Ապրիլ 24ը և բոլշևիկեան օրացոյցի Վախճանը

Ապրիլ 24ը և բոլշևիկեան օրացոյցի Վախճանը

Զարեհ Աճէմեան

107 տարի առաջ իրագործուած անմարդկային ոճիրը դեռևս մնում է անհատոյց և անպատիժ:

Այսօր երբ ականատես ենք թէ ինչպէս մարդկային ոճիրները մէկը միւսի հետևից կրկնւում ու անպատիժ են մնում թերևս աւելի հասկանալի է դառնում թէ հարիւր տարի առաջ մեր ժողովրդին պատահածի համար ինչ գերմարդկային ու հաւաքական հսկայ ներդրում է պէտք որպէսզի դա ևս չթաղուի պատմութեան էջերում իբրև պատմական մի դէպք:

Հայոց ցեղասպանութեան խնդիրը այսօր կենդանի է և միջազգային ճանաչողութիւն է գտել ցեղասպանութեան վերապրող սերունդների, մտաւորականների, քաղաքական գործիչների ու յատկապէս կուսակցութիւնների շնորհիւ և դա ոչ միայն կարողացել է որոշ չափով ամոքիչ հանգամանք դառնալ վերապրողների ու նրանց յաջորդող սերունդների համար, ոչ միայն երկար տարիներ զանազան ցամաքամասերում ապրող հայութեան ազգային ինքնաճանաչման ու միասնութեան ազդակն է հանդիսացել այլ նաև եղել ու մնում է Հայաստանի ազգային անվտանգութեան հիմնասիւներից մէկը:

Բոլշևիկեան տիրապետութեան տարիներին հրատարակուող «Հայպետհրատ»ի 1964ի պատի օրացոյցը Ապրիլ 24ը նշում է իբրև «Երիտասարդութեան միջազգային համերաշխութեան օր ընդդէմ գաղութակալութեան և ազատութիւն աֆրիկացի բոլոր ժողովուրդներին»: Երևանի փողոցները ողողած և «մեր հողերը, մեր հողերը» բացականչող հայ ժողովուրդը սովետական Հայաստանի կառավարութեան անգամ կարողացաւ պարտադրել Ապրիլ 24ը յիշատակել իր պատմական իրողութեան ճշգրիտ պարունակի մէջ:

Բնական և ակնկալուող ընթացքը պիտի լինէր այն, որ Հայաստանի անկախութիւնից յետոյ Հայոց Ցեղասպանութեան հարցը և մեր ժողովրդի պատմական իրաւունքների խնդիրը հետապնդուէր Հայաստանի պետական քաղաքականութեան շրջանակներում: Այդ գործընթացը սակայն սահուն չընթացաւ: Որոշակի վերիվայրումներով հանդերձ Հայ Դատի տիրոյթները տեղ գտան Հայաստանի Անկախութեան Հռչակագրի (Կէտ 11) մէջ:

Այսօր ՀՀ իշխանութիւնները պատրաստւում են որոշակի զիջումների գնով «բարեկամանալ» Թուրքիոյ կառավարութեան հետ: Զիջումներ որոնց շարքին ենթադրւում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքների կասեցումն ու մեր պատմական իրաւունքներից հրաժարումը:

107 տարի առաջ իրագործուած անմարդկային ոճիրը արդեօ՞ք կարելի է պետականօրէն մոռացութեան մատնել ու այն ջնջել մեր պետական քաղաքականութեան հիմքերից:  107 տարի առաջ իրագործուած է անհատոյց և անպատիժ ոճիրը կարելի է՞ միջպետական որևէ պայմանագրով առք ու վաճառքի առարկայ դարձնել և յանուն մեր ապագայ սերունդների զիջե՞լ այն բոլորը, որ միայն մեզ և մեր սերունդին չեն պատկանում:

Պատասխանը պարզ է:  Հայ ժողովուրդն է Հայ Դատի իրաւատէրն ու տիրականը: Ոչ մի կառավարութիւն չի կարող մեր հայրենիքին ու ապագայ սերունդներին պատկանող իրաւունքները մոռացութեան տալ կամ էժան քաղաքական առևտուրի առարկայ դարձնել այն: Իսկ իւրաքանչիւր քայլ այդ ուղղութեամբ և ցանկացած ստորագրուած փաստաթուղթ նոյն վախճանն է ունենալու ինչ բոլշևիկեան «Հայպետհրատ»ի փոշեկալած օրացոյցը, որն այսօր ոչ մի արժէք չի ներկայացնում ու միմիայն յիշեցնում է մեր պատմութեան «մոխրագոյն և դժգոյն» օրերը:

Share