«Այս անգամ Փաշինեանի ընդդիմախօսները բաւականին հիմնաւոր են պատրաստուել». ո՞ւմ է աջակցում Մոսկուան. Արեշեւ

«Այս անգամ Փաշինեանի ընդդիմախօսները բաւականին հիմնաւոր են պատրաստուել». ո՞ւմ է աջակցում Մոսկուան. Արեշեւ

Պարոն Փաշինեանի ու նրա կառավարութեան անմտածուած յայտարարութիւններն ու քայլերն ամրապնդում են ընդդիմութեան դիմադրութեան շարժումը, որն այլեւս դուրս է եկել «Հայաստան» ու «Պատիւ ունեմ» դաշինքների ընտրազանգուածի սահմաններից: Բողոքական ալիք են ներքաշւում բաւականին լուրջ սոցիալական շերտեր»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս կովկասագէտ Անդրեյ Արեշեւը՝ անդրադառնալով հայաստանեան ներքաղաքական զարգացումներին:

Անդրեյ Արեշեւի խօսքով, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ անսպասելի չէ, քանի որ Փաշինեանն ու նրա կառավարութիւնն այս տարիների ընթացքում ունեցել են ընդդիմութիւն, բաւականին դինամիկ պայքար, տարբեր ինտենսիւութեան բողոքի ակցիաներ:

«Ակցիաներ եղել են Փաշինեանի իշխանութեան տարբեր ժամանակներում, սակայն ամենաակտիւը եղել է 2021 թուականից սկսած: Այս տարի մինչ ապրիլի 25-ը եւս եղել են տարբեր բողոքներ, սակայն ապրիլի 25-ից սկսած այս ամէնը սկսեց աւելի համակարգային ու մասսայական բնոյթ կրել: Կառաւարութեան գործող ղեկավարն արել է ամէն ինչ, որպէսզի իր անմտածուած յայտարարութիւններով, տարատեսակ հակասական քայլերով վերացնի իր յեղափոխական շրջանի բարձր վարկանիշը: Մենք շարժումների որոշակի միտումներ տեսել ենք արդէն խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների շրջանում, երբ իշխանութիւնն ադմինիստրատիւ ռեսուրս էր կիրառում: Ես ուշադրութիւն դարձրի, որ ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը, իշխանութիւնը սահմանափակուեց շաբաթօրեակով, երբ կային խօսակցութիւններ, որ գործող կառավարութիւնն ամէն դէպքում մտածում է իր կողմնակիցներին փողոց դուրս բերելու մասին:

Սակայն պէտք է արձանագրել, որ ինչ-որ պատճառով դա չյաջողուեց, այդ թւում՝ օգտագործելով ադմինիստրատիւ ռեսուրս, որը գործող իշխանութիւնները միանշանակ կօգտագործեին: Սա փաստում է այն լուրջ խնդիրների մասին, որոնք ունի Կառավարութիւնը, որը չի կարողանում որեւէ լուրջ յաջողութիւն ցուցադրել որեւէ ոլորտում, տապալուել է բոլոր ուղղութիւններով: Մենք տեսնում ենք, որ տնտեսական իրավիճակը սրւում է, անմտածուած յայտարարութիւններն իրենց հերթին՝ աւելի են ամրապնդում դիմադրութեան շարժումը, որն այլեւս դուրս է եկել «Հայաստան» ու «Պատիւ ունեմ» դաշինքների ընտրազանգուածի սահմաններից:

Այս բողոքական ալիք են ներքաշւում բաւականին լուրջ սոցիալական շերտեր, ինչպիսիք են պատերազմի վէտէրանները, պատերազմում զոհուած զինծառայողների ծնողները, ուսանողները, իրավիճակը բաւականին լարուած է:

Ինձ մօտ տպաւորութիւն է ստեղծւում, որ իշխանութիւնը, այնուամենայնիւ, յոյսէր է կապում հասարակութեան շրջանում պահպանուող ապատիայի հետ, իսկ իրենց նախկին ակտիւ կողմնակիցների հետ յոյսէր կապել չէն կարող այնպէս, ինչպէս նախկինում: Թէ ինչի կեանգեցնի, բարդ է ասելը: Շատ է նաեւ ապատեղեկատուութիւնը, կայ տեղեկատուութիւն, թէ Փաշինեանն իր հակառակորդներին բանակցութիւններ է առաջարկում, կողմերը հերքում են, դեռ բարդ է ասելը՝ ինչով կաւարտուի, բայց երեւում է, որ Փաշինեանի ընդդիմախօսներն այս ամէնին բաւականին հիմնաւոր են պատրաստուել այս անգամ»,- ասաց Արեշեւը՝ շարունակելով, որ այս անգամ ընդդիմութեան նախաձեռնած շարժման թափն այլ է թւում:

Հարցին, թէ ինչպե՞ս է դիրքաւորուած Մոսկուան այս ամէնի հանդէպ՝ Անդրեյ Արեշեւը յիշեցրեց այն խօսակցութիւնները, որոնք տարածուեցին ապրիլի 19-ին Փաշինեանի Մոսկուայ կատարած պաշտօնական այցից յետոյ:

«Ես ուշադրութիւն դարձրի Հայաստանում տարածուող խօսակցութիւններին, որ այցը հարթ չի անցել, ուշադրութիւն դարձրի, որ Մոսկուայում Փաշինեանի պատուիրակութեան ներկայացուցիչների ասուլիս էր չեղարկուել: Բացառուած չէ, որ ինչ-որ առումով հայ-ռուսական բարձրաստիճան այս խնդրահարոյց մթնոլորտը եւս ազդում է տեղի ունեցող իրադարձութիւնների դինամիկայի վրայ: Ես նաեւ ուշադրութիւն կը հրաւիրէի այն հանգամանքի վրայ, որ այս ամենն ակտիւօրէն լուսաբանում է «Սպուտնիկ» գործակալութիւնը:

Կարծում եմ, որ իրավիճակը լրջօրէն փոխւում է, եւ Ուկրաինայում շարունակուող յատուկ օպերացիայի ֆոնին Ռուսաստանից պահանջւում է կոնկրէտութիւն, յստակութիւն այն մասով, թէ նա Հայաստանում ինչ գործընկերների հետ է աշխատում: Պարոն Փաշինեանի հետ կան յայտնի խնդիրները, որոնք ոչ երէկ, ոչ էլ երէկ չէ առաջին օրը չէն սկսուել: Միեւնոյն ժամանակ՝ չեմ կարծում, որ Ռուսաստանը բացայայտօրէն միջամտելու է Հայաստանի ներքաղաքական կեանքին»,- ասաց Արեշեւը:

Նրա կարծիքով, ՌԴ-ն Հայաստանում պէտք է աշխատի բոլոր կողմերի ու կազմակերպութիւնների հետ: Ռուս վերլուծաբանը նկատեց, որ սովորաբար ՌԴ-ն աշխատում է գործընկեր երկրների միայն իշխանութիւնների հետ, սակայն այդ քաղաքականութիւնն ապացուցեց իր սխալականութիւնը՝ ինչպէս Ուկրաինայում, այնպէս էլ՝ շատ այլ երկրներում:

«Ուստի ինձ թւում է, որ ՌԴ դիրքորոշումը կը լինի չէզոք սպասողական: Քիչ հաւանական է բացայայտ աջակցութիւն ընդդիմութեանը կամ իշխանութեանը: Ամէն դէպքում, կարծում եմ, որ ռուսական կողմը գործելու է կոնկրէտ իրավիճակներից ելնելով: Այն գործիչները, որոնք մասնակցում են ակցիաներին, շատ լաւ ծանօթ են Մոսկուային, ոչ պակաս, քան Փաշինեանը։ Ուստի տեսնենք՝ ինչ կը լինի յետոյ»,- ասաց Արեշեւը:

Share