Յանուն մեր նահատակաց անջնջելի կտակի…

Յանուն մեր նահատակաց անջնջելի կտակի…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ, «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ


2015 թւականին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, Հայաշխարհը միաժամանակ ազգային-քաղաքական մի քանի նւաճում-վերելքներ արձանագրեց միջազգային բեմերում ու դիւանագիտական հարթակներում, զորօրինակ.

– Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումն իբրեւ քանակական ու որակական նորանոր ձեռքբերումներ՝ համաշխարհային մակարդակում,

– Նոյն 100-րդ տարելիցի օրը՝ 2015-ի Ապրիլի 24-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի յուշարձան այցելած տասնեակ երկրների բարձրաստիճան պատասխանատուների ու ղեկավարների հայանպաստ ու հայաստանանպաստ ներկայութիւնն ու զօրակցութիւնը,

– Եւ որ կարեւոր է՝ ներազգային ճակատում Հայաստան-Արցախ-Սփիւռք ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ռազմավարական նշանակութիւնը…:

Անշուշտ, վերոնշեալ ձեռքբերումներն հետագային ստեղծելու էին պարարտ ենթահող, որով բազմապատկւելու էր ողջ Հայաշխարհի Պահանջատիրական պայքարի ուժականութիւնը ընդդէմ թուրքական ժխտողականութեան։

Միւս կողմից էլ ազգային համընդհանուր նւաճմանը զուգահեռ Հայաստան երկիրը, որպէս պետական ինքնիշխան սուբեկտ եւս առաջընթաց էր արձանագրելու թէ՛ արտաքին եւ մասնաւորապէս Հարաւային Կովկասի քաղաքական-աշխարհագրական մրցակցութեան հարցում, եւ թէ՛ ապահովւելու էին պետական շահերը՝ ինչպէս առհասարակ ՀԱՅ ԴԱՏ-ի մօտակայ եւ հեռակայ նպատակների, այնպէս էլ ու մանաւանդ ԱՐՑԱԽ-ի հարցի հայանպաստ կարգաւորման մասշտաբներում։

Ահաւասիկ, Հայաշխարհի 100-ամեայ պահանջատիրական պայքարի էական արգասիքներից մէկը հանդիսացաւ հայ քաղաքական մտքում նոյն պայքարի նոր փուլ թեւակոխելը, առանցքում ունենալով ոչ միայն Թուրքիայի կողմից Եղեռնի ճանաչման-դատապարտումը, այլեւ մարդկային, հողային, նիւթա-տնտեսական ու քաղաքական-իրաւական հատուցումը։ Յիշենք հէնց նոյն ժամանակաշրջաններում ինչպէս Հայաստանի պետական, դիւանագիտական, պատմագիտական ու քաղաքական ինստիտուտներում, այնպէս էլ սփիւռքեան քարոզչական, քաղաքական, ազգային ու հասարակական շրջանակների մօտ ձեւաւորւում էր արդէն ՍԵՒՐ-ի 100-ամեայ դաշնագրի ու Վիլսոնեան Իրաւարար վճռի վերստին կեանքի կոչման ու հայութեան Պահանջատիրութեան էական դրոյթներից մէկի վերաիմաստաւորման կէտ-նպատակը։
* * *
…. Ու յաջորդիւ՝ 2016 թւականի Ապրիլեան քառօրեայով, ահա, ջախջախւում է ադրբեջանական ոտնձգութիւնը՝ հայոց քաջարի Բանակի հերոս-երիտասարդների սխրանքով, որն էլ թէ՛ տարածաշրջանային, եւ թէ՛ միջազգային մակարդակներում բնորոշւեց որպէս Հայաստան-Արցախի ռազմաքաղաքական նոր յաղթանակ… Յաղթանակ, որի շարունակման դէպքում խախտւելու էր նախ՝ անմիջական թշնամի երկու հարեւանների, ապաեւ սրանց մշտապէս աջակից միջամուխ մի շարք ուժային կենտրոնների էներգետիկ նաւթա-խողովակաշարային եւ շրջանային աշխարհաքաղաքական նկրտումների հաշւեկշիռը։

Ու տւեալ դէպքում նոյն ուժային կենտրոնների կողմից նպատակադրւում է թիրախաւորել տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեցող հայկական զոյգ պետութիւններին, կանխելու համար նրանց տարածաշրջանային հաշւառելի գործօն լինելու հանգամանքը…

Այդ նպատակը իրականացնելու նպատակայարմար պատրւակ համարւեց հայաստանեան ներքին՝ սոցիալ-տնտեսական խոցելի իրավիճակն ու դրա փոխարինումը՝ «Թաւշեայ յեղափոխութեամբ»…

Մնացեալն արդէն գիտի սիրելի ընթերցողը՝ անցնող քառամեայ ժամանակաշրջանում տեղի ունեցածների մասով, եւ այն որ այսօր՝ մեր բոլորի պահանջատիրական պայքարի 107-րդ տարելիցին որտեղ ենք կանգնած ազգովի, եւ որ ինչ իրողութեան դէմ-յանդիման ենք համազգայնօրէն, մեր հայրենի երկրով, չքնաղ Արցախ-Շուշիով, մեր կոտորակւած եռամիասնութեամբ, ազգային ու պետական շահերով ու անվտանգութեամբ եւ…եւ…

Էլ ուր մնաց Սեւրի վերաիմաստաւորումն ու մեր ՀԱՅ ԴԱՏ-ի Պահանջատիրական պայքարով համաշխարհային հանրութեան մէջ մեր արժանապատիւ տեղն ու հեղինակութիւնը վերականգնելու պարտաւորութիւնը…

Ահաւասիկ, մերօրեայ մարտահրաւէրը. մարտահրաւէր, որը կրկին ու կրկին մեզ՝ ազգովի ու համազգային կամքի ցուցադրմամբ, սկսեալ հէնց 107-րդ տարելիցից, կուղղորդի դէպի Պահանջատիրական պայքարի նոր հանգրւան, յանուն մեր բոլորի Հայրենի երկրի եւ մեր բոլոր նահատակների անջնջելի կտակի…

Share