«Ապառաժ» ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական Կոմիտէի Պաշտօնական Կայքէջ
Վերջին օրերին յաճախ է խօսւում Փառուխ գիւղի եւ Քարագլուխ կոչուող բարձունքի ռազմավարական նշանակութեան մասին: Մարտի 24-ից տեղանքն ադրբեջանցիների կողմից օկուպացուել է, ինչն ուղիղ սպառնալիք է Արցախի ու արցախցիների անվտանգութեան համար:
Փառուխ-Քարագլուխ տեղանքը, սակայն, անչափ կարեւոր է նաեւ Արցախի պատմամշակութային ժառանգութեան տեսանկիւնից: Քարագլուխը գտնւում է Ասկերան քաղաքից 10 կմ հիւսիս-արեւմուտք, Շիկաքար կոչուող ժայռի շրջակայքում։ Գիւղի Շիկաքար բերդը պատմական կարեւոր վայրերից է եւ նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանութեան գործում։ Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանաւոր բնական բերդերից մէկը:
2011թթ. ԱՀ կառավարութեան որոշմամբ՝ Փառուխի պատմամշակութային յուշարձանները ներառուել են Ասկերանի շրջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակի մէջ: Ըստ այդմ, վերոնշեալ տարածքում կայ աւելի քան 20 յուշարձան, այդ թւում՝ 2 եկեղեցի, հանրայայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժէք ունեցող մշակոյթի յուշարձաններ, գերեզմանոցներ, մոնումենտալ արուեստի կոթողներ, մասնաւորապէս՝ խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնւում նաեւ Շիկաքարի քարանձաւը, որտեղ 2011թ. հետազօտութիւն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշաւախումբը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսեանի խօսքով, այդ տարածաշրջանում գտնուող՝ մեր մշակութային ժառանգութեան մի կարեւոր հատուած այս պահին վտանգուած է: «Վերոնշեալ տեղանքն առանձնանում է Արցախի դարաւոր պատմութիւնն ու մեր ինքնութիւնը վաւերագրող հարուստ պատմամշակութային արժէքներով: Տարածքն աւելի մանրամասն հետազօտութեան կարիք ունի, քանզի ընդամէնը մի քանի ամիս առաջ «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի կողմից այնտեղ հետազօտութիւններ են կատարուել եւ յայտնաբերուել են 20-ից աւելի նոր խաչքարեր: Սա փաստում է, որ Քարագլուխը հաւանաբար դեռ ունի չբացայայտուած յուշարձաններ: Մեր մշակութային ինքնութեանն ու պատմամշակութային ժառանգութեանը հասցւում է հերթական ցաւալի հարուածը, խաթարւում է պատմական լանդշաֆտը, ինչը մեր ժողովրդի ինքնութեան վկայութիւններից է: Հաշուի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ շարունակաբար տարուող մշակութային էթնոցիդի քաղաքականութիւնը, այն է՝ վերացնել հայկականութեան իւրաքանչիւր հետք, վստահ ենք, որ Քարագլխի տարածքում գտնուող մեր մշակութային ժառանգութիւնը վտանգուած է: Մեր խիստ մտահոգութիւնն ենք յայտնում եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութեամբ զբաղուող միջազգային կազմակերպութիւնների ուշադրութիւնը հրաւիրում այս խնդրին: Ադրբեջանի կողմից տարուող էթնոցիդի քաղաքականութիւնը չի փոխուել: Ադրբեջանական իշխանութիւնների անպատժելիութիւնը ծնում է նոր յանցանքներ, ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ ամէն օր՝ միջազգային հանրութեան լռութեան ներքոյ: Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգութիւնը պաշտպանութեան կարիք ունի»: