Փաշինեանը պնդում է՝ Անկախութեան հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրութեան բովանդակութիւնները նոյնական չէն

Փաշինեանը պնդում է՝ Անկախութեան հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրութեան բովանդակութիւնները նոյնական չէն

Եթէ կէս տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ինքն էր Սահմանադրութեան փոփոխութեան համատեքսում հայաստանցիներին փորձում բացատրել Անկախութեան հռչակագրից բխող սպառնալիքներն, այսօր արդէն փաստաթղթի ընդունման առթիւ յղած շնորհաւորական ուղերձում նրա շեշտադրումներն այլ են: Այժմ էլ վարչապետը պնդում է՝ թէեւ Անկախութեան հռչակագրին յղումը տեղ է գտել Սահմանադրութեան մէջ, միեւնոյն է՝ դա չի նշանակում, որ այս երկու փաստաթղթերի բովանդակութիւնը նոյնական է:

«Դրա ամենավառ ապացոյցը Հռչակագրի 5-րդ յօդուածն է, որտեղ ասւում է. «Հայաստանն իր անվտանգութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագոյն խորհրդին ենթակայ սեփական զինուած ուժեր, ներքին զօրքեր, պետական եւ հասարակական անվտանգութեան մարմիններ»: Չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը, Սահմանադրութեամբ զինուած ուժերը, Ոստիկանութեան զօրքերը, պետական եւ հասարակական անվտանգութեան մարմինները երկրի խորհրդարանին չէն ենթարկւում, այլ մինչեւ 2015թ. սահմանադրական փոփոխութիւնը ենթակայ են եղել երկրի նախագահին, իսկ 2018թ. ապրիլից յետոյ՝ Կառաւարութեանը», – նշուած է ուղերձում:

Այս օրինակն, ըստ Փաշինեանի, աներկբայ ցոյց է տալիս, որ Սահմանադրութեան մէջ Անկախութեան հռչակագրի միայն այն դրոյթներն են, որոնք արտայայտուած են ուղղակի, բառացի եւ տառացի, եւ որեւէ այլ մեկնաբանութիւնը պարզապէս պատեհ չէ: Թէ ում է ուղղուած վարչապետի այս դժգոհութիւնը, տեքստում այդ մասին ոչ մի խօսք չկայ:

Բայց Հայաստանի Սահմանադրութիւնն ու դրանում Անկախութեան հռչակագրին յղումը խնդրահարոյց է համարում Ադրբեջանը: Աւելին՝ պնդում են, թէ դա է խաղաղութեան պայմանագրի ստորագրման գլխաւոր նախապայմանը։

Բաքուի մեկնաբանութեամբ՝ Հայաստանի մայր օրէնքում առկայ յղումը 1990 թուականին ընդունուած Հռչակագիրն Ադրբեջանից տարածքային պահանջներ է ենթադրում: Եթէ Նիկոլ Փաշինեանն այսօր ցանկացած այլ մեկնաբանութիւն, որը բառացի չէ, անպատեհ է համարում, ապա տարեսկզբին հէնց ինքն էր վերլուծում Հռչակագրի դրոյթներն ու եզրակացնում՝ դրանք ընկալելի չէն ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ միւս հարեւանների համար:

«Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք եւ գնանք իրագործենք մեր հռչակագրի դրոյթները: Եթէ մենք այսպէս ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարեւանները դաշինք են ձեւաւորելու մէզ ոչնչացնելու համար, որովհետեւ մենք հռչակել ենք, որ առնուազն մենք իրենց հետ թեմայ ունենք», – ասել էր վարչապետը:

Նոյն այս հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը կարմիր շորի եւ ցլի յայտնի օրինակով հայաստանցիներին զգուշացնում էր՝ Հռչակագրից չհրաժարուելու դէպքում պատերազմ է լինելու: Այսօր պնդել է, թէ անկախութիւնը, ինքնիշխանութիւնը, պետականութիւնը ինքնութեան եւ ինքնուրոյնութեան պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են եւ Անկախութեան հռչակագրի ընդունման օրն այդ ինստիտուտների հետ առնչուելու առաջին փորձն էր:

Ըստ Արթուր Խաչատրեանի՝ ի վերջոյ Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի պարտադրանքով կփոխի Սահմանադրութիւնը

«Հայաստան» խմբակցութիւնից պատգամաւոր Արթուր Խաչատրեանին վարչապետի ելոյթի հակասութիւնները չէն զարմացնում, ասում է՝ Փաշինեանը տարբեր փուլերում կարող է տարբեր յայտարարութիւններ անել, սակայն մի բան, ըստ պատգամաւորի, յստակ է՝ ի վերջոյ Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի պարտադրանքով կփոխի Սահմանադրութիւնը եւ այնտեղից կը հեռացուի Անկախութեան հռչակագրին յղումը:

«Ամէն դէպքում իր քաղաքականութիւնը նոյնն է՝ Սահմանադրութիւնը պէտք է փոխել: Ինչ բանտիկներ է կապում ինքն էդ ուղերձի վրայ, բացառապէս կարեւոր չէն: Աեօ, այդ բանտիկները մէկը միւսից տարբերւում են, բայց հիմնական իր խօսքը դա է՝ պէտք է հրաժարուենք Սահմանադրութիւնից, պէտք է հրաժարուենք Անկախութեան հռչակագրում ամրագրուած սկզբունքներից», – ասաց Խաչատրեանը:

Այսօրուայ ուղերձի շեշտադրումները հաշուի առնելով՝ «Քաղաքացիական պայմանագրում» ի՞նչ են կարծում՝ փոխուե՞լ է արդյօք Անկախութեան հռչակագրի վերաբերեալ վարչապետի դիրքորոշումը: Հովիկ Աղազարեանի ընկալմամբ՝ ոչ, վարչապետն, ըստ նրա, կարեւորում է պատմական այդ փաստաթուղթը, բայց Աղազարեանը, մէկ է, կարծում է՝ դրան յղումը պէտք է հանել նոր Սահմանադրութիւնից:

«Մենք էլ ունենք աշխարհում պետութիւններ, երկրներ, որոնք մեր հետ համակիր երկրներ են, մէզ շատ հարցերում օժանդակում են, եւ այդ օժանդակութիւնն ակնյայտ է: Մենք ինչի՞ էդ երկրների գործողութիւնները սահմանափակէնք մէզ աջակցելու կոնտեքստում, որ Ալիեւը հանդիպի այս կամ այն երկրի ներկայացուցչի հետ չասի՝ տեսեք, Սահմանադրութիւնով իրենք ասում են, որ Արցախը պիտի գրաւէն: Մեր տեսակէտն, իմ կարծիքով, այն է, որ նոր Սահմանադրութիւն ընդունելուց պէտք չի, որ յղում անենք Հռչակագրին», – ընդգծեց Աղազարեանը:

Հայաստանի իշխանութիւնը Սահմանադրութեան փոփոխութիւնը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքուի պահանջները որակում անընդունելի: Բայց սրանով հանդերձ մայր օրէնքի փոփոխութեան հարցը Նիկոլ Փաշինեանը քննարկել է ադրբեջանցի պաշտօնեաների հետ, նրանց ասել է, թէ դա քաղաքականապէս շատ ծանրաշարժ գործընթաց է, եւ Սահմանադրութեան նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027-ին։ Նման պնդում էր արել Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, վարչապետ Փաշինեանի աշխատակազմից սա մինչ օրս չէն հերքել: Պատգամաւոր Արթուր Խաչատրեանը վստահ է՝ իշխանութիւնը մայր օրէնքը փոխելու գործընթացը յայտարարած ժամկէտից աւելի վաղ կը սկսի:

«Ուր կը հասնենք, չգիտեմ, բայց վստահ եմ, որ աւելի վատ կը սկսէն, վստահ եմ՝ յետոյ էլ կասէն՝ դէ փաստաթուղթը կայ, ինչի՞ սպասենք: Որեւէ բան ես չեմ բացառում, սրանք ամէն ինչի պատրաստ են գնալ», – նշեց Արթուր Խաչատրեանը:

Անկախութեան հռչակագրի այսօրուայ շնորհաւորական տեքստից դուրս չէին մնացել իրական Հայաստանի մասին վարչապետի մտքերը, դրանք ուղերձում զետեղուած էին բանաստեղծութեան տեսքով:

azatutyun.am

Շողիկ Գալստեան

Share