Փաշինեանն խուսափում է Արցախի կառավարութեան պաշտօնեաների հետ հանդիպումից

Փաշինեանն խուսափում է Արցախի կառավարութեան պաշտօնեաների հետ հանդիպումից

«Ժողւուրդ» օրաթերթը գրում է. «Ժողւուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Նիկոլ Փաշինեանը ամէն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանութիւններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարութեան հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայից յետոյ Հայաստան տեղափոխուած Արցախի բարձրաստիճան պաշտօնեաները՝ նախագահ Սամուել Շահրամանեանը, պետնախարար Արթուր Յարութիւնեանը, ինչպէս նաեւ արտգործնախարար Սերգեյ Ղազարեանը, որը դեռեւս Լաչինի միջանցքի շրջափակումից յետոյ մնացել էր Երեւանում, սպասում են, որ Նիկոլ Փաշինեանն ընդունի իրենց: Նրանք մինչ այդ փաստացի անգործութեան են մատնուած: Փնտրում են Փաշինեանին, որ իրենց ապագայ անելիքները ճշտէն:

Փաշինեանն էլ ամէն անգամ մի պատճառաբանութիւն է բերում, որպէսզի խուսափի Արցախի վտարանդի կառավարութեան հետ հանդիպումից, այսպէս ասած՝ չի ուզում իր վրայ պատասխանատուութիւն վերցնել:
Բանն այն է, որ Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը մտադիր է ի լուր Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան, յայտարարել, որ Ադրբեջանի ճնշման տակ է ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, ուստի այն ապօրինի է եւ իրաւական որեւէ ուժ չունի: Կարող է նաեւ ստորագրել նոյն հրամանագիրը չեղարկելու մի նոր որոշում:

Հիմա Արցախցի պաշտօնեաները փակուղում են յայտնուել. մի կողմից ուզում են քայլեր ձեռնարկել, միւս կողմից էլ չէն ցանկանում առանց ՀՀ իշխանութիւնների հետ համաձայնեցնելու գործել:

Այս իրավիճակում տարօրինակ ու անհասկանալի դիրք է բռնել Ացախի արտգործնախարար Սերգեյ Ղազարեանը:

Ինչպէս մեր աղբիւրներն են փոխանցում, վերջինս զանգում է Արցախցի նախարարներին ու պատգամաւորներին ու ասում, թէ ձեր հանրային խօսքում մի օգտագործեք Արցախի Հանրապետութիւն բառը, քանի որ Փաշինեանի խօսնակն էլ հանրային կերպով ներողութիւն խնդրեց Արցախ բառն օգտագործելու համար, ուստի ցանկալի չէ, որ իրենք էլ օգտագործեն:
Այս խօսակցութիւններից յետոյ Արցախցի պաշտօնեաների եւ Սերգեյ Ղազարեանի յարաբերութիւնները լարուել են:

Մեզ հետ զրոյցում Սերգեյ Ղազարեանը կտրականապէս հերքեց, որ արցախի պաշտօնեաներին նման բան է ասել.
«Բացարձակ սուտ է, նման բան չկայ, ես պարզապէս ասել եմ, որ հիմա լրիւ այլ իրողութիւն ունենք եւ պէտք է ըստ այդմ շարժուենք, չենք կարող գործել այնպէս, ինչպէս՝ նախկինում: Ես որեւէ մէկին չեմ ասել՝ Արցախ բառը չօգտագործեք»,-ասաց նա:

Ղազարեանից հետաքրքրուեցին նաեւ՝ այս նոր իրողութիւններում ինքն ինչո՞վ է զբաղուած, ի՞նչ աշխատանք է տանում, հարցին ի պատասխան աաաց՝ բռնի տեղահանուած արցախցիների խնդիրներով է զբաղւում: Եւ ոչ մի խօսք վտարանդի կառավարութեան գործունէութեան մասին: Չէ որ անգամ չարաբաստիկ այն հրամանագրով, Արցախի հանրապետութիւնը գոյութիւն ունի մինչեւ յունուարի 1-ը: Ու եթէ Արցախի նախարարներն ու պատգամաւորները անգործութիւն են ցուցաբերում, նշանակում է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թելադրանքով են գործում:

Share