Բաց նամակ սփիւռքի պառակտման յանձնկատարին

Բաց նամակ սփիւռքի պառակտման յանձնկատարին

Ռոբերտ Մարգարեան

Զարե՛հ,

Այս բաց նամակը կարող էր աւելի յարգալից դիմումով սկսուել: Բայց յարգանքը ոչ թէ ողորմութիւն են ստանում, այլ վաստակում են: Իսկ Կիպրոսում ՀՅԴ երկու անդամների քեզ հետ ունեցած տեսագրութիւնը մէկ անգամ եւս ապացուցեց, որ դու այդ յարգանքը չես վաստակել:

Դեռ նախադպրոցական շրջանից ի թիւս քաղաքավարութեան այլ կանոնների մեզ սովորեցրել են տարիքով աւագի հետ զրուցելիս պէտք է ոտքի կանգնել: Իսկ ինչպէս արձանագրուած է տեսագրութեան մէջ, հակառակ նրան որ քեզ հետ զրոյցի եկածները քեզ «դուք» էին դիմում, քեզ ոչ հայհոյում էին կամ վիրաւորում, դու ծայր աստիճան անյարգալից գտնուելով, նրանց դիմաց ոտքի կանգնելու նոյնիսկ փորձ չարեցիր: Մինչեւ 2018 թուականը սրճարաններում ու փաբերում մատուցող ու դիջէյ աշխատող կամ ակուարիոմում ձուկի դեր կատարող ՔՊ-ականներից ես ակնկալիք չունեմ: Բայց ախր դու մի փոքր տարբեր ես: Ուսանել ես Կալիֆորնիայի լաւագոյն համալսարաններում, մինչեւ 2018 թուականը հասցրել ես քաղաքապետ աշխատել, ԱՄՆ երկրորդ խոշոր քաղաքի քաղաքապետի հետ արտասահմանեան այցերի ես մասնակցել ու հաւանաբար այդ ընթացքում պիտի շատ բան սովորած լինէիր: Հետեւաբար ես քեզանից աւելին էի սպասում:

2020 թուականի նոյեմբերի 10-ի կապիտուլեացիայի ստորագրումից յետոյ Բըրբանքի քաղաքապետարանի դիմաց հանրահաւաքի ժամանակ ելոյթ ունենալիս ակամայից ձեռքս դրել էի տաբատիս գրպանն ու իրանահայ ձեր երկրպագուներից Տ.Դ.-ն ելոյթի բովանդակութիւնը թողած հենց այդ պահն էր արձանագրել ու փորձում էր ինձ քաղաքավարութեան դասեր տալ: Յոյսով եմ ձեր թիմակից Տ.Դ.-ն նաեւ քեզ էթիկայի տարրական դասեր տալով կյիշեցնի, որ անկախ դիմացի անձի հանդէպ վերաբերմունքից անհրաժեշտ է խօսելիս տարիքով աւագի դիմաց ոտքի կանգնել:

Քանի որ այս բաց նամակի նպատակը ոչ թէ քեզ տարրական էթիկայի դասեր տալն է, այլ այդ կարճ զրոյցի բովանդակութեանը, մասնաւորապէս Հայ Դատի կառոյցում քո գործունէութեանն ու նաեւ Արցախի դրօշի հետ կապուած դրուագին անդրադառնալը, հետեւաբար անցնենք առաջ ու սկսենք վերջինից:

Զարե՛հ,

Ասում ես Արցախի դրօշը միշտ դրուած է քո գրասեղանին: Հաւատում եմ: Հաւանաբար նոյնը կարող են յաւակնել քո միւս ՔՊ-ական գործընկերները: Բայց գիտե՞ս: Դրօշն առանց իր խորհրդանշած սուրբ գաղափարի ոչ այլ ինչ է եթէ ոչ գոյնզգոյն կտորների բաղադրութիւն, որը ոչինչ էլ չի նշանակում: Իսկ ես քեզ մի հարց ունեմ ուղղելիք: Քեզ համար որտեղի՞ց է սկսուում ու որտե՞ղ է աւարտուում այն Արցախի սահմանները, որի դրօշը դրուած է քո սեղանի վրայ: Մի պահ մոռանանք Քարվաճառը, Բերձորը, Կովսականը, Վարանդան, Ջրականն ու Ակնան: Արդեօք այդ քո պատկերացրած Արցախի սահմանների մէջ մտնո՞ւմ են Շուշին ու Հադրութը: Եթէ այո, ապա դու ի՞նչ գործ ունես այդ երկուսից հրաժարուած ու դրանք թշնամուն նուիրած կառավարութեան կազմում: Եթէ այո՛, ես պահանջում եմ այս պահին յստակ ու բարձրաձայն յայտարարես, որ Շուշին ու Հադրութն օկուպացուած են ու Ադրբեջանն օկուպացրել է դրանց: Իսկ եթէ չունես նման բան յայտարարելու համարձակութիւն, կամ ձեր թայֆայապետի նման դրանք ադրբեջանական ես համարում ապա դու երեսպաշտ խաբեբայ ես ու սեղանիդ դրուած Արցախի դրօշն էլ քեզ համար ընդամենը գոյնզգոյն կտոր է, որի հետեւում թաքնուում ես կեղծ հայրենասէրի դերում մտած, ինչպէս ՔՊ-ական քո միւս բոլոր գործընկերները:

Մինչեւ յաջորդ դրուագին անցնելը քո ու ընթերցողների թոյլտուութեամբ մի փոքր փակագիծ բացեմ:

Շատերին կարող է թուալ որ նման անսկզբունքայնությինը, երեսպաշտութիւնն ու ժամանակ առ ժամանակ տարբեր դրօշների յետեւում թաքնուելը շատերի պէս նաեւ քեզ մօտ 2018 թուականի ողբերգական իրադարձութիւնների բնական հետեւանքն են, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ հակառակ շատ ՔՊ-ականների ու ներկայ իշխանութիւնների երկրպագուների, այդ երեւոյթների արմատները քեզ մօտ շատ աւելի հեռուն են գնում:

2019 թուականին Հայաստանում պաշտօն ստանալուց յետոյ քո հակառակորդներից շատերը սոցցանցերում տարածեցին սեռային փոքրամասնութեան ծիածնագոյն դրօշի կողքին քո լուսանկարները ու քեզ յիշեալ համայնքի պաշտպան ներկայացրեցին: Բայց ի զարմանս բոլորի համացանցում մի փոքր որոնում անցկացնելով պարզուում է, որ մինչեւ Գլենդէլի քաղաքային խորհրդի անդամ ընտրուելը դու սոցցանցերում ակտիւօրէն հանդէս ես եկել սեռային, ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների դէմ վիրաւորական գրառումներով, իսկ 2013 թուականին Գլենդէլի քաղաքային խորհրդի անդամ ընտրուելուց յետոյ ինչ-որ խմբի ու անհատների կողմից (որոնք ի դէպ, իրենք էլ այնքան բարի պտուղ չեն) քո այդ գրառումները հիմք են ծառայեցուել քո դէմ արշաւ սկսելու համար: Իսկ դու վտանգուած տեսնելով քաղաքային խորհրդում քո պաշտօնը հեշտութեամբ հրաժարուել ես ամէն ինչից: Նախ յաւակնել ես թէ այդ ամէնը սարքել են քո գլխին ու յետոյ չգիտես ինչու այդ կապակցութեամբ քո իրաւունքները պաշտպանելու փոխարէն զղջացել ու ներողութիւն ես խնդրել քո գրառումների ու նախկին մօտեցումների համար: Ի դէպ, այս պատմութեանը 2013 թուականի մայիսի 1-ին անդրադարձել են նաեւ Los Angeles Times-ն ու CBS-ը (https://www.latimes.com/local/lanow/la-xpm-2013-may-01-la-me-ln-glendale-councilman-apologizes-20130501-story.html, https://www.cbsnews.com/losangeles/news/glendale-city-councilman-apologizes-for-past-racist-homophobic-vulgar-comments/) :

Փակենք այս թեման ու անցնենք առաջ:

Զարե՛հ,

Զրոյցի ժամանակ յոխորտում ես, որ հաւանաբար մենք չգիտենք թէ դու «Հայ Դատի ի՞նչ կառոյցների ես մասնակցել ու ինչե՞ր ես արել»:

Ես էլ քո պէս մասնակցել եմ Հայ Դատի աշխատանքներին ու մի շրջան էլ յանձնախմբի անդամ եմ եղել ու առաջին օրուանից մի բան լաւ եմ հասկացել, որ Հայ Դատի կառոյցներում «ես» չկայ ու այդտեղ գործում է հաւաքական «մենք»-ը: Որեւէ նուաճում կամ ձեռքբերում ոչ թէ իմը կամ քոնն է, այլ Հայ Դատի համաշխարհային կառոյցինն ու որեւէ մէկը դրանց վրայ ինքնահաստատուելու իրաւունք չունի:

Ամէն դէպքում իմանալու համար, թէ առանձնապէս Հայ Դատի յանձնախմբին անդամակցելով ինչ նուաճում ես արձանագրել որոշեցի դիմել ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի պաշտօնական կայքէջում տեղադրուած քո կենսագրութեանը: Ցաւում եմ, որ այդտեղ ոչ միայն նուաճումների, այլ ընդհանրապէս Հայ Դատի յանձնախմբին քո անդամակցութեան մասին որեւէ նշում չգտայ: Հաւանաբար ոմանց համար դա կարող է քո «համեստութեան» վառ ապացոյցը համարուել : Բայց ո՞նց կարելի է դա համեստութեան նշան համարել, եթէ կենսագրութեանդ մէջ նշել ես Գլենդէլ քաղաքի ամենատարբեր յանձնախմբերում զբաղեցրած մանր ու խոշոր պաշտօններդ, բայց ոչ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբին անդամակցութեան մասին: Հնարաւոր է, չէ՞, որ միւս պաշտօններիդ կողքին Հայ Դատին անդամակցութիւնը քեզ համար այնքան անկարեւոր է եղել որ նոյնիսկ մոռացել ես կենսագրութեանդ մէջ դրան անդրադառնալ:

Թէեւ դու որեւէ նշում չես կատարել, բայց քո այդ շրջանի գործունէութիւնից ես կարող եմ ինչ-որ դրուագ գուշակել: Չեմ կասկածում, որ 2009 թուականի հոկտեմբերին հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ որպէս Հայ Դատի ակտիւիստ դու նոյնպէս մասնակցել ես Լոս Անջելեսի «Բեւէրլի Հիլզ Հիլթոն» հիւրանոցի դիմաց Սերժ Սարգսեանի դէմ կազմակերպուած ցոյցին կամ առնուազն այդ կապակցութեամբ ակտիւութիւն ես ցուցաբերել: Մի խօսքով անտարբեր չես եղել: Ինձ հիմա աւելի շատ հետաքրքրում է այն, որ եթէ այսօր նիկոլ փաշինեանի կողմից կրկին հրապարակ բերուած նոյն օրակարգի դէմ ցոյց կազմակերպուի որ կողմում կանգնած կլինի ժամանակին Հայ Դատի կառոյցներին անդամակցած Զարեհ Սինանեանը: Մեր տեսակի դէպքում ես որեւէ կասկած չունեմ: Մենք թէ Սերժի օրօք ու թէ այսօր՝ նիկոլի օրօք, նոյն կողմում ենք կանգնած եղել: Իսկ դու ի՞նչ:

Ի դէպ, կենսագրութիւնդ ընթերցելով մի նոր բան էլ յայտնաբերեցի: Այն որ հայ ժողովրդի մէջ բաժանարար գծերը նիկոլից առաջ դու ես գծել:

Անկեղծ իմ համար անհասկանալի է մնում քո կենսագրութեան մէջ տեղ գտած այն ձեւակերպման իմաստն ու նպատակը, որ դու «Հայաստանում ծնուած» առաջին քաղաքական գործիչն ես ով Գլենդէլի քաղաքային խորհրդի անդամ ու յետոյ քաղաքապետ է ընտրուել: Կարո՞ղ ես բացատրել, որ Հայաստանում ծնուած լինելը քեզ ինչ իւրայատուկ առանձնայատկութիւն է փոխանցել, որով դու բացառուել ես քեզ նախորդած ու յաջորդած Գլենդէլ քաղաքի խորհրդի անդամ ու նաեւ քաղաքապետ ընտրուած միւս տասնեակ հայերից: Պիտի ներես համարձակութեանս համար: Բայց այդ ձեւակերպումով դու բաժանարար աններելի ու ամօթալի գիծ ես քաշել Հայաստանում ծնուած ու սփիւռքում ծնուած հայերի միջեւ:

Զարե՛հ,

Գիտեմ այս բաց նամակը շատ երկարեց ու այս օրերին նման երկար գրութիւններ կարդալու ոչ հաւէս ու ոչ էլ ժամանակ կայ: Բայց չեմ կարող այս նամակն աւարտել առանց անդրադառնալու վերը յիշատակուած տեսագրութեան հետ չառնչուող, սակայն քեզ հետ կապուող եւս կարեւոր մէկ այլ թեմայի:

Տարիներ շարունակ նախկիններին մեղադրել ես թալանչիութեան, կոռուպցիայի, տնտեսական անթափանցիկութեան ու …. մէջ:

Անկեղծ ասած մինչ այսօր էլ չեմ կարողանում հասկանալ, որ 1988 թուականին ԱՄՆ արտագաղթած ու անցած 34 տարիների ընթացքում մշտապէս այդ երկրում բնակուած Զարեհ Սինանեանից ու նրա ընտանիքից Հայաստանում իշխանութեան ղեկին գտնուող «նախկինները» ի՞նչ կարող էին թալանած ու գողացած լինել: Բայց դա այլ թեմա է:

Ինձ հիմա աւելի շատ հետաքրքրում է որպէս Հայաստանում պետական պաշտօն զբաղեցնող անձ քո ներկայացրած յայտարարագրերը (http://cpcarmenia.am/hy/declarations-registry/user_id=20784/):

Հակառակ ձեզ ես օտարի փողերը հաշուելու ոչ սովորութիւն ու ոչ էլ ցանկութիւն ունեմ: Բայց ամէն անգամ երբ քեզ ինչ-որ պատճառով քննադատում ենք, մեզ յանդիմանում են, թէ «Չէք ամաչում: Մարդն Ամերիկայում բարեկեցիկ կեանքը թողել, եկել, Հայաստանում ծառայում է մեզ»: Բայց այս դէպքում էլ փաստերն այլ բանի մասին են վկայում:

Հիմք ընդունելով հանրութեան համար հասանելի քո եւ քեզ հետ փոխկապակցուած անձերի յայտարարագրերը պարզուում է, որ ձեր ընտանիքի դէպքում «բարեկեցիկ պայմանները» նոյնութեամբ շարունակուում են: Անշուշտ դա ձեր իրաւունքն ու ձեր վաստակածն է, բայց խնդրում եմ  այդ հարցով այսուհետ մեր գլխին «մուննաթ» չգալ:

Ինձ նաեւ հետաքրքրում է այն, որ քո ծնողների 2021 թուականների յայտարարագրերը պաշտօնական ժամկէտից (մայիսի 31) երկու ամիս անց դեռ հրապարակուած չեն, իսկ կնոջդ յայտարարագիրը հրապարակուել է մէկ ամիս ուշացումով:

Ինձ համար օրինակ հետաքրքիր է այն, որ 2020 թուականի աւարտին Հայաստան փոխադրուած ու ԱՄՆ-ում ամսական մի քանի հազար դոլար կենսաթոշակով ապահովուած ծնողներդ դեռ 2019 թուականից միաժամանակ վայելել են Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան սոցիալական ապահովութեան ծառայութիւնց ստացած մի քանի հազար դրամ կենսթոշակը:

Եւ ի վերջոյ, նոյն այդ յայտարարագրերը չեն պարզում, թէ ի՞նչ եղաւ 2020 թուականին Գլենդէլում ձեր տան վաճառքից գոյացած 2 միլիոն 750 հազար դոլարի ճակատագիրը, որը նախորդ տարի յայտարարագրուած է եղել կնոջդ ու ծնողներիդ հաշուին, իսկ այս տարի կնոջդ բաժինն անհետացել է յայտարարագրից, իսկ ինչպէս նշեցի ծնողներիդ յայտարարագրերը դեռ չկան: ԱՄՆ-ում բանկային հաշուից այդ խոշոր գումարը չի կարող առանց բացատրութեան միանգամից անհետանալ: Դա կամ վերածուել է անշարժ գոյքի կամ արժեթղթի, իսկ դրանց մասին էլ ոչ մի տեղ նշում չկայ:

Ես ոչ մի գնահատական չեմ տալիս: Ինքդ ասա: Նախկինների մօտ նման երեւոյթը դու ի՞նչ կանուանէիր:     

Զարե՛հ,

Խոստովանում եմ, որ ասելիքներ շատ կան ու չգիտեմ այս բաց նամակն ինչպէ՞ս աւարտել:

Հետեւաբար դա թողնում եմ անաւարտ: Այն յոյսով որ դա շարունակելու եւ աւարտին հասցնելու առիթ ու պատճառ այլեւս չի լինի:

Share