«Ժողւուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ընդդիմադիր պատգամաւորները զրկուած են միջազգային հարթակներում եւ պատուիրակութիւնների կազմում ընդգրկուած լինելու եւ իրենց կարծիքն արտայայտելու իրաւունքից:
Այսպիսով՝ «Ժողւուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի գլխաւորութեամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտօնական այցով Հայաստանից խորհրդարանական պատուիրակութիւն կմեկնի Կանադայ՝ Օտտաւայ։ Պատուիրակութեան կազմում Ալէն Սիմոնեանը հերթական անգամ ընդգրկել է բացառապէս իշխանութեան ներկայացուցիչներին, իրենից բացի՝ ընտրել է ՔՊ խմբակցութեան քարտուղար Արթուր Հովհաննիսեանին, որը յայտնի է իր խուլիգանական վարքագծով, եւ մամուլն այդ մասին բազմիցս գրել է:
Պատուիրակութեան կազմում են նաեւ ՔՊ խմբակցութեան պատգամաւորներ Ռուստամ Բաքոյեանը, որը յայտնի է իր քաղաքացիական կնոջ հանդէպ բռնութիւն գործադրելու ամօթալի պատմութեամբ, Արման Եղոյեանը, որը յայտնի է իր իմպուլսիւ բնաւորութեամբ եւ բազմաթիւ սկանդալների ու կռիւների մէջ է յայտնուել մինչ այս, եւ, վերջապէս, Յասմիկ Յակոբեանը, ով Ալէն Սիմոնեանի նախկին օգնականն է, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դաւիթ Առաքելեանի ընկերուհին, որի բարեկամներն ու ծանօթները ԱԺ-ում են աշխատում կոռուպցիոն միջամտութեան արդիւնքում:
Եւ ահա, նրանք գնում են օրինակելի, ժողովրդավարական երկիր Կանադայ՝ ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովը: Մինչդեռ ԱԺ-ն հաւաքական մարմին է, որտեղ կան նաեւ 2 ընդդիմադիր խմբակցութիւններ: Եւ յատկապէս խորհրդարանական կառավարման երկրներում, ԱԺ-ի գործունէութեան շրջանակներում ընդդիմութեան ներկայացուածութիւնը պարտադիր է:
«Ժողւուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խօսնակ Մովսես Յարութիւնեանին՝ պարզելու՝ ինչու ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի միանձնեայ որոշմամբ կազմուած Կանադայ մեկնող պատուիրակութեան կազմում ընդդիմութիւնը չունի ներկայացուածութիւն:
«ԱԺ նախագահը նպատակայարմար է համարել պատուիրակութեան կազմում ընդգրկել այն պատգամաւորներին, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում Հայաստան-Կանադայ բարեկամական խմբում եւ նպաստել են երկու երկրների բարեկամական կապերի զարգացմանը»,- պատասխանեց ԱԺ նախագահի մամուլի խօսնակը:
Այսինքն՝ ԱԺ նախագահն է գնահատում, թէ ով է Կանադայի բարեկամը, մինչդեռ Հայաստան-Կանադայ բարեկամական 21 հոգանոց խմբի ղեկավարը Իշխան Սաղաթելեանն է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութիւնից, ով չի ներգրաւուել պատուիրակութեան կազմում»: