Դիւանագէտների համահայկական խորհուրդ- Փաշինեանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու

Դիւանագէտների համահայկական խորհուրդ- Փաշինեանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու

Մինչ Հայաստանի գործող իշխանութիւնները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների քաջալերող յայտարարութիւնները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանութիւնները բացայայտում են հայ-ադրբեջանական «խաղաղութեան պայմանագրի» նախապատրաստման եւ համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշուառութիւնը: Այս մասին յայտարարութիւն է տարածել Դիւանագէտների համահայկական խորհուրդը։

«Վերստին հաստատուեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն աւելի շատ բանակցային իմիտացիայ է եղել, որի նպատակը տպաւորութիւն ստեղծելն է, թէ այն ոչ թէ Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մօտեցնելու նպատակով իրականացուած դիւանագիտական աշխատանքի արդիւնք է:

Ակնյայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանատուները ոչ մի հիմնաւորում չէն կարողանում բերել Ադրբեջանի կողմից ընդառաջ կատարուած քայլերի, հրաժարուած ձեւակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկայ նաեւ Հայաստանի օկուպացուած տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, Բաքուի բանտերում խոշտանգուող եւ կեղծ դատավարութիւններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ազատ արձակելու պահանջուած կէտէրը հետապնդելու եւ դրանք առաջ մղելու ջանքերի մասին:

Ուշադրութիւն ենք հրաւիրում նաեւ այն հանգամանքի վրայ, որ ՛՛խաղաղութեան պայմանագրի՛՛ համաձայնեցուած լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգեւորուած ելոյթներից յետոյ նոյնիսկ այդ փաստաթղթի բովանդակութիւնը շարունակում են գաղտնի պահել հանրութիւնից: Կասկածի տեղիք է տալիս նաեւ իբրեւ թէ համաձայնեցուած պայմանագրի յետագայ ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, միւս կողմից՝ ադրբեջանական պատասխանատուները, առանց փակագծերի, խօսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին եւ առաջադրում են նորանոր պահանջներ:

Որեւէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ գոյութեան բանաձեւի կամայական խեղաթիւրումների համար, որոնք արւում են միմիայն սեփական իշխանութիւնը երկարաձգելու եւ պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թոյլ տուած տապալումները քօղարկելու նպատակով:

Դիւանագէտների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակէտները եւ հաշուի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիւ խաղաղութեան հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տեւական եւ կայուն խաղաղութիւն չի կարող հաստատուել հակամարտութեան միայն մէկ կողմի առաւելապաշտական ցանկութիւնները բաւարարելու միջոցով:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս անվստահութեան մթնոլորտը խիստ պահանջուած է դարձնում անկողմնակալ, յուսալի եւ պատասխանատու միջնորդական առաքելութեան ներգրաւումը, իսկ արդար կարգաւորման համար պարտադիր ենք համարում հետեւեալ հիմնադրոյթների հասցէագրումը.

ՀՀ ինքնիշխանութեան իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականութեան ճանաչման եւ ադրբեջանական զօրքերի դուրսբերման ճանապարհով ապաշրջափակում եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շայաւէտ տնտեսական համագործակցութեան հեռանկարով

միջազգային իրաւունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի եւ այլ հիմնարար իրաւունքների ամրագրումը

բոլոր գերեւարուած եւ պատանդառուած անձանց, այդ թւում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը եւ ակտիւ աշխատանք՝ անյայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղութեամբ:
Թուարկուած պահանջների հետ մէկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցուած պայմանագրի հրապարակումը:

Նիկոլ Փաշինեանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացութեան տալու եւ հայ ազգի զաւակների ճակատագիրը Բաքուի բռնապետի քմահաճոյքին թողնելու համար, ուստի եզրակացութիւնը մէկն է՝ այս պայմանագիրը որեւէ առնչութիւն չունի խաղաղութեան հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղութիւնը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դէմ նոր պատերազմի համար»,- նշուած է յայտարարութեան մէջ:

Share