանը փորձում է հայերին զրկել ապագայում «Պատմական Հայաստանը» վերականգնելու մասին նոյնիսկ երազելու իրաւունքից։ Նա միամտօրէն կարծում է, որ յայտարարելով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևան երկրներից, կարող է համոզել Ադրբեջանին Հայաստանի հետ կնքել խաղաղության անիմաստ պայմանագիր։ Սակայն փաստն այն է, որ նախագահ Ալիևը զրոյական հետաքրքրութիւն ունի խաղաղութեան պայմանագրի ստորագրման հարցում։ Ընդհակառակը, նա բազմիցս սպառնում է յարձակուել Հայաստանի վրայ՝ այն ներկայացնելով որպէս «Արևմտեան Ադրբեջան» և պահանջելով 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։
Փոխարէնը յայտարարելու, որ մենք որևէ մէկից պահանջ չունենք, Փաշինեանը պէտք է պարզապես լուռ մնա։ Նա ոչ պէտք է ասի՝ մենք պահանջներ ունենք, ոչ էլ՝ պահանջներ չունենք։ Պատճառն այն է, որ Հայաստանն այժմ թոյլ է և չի կարող ռազմական առումով դիմակայել իր շատ աւելի ուժեղ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային: Այնուամենայնիւ, սխալ է յայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք, քանի որ դա կզրկի հայերին երբևէ իրենց կորցրած տարածքները վերադարձնելու իրաւունքից։ Այս երազանքը վառ պահելու համար Հայաստանին պէտք չէ ունենալ հզօր բանակ․ պարզապէս պէտք է պահպանել պատմական յիշողութիւնը և այն փոխանցել գալիք սերունդներին, մինչև այն օրը, երբ անսպասելի հանգամանքների բերումով հնարաւորութիւն ընձեռուի վերականգնելու հայ ժողովրդի կորցրածը։ Եթէ նրանք վառ չպահեն այդ երազանքը, նոյնիսկ երբ նման հնարաւորութիւն ընձեռնուի, հայերը չեն կարողանայ օգտուել դրանից, քանի որ կամաւոր հրաժարուել են այդ իրաւունքից։
Լաւագոյն օրինակն այն է, ինչին կարողացան հասնել հրեաները իրենց հայրենիքը 2000 տարի առաջ կորցնելուց յետոյ: Պահպանելով իրենց երազանքը՝ «Յաջորդ տարի Երուսաղեմում» և այն փոխանցելով սերնդէսերունդ՝ նրանք կարողացան օգտուել 20-րդ դարում ընձեռնուած հնարաւորութիւնից՝ վերադառնալու իրենց պատմական հայրենիքը։
Հանրային հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում Փաշինեանը յայտարարեց, որ ոչ ոք զէնք չի վաճառի Հայաստանին, եթէ մենք շարունակենք Արարատը յիշատակել որպէս մեր լեռը: Սա բացարձակ սուտ է: Արարատ կամ Արագած ասելը որևէ կապ չունի զէնք ձեռք բերելու հետ: Դա կապուած է երկրի և բանակի կառավարման ունակութեան և անհրաժեշտ զէնքի համար ֆինանսական միջոցների առկայութեան հետ: Եթէ Արարատ ասելը խանգարում է Հայաստանին զէնք ձեռք բերելուն, ապա ինչպէ՞ս էր Հայաստանը, մինչև Փաշինեանը, ձեռք բերել միլիարդաւոր դոլարների զէնք, որը, ցաւօք, 2020 թուականի պատերազմի ժամանակ բռնագրաւուել է Ադրբեջանի կողմից և այժմ ցուցադրուում է Բաքւում:
Այն հարցին, թէ արդեօ՞ք պատշաճ է, որ նա հեծանիւ է վարում կամ ֆեյսբուքեան էջում ձուածեղ է պատրաստում, մինչդեռ երկիրը պատերազմի շեմին է, Փաշինեանը պատասխանեց. «մեր երկրի բոլոր ինստիտուտներն աշխատում են նոյնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիւ եմ քշում»:
Փաշինեանը նաև արդարացրեց իր մշտական զիջումներն Ադրբեջանին՝ բացատրելով, որ չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի էսկալացիոն հռետորաբանութեանը, որն ուղղուած է նոր ռազմական գործողութիւնների հրահրմանը։ Նա կարծես թէ չի հասկանում, որ հակառակորդին զիջումներ անելը չի զսպում պատերազմը։ Ընդհակառակը, դա մեծացնում է Ալիևի ախորժակը՝ պահանջելու աւելի շատ զիջումներ։
Սփիւռքահայերից մէկի՝ մի օր իր պապերի հայրենիք վերադառնալու երազանքի մասին հարցին, Փաշինեանն արձագանքեց անհոգորեն ու վիրաւորական. «Մեր հայրենակիցն ապրում է Աւստրալիայում, ուզում է վերադառնալ իր պապերի հայրենիք, որը կարող է լինել աշխարհի որևէ տեղում, այդ թուում՝ կարող է լինել Մուշում, Արդահանում, Սիսում, բայց դրա համար մենք պէտք է մեր զինուորներին թիրախ դարձնե՞նք, դա՞ է մեր ուզածը: Այսինքն՝ մենք ուզում ենք իքս պահի մեր զօրամասերի վրայ հրթիռներ ընկնեն այն պատճառով, որ Կամբերրայում մարդիկ կան, որ ուզում են վերադառնան իրենց պապերի ծննդավայրը, որն Ադանան է: Սա տրամաբանակա՞ն է»:
Ի պատասխան հարցին, թէ ինչու՞ նա ոչինչ չի արել Բաքւում հայ պատանդների ազատ արձակման համար, Փաշինեանը պատասխանեց. «Այսօր կան գերտէրութիւններ, որոնք նոյն վիճակում գտնուող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել»։
Անցած շաբաթ Ցիւրիխում մի խումբ շվեցարահայերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անպետք հարցեր բարձրացրեց Հայոց ցեղասպանութեան հիմնական փաստերի վերաբերեալ. «Մենք Հայոց ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք։ Պէտք է հասկանանք՝ լաւ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»: Փաշինեանն աշխարհում երևի միակ հայն է, որը չգիտի, թէ ինչ է տեղի ունեցել 1915 թուականին։ Այնուհետև նա անհեթեթ հարցով շարունակեց. «Ո՞նց է, որ 1939 թուին Հայոց ցեղասպանութեան օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թուին Հայոց ցեղասպանութեան օրակարգ յայտնուել է»։ Փաշինեանն անգամ չգիտի, որ ցեղասպանութիւն եզրոյթը 1939 թուականին գոյութիւն չի ունեցել։ Այն ստեղծուել է 1940-ականներին Ռաֆայէլ Լեմկինի կողմից։ Մինչ այդ հայերը 1915 թուականի զանգուածային սպանութիւնները անուանում էին ջարդեր։
Հայաստանի նոր հայրենասէր ղեկավարը իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ պէտք է յայտարարի, որ Փաշինեանի բոլոր հրամանները, օրէնքները, յայտարարութիւնները և համաձայնութիւնները անվաւեր են:
Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի